«ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԻ ԶԲԱՂՎԵԼ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ՄԻ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
-Պարոն Թորոսյան, Ձեր պաշտոնավարման օրերին Դուք եղե՞լ եք այն հինգ-վեցի մեջ, որոնք տեղեկացված են ղարաբաղյան խնդրին:
-Պաշտոնավարման ողջ ընթացքում ես լիարժեք տեղյակ եմ եղել ցանկացած խնդրի, որը եղել է իմ սահմանադրական լիազորությունների շրջանակում:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում` 98-ից այս կողմ:
-Հարցն անչափ տարողունակ է հարցազրույցի շրջանակում համապարփակ գնահատական տալու համար: Իսկ եթե մեկ նախադասությամբ,՝ապա տարբեր վայրիվերումներ են եղել Ձեր մատնանշած ժամանակահատվածում, սակայն, որպես սկզբունքային փոփոխություն, որն էապես ամրապնդել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը, պետք է արձանագրել ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որպես կարգավորման սկզբունքներից մեկը, ինչը դեռ բավարար չէ լավ արդյունք ակնկալելու համար: Անհրաժեշտ է ամենօրյա համակողմանի լուրջ և մասնագիտական աշխատանք` այդ կարևոր ձեռքբերումն ամրապնդելու և ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն ապահովելու համար: Ցավոք, նման աշխատանք արվում է միայն առանձին անհատների նախաձեռնությամբ, այլ ոչ որպես պետական քաղաքականություն:
-Ղարաբաղյան խնդրի շուրջ այսօրվա ողջ ինտրիգն այն է, թե ավելի լուրջ փաստաթուղթ, քան մոսկովյան հռչակագիրն է, կստորագրվի՞ կողմերի միջև Վաշինգտոնում, թե՞ ոչ: Բայց նախ` ինչպե՞ս եք գնահատում մոսկովյան հռչակագիրը:
-Եթե շատ կարճ, ապա խնդրի արդարացի կարգավորման համար ոչ օգտակար, անգամ` վնասակար: Կարծում եմ` այդ փաստաթուղթն առաջին հերթին անհրաժեշտ էր Ռուսաստանին, և Ռուսաստանն իր բոլոր խնդիրները, որ այդ հանդիպման առնչությամբ դրել էր իր առաջ, լուծեց: Ցավոք, այս անգամ ևս` մեր հաշվին:
-Չէ, իր առջև դրված ոչ բոլոր խնդիրները լուծեց Ռուսաստանը։ Լավրովը նախ ծանր ու մեծ, Կրեմլի կողմից վերահսկվող մամուլում խոսեց գրավյալ յոթ շրջանների հետվերադարձի մասին, ապա խաղաղապահների մասին ասաց, որ պայմանավորվածություն է եղել Ալիևի և Քոչարյանի միջև` ռուս խաղաղապահների հաշվով, ինչը պետք է «շարունակել», ապա` Ռուսաստանը ցանկանում էր ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը փոխել և դառնալ հակամարտության միակ միջնորդ... շատ ռուսական ցանկություններ կարելի է թվարկել, որոնք այդպես էլ չիրականացան: Բավարարվենք այսքանով:
-Նախ, Լավրովի հարցազրույցին ես արդեն անդրադարձել եմ: Դրանում ամենաուշագրավ հատվածն այն էր, ուր Ռուսաստանի արտգործնախարարը խոսում էր Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության մասին և Հայաստանին առաջարկում համաձայնության գալ հակամարտության կարգավորման մնացած երկու-երեք հարցերի վերաբերյալ ու Թուրքիայից ստանալ «կյանքի ճանապարհ»: Երկրորդ, Ռուսաստանը երբեք չի փորձել փոխել Մինսկի խմբի ձևաչափն ու դառնալ միակ «միջնորդ», քանի որ նման բանի ոչ ոք չի համաձայնի: Ինչ վերաբերում է ընդունված հռչակագրին, որի մասին էր նախորդ հարցը, ապա դրա ի հայտ գալը ղարաբաղյան խնդրի բուն կարգավորման հետ կապ չունի: Ռուսաստանը մի նպատակ էր հետապնդում. նախ` ցույց տալ, որ մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում և երկրորդ` որ ինքը տարածաշրջանում հարցեր է լուծում ոչ միայն զենքի ուժով, այլև խաղաղ բանակցությունների ու քննարկումների միջոցով:
-Փորձագետները պնդում են, որ մոսկովյան այդ փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում` թե ֆորմալ, թե բովանդակային առումներով, բայց զրույցը շարունակենք մեկ այլ «փաստաթղթի»` Վաշինգտոնում սպասվելիքի շուրջ. ըստ Մեթյու Բրայզայի` այն մեծ համաձայնագիր չի լինի, բայց սկզբունքներ հաստատ «կպարունակի»: Կարծո՞ւմ եք:
-Նախ, Հայաստանում ղարաբաղյան հակամարտության հարցով լուրջ փորձագետները շատ քիչ են, թեև շատերն են սիրում դեմքին լուրջ արտահայտություն տալով` մակերեսային դատողություններ անել այդ թեմայով: Կարծում եմ` բազմաթիվ առիթներ ենք ունեցել տեսնելու, թե Բրայզայի խոսքերն ինչպես և որքան են «համապատասխանում» բուն իրականությանը: Խնդրի «կարգավորման» փաստաթուղթ, եթե նկատի է առնվում այնպիսին, ինչպիսին ստորագրվեց Մոսկվայում, կարող է ստորագրվել ինչքան ուզեք: Բայց խնդրի կարգավորումը դրա հետ ոչ մի կապ չունի: Այն շատ հեռու է: Իլհամ Ալիևը չի ստորագրի Լեռնային Ղարաբաղին անկախության հանրաքվեի հնարավորություն տվող որևէ փաստաթուղթ, եթե հայկական կողմը շարունակի անփույթ ու վտանգավոր վերաբերմունքը ստորագրվող փաստաթղթերի նկատմամբ: Եթե Հայաստանը ցանկանում է, որ որևէ մեկը լուրջ վերաբերմունք ունենա Արցախի ինքնորոշման իրավունքին, ապա չպետք է առանց ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության փաստաթղթեր ստորագրի հակամարտության կարգավորման մասին: Հայաստանի իշխանություններն ուզում են դա, թե ոչ, բայց նման փաստաթղթերի ստորագրումը, այսինքն` արցախահայության ճակատագրի որոշումն առանց ԼՂՀ ներկայացուցչի, ինքնորոշման իրավունքի ոտնահարում է:
-Դե, հիմա դուրս է գալիս, որ խնդրի կարգավորման շուրջ այս ողջ «աժիոտաժը», նուրբ ասած` ակտիվացումը, ծառայեց ոչ միայն Ռուսաստանի, այլև Սերժ Սարգսյանի շահերին: Այն առումով, որ պաշտոնավարման վեց-յոթ ամիսների ընթացքում նա` էլ «Իշտոյանա վիդել, կոսմոնավտով վիդել...», այն է` երեք անգամ հանդիպեց Մեդվեդևին, մեկական անգամ՝ Սարկոզիին, Բարոզոյին, Սոլանային, առաջիկայում` Բուշի՞ն... Խոշորամասշտաբ լեգիտիմացումն էլ ո՞նց է լինում։ Այդպես չէ՞:
-Ո՛չ: Որևէ պետություն կասկածի տակ չի դրել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, այդ հարցադրումը Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ արհեստական է: Ավելին, որևէ երկրում ընտրության արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված է ընտրական գործընթացների որակով, այլ ոչ թե որևէ, այդ թվում և ազդեցիկ երկրների ղեկավարների վերաբերմունքով: Եվ երկրորդ, իհարկե, ակտիվություն կա ղարաբաղյան հարցում, ինչն այս դեպքում ոչ այնքան Հայաստանի նախագահի, որքան արտաքին քաղաքական գործընթացների հետ է կապված: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է գնահատվի արդյունքներով, այլ ոչ թե գործընթացով: Ցավոք, արտաքին քաղաքական այդ մեծ խաղում բոլորն օգուտներ են քաղում` Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը... բացի Հայաստանից: Քարոզչական ինչ-ինչ արդյունքներ կան, բայց ոչ ավելին: Հեռանկարային, շարունակական արդյունքներ Հայաստանն այսօր այդ ուղղությամբ իսկապես չունի:
-Իսկ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը` թե՛ արտաքին, թե՛ ներքին:
-Կարծում եմ` ճիշտ կլինի հանրապետության նախագահի գործունեության ընդհանրական գնահատականները տալ, թերևս, եկող տարվա գարնանը: Ինչ վերաբերում է կոնկրետ Ղարաբաղի հարցին, ապա դրան անդրադարձել եմ մի քանի շաբաթ առաջ` տարածաշրջանային զարգացումներին նվիրված հոդվածում ներկայացնելով իմ եզրահանգումները: Թերևս, առաջիկայում կարիք կլինի առանձին հոդվածով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքին և հեռանկարներին:
-Ամփոփենք թեման. 98-ին` Տեր-Պետրոսյան-Քոչարյան, 2008-ին` Քոչարյան-Սարգսյան անցումները, ի վերջո, ի՞նչ են գրանցում. ռեգրե՞ս, թե՞... Բանն այն է, որ անցումների-շրջադարձերի այդ փուլերում միջազգային հանրությունը մեկ էլ վերցնում ու, կարելի է ասել, այնպիսի արհեստական ակտիվացում է դրսևորում, որ զարմանալ կարելի է: Եվ սա այն դեպքում, երբ ո՛չ 98-ին, ո՛չ հիմա նույն միջազգային հանրությունն առաձնապես շահագրգռված չէ հարցի վերջնական լուծմամբ:
-Հարցադրումը խիստ տարողունակ է, և համեմատություններ կատարելու համար մեկ հարցազրույցի սահմանները հաստատապես բավարար չեն: Նաև չեմ ուզում Ձեր մատնանշած ժամանակաշրջանները համեմատել միմյանց հետ ոչ միայն այդ պատճառով, այլև այն, որ, իսկապես, ամեն ինչ բացարձակապես տարբեր է: 98-ին նախագահի փոփոխություն տեղի ունեցավ հենց Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված: Մյուս կողմից՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում, մեկ այլ առանձնահատկություն ունի, և դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Տարածաշրջանում առկա այլ հակամարտությունների առնչությամբ ծագած օգոստոսյան հնգօրյա պատերազմն ստեղծեց նոր իրավիճակ, ռուս-ամերիկյան հարաբերությունները հասան ծայրահեղ լարվածության, Ռուսաստանի նոր նախագահի համար ինքնադրսևորման ժամանակաշրջան էր, ավարտվում է ԱՄՆ-ի նախագահ Բուշի լիազորությունների ժամկետը, փոխվել են Հայաստանում արտաքին քաղաքականության երկու հիմնական դերակատարները` ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը: Այս պարագայում միջազգային հանրության հետաքրքրության զգալի փոփոխությունը միանգամայն բնական է:
-Վեկտորային փոփոխությո՞ւնը նկատի ունեք: Ասենք` Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը շատ ավելի ազատակա՞ն է, քան Գյուլին «աչքով-աչք» տեսնել չկամեցող Ռոբերտ Քոչարյանինն էր:
-Արտաքին և ընդհանրապես ցանկացած քաղաքականություն պետք է գնահատել ոչ թե ըստ կիրառվող մեթոդների ու մեխանիզմների, այլ արդյունքների տեսակետից: Եթե Ձեզ համար կարևոր է գործընթացը և ոչ թե արդյունքը, ապա, իհարկե, վերջին շրջանում այդ քաղաքականությունը շատ ավելի ակտիվ բնույթ է կրում: Բայց արդյունքների տեսանկյունից ձեռքբերումներ չկան:
-Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել: Մի տեղից պետք է սկսվի՞, թե՞ ոչ:
-Իհարկե, ամեն բան մի տեղից պետք է սկսվի, սակայն շատ ավելի կարևոր է, թե սկսելով մի բան, ինչ ճանապարհով և ուր ենք գնում, դեպի ինչ նպատակ, և, ի վերջո, ինչ է դրվում այդ ամենի հիմքում:
-Ի՞նչ է դրվում այդ ամենի հիմքում:
-Կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ հիմքերը դնում են:
-Պարոն Թորոսյա՜ն, Դուք դեռ նեղացա՞ծ եք Սերժ Սարգսյանից:
-Մի՞թե նման տպավորություն ունեք: Թեև չեմ կարող չհամաձայնել, որ Հայաստանում պետական այրերի հարաբերությունների հիմքում տնավարությունն է, սակայն սա այդ դեպքը չէ: Ընդհանրապես, քաղաքականության մեջ նեղանալը լուրջ բան չէ:
-Այո, բայց մի հարց, այնուամենայնիվ, մնաց չպարզաբանված. ինչո՞ւ, բոլոր դեպքերում, նման քայլի դիմեց (ընտրովի մարմնի` ԱԺ նախագահի փոփոխություն) Սերժ Սարգսյանը, երբ դա, առաջին հերթին, կարող էր լուրջ վնաս հասցնել հենց իր իմիջին և, կարծես, հասցրեց էլ:
-Կատարվածի պատճառներն ինձ համար պարզ են, և դրանց մասին ես արդեն արտահայտվել եմ: Եթե չպարզաբանված հարցեր են մնացել Սերժ Սարգսյանի առնչությամբ, ապա Ձեր հարցերի պատասխանները պետք է ակնկալեք հանրապետության նախագահից:
-Կակնկալենք: Մեկ բան էլ. տեղյա՞կ եք, որ ՀՀԿ-ից Ձեր դուրս գալու նույն օրը Սերժ Սարգսյանը «հրահանգել» է` «որևէ մեկը հանկարծ չդիպչի Թորոսյան Տիգրանի խաթրին, նա եղել է մեր ընկերը, մեր գործընկերը, և պետք է այդ նիշը միշտ պահել»: Ինչպե՞ս դասավորվեցին Ձեր հարաբերությունները նախագահի և մնացած բոլորի հետ:
-Նախ, քաղաքական բանահյուսությանը վերաբերվում եմ հումորով: Ինչ վերաբերում է «նիշին», ապա անցած հինգ-վեց ամիսների ընթացքում ոմանց բարոյական անկումը գերազանցել է բոլոր պատկերացնելի սահմանները: Փոխհարաբերությունների մասին: Վերջին երկու ամիսներին Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել: Ընկերներիս հետ ամեն ինչ նույնն է: Ընկերությունը կուսակցական հիմք չի ունենում: Այլ մարդկանց, ում հետ միակ ընդհանրությունը կուսակցական պատկանելությունն էր, որևէ առնչություն չունեմ և չեմ ուզում ունենալ:
-«Այլ մարդիկ» ովքե՞ր են, պարոն Թորոսյան:
-Ոմանք` կուսակցությունում և խմբակցությունում:
-Մի ասեք` «չեմ պատասխանում այդ հարցին». ինչպե՞ս եք գնահատում արդեն երկու-երեք ամիս աշխատող Ձեր իրավահաջորդի գործունեությունը ԱԺ նախագահի պոստում:
-Չեմ ուզում գնահատել, որովհետև համարում եմ, որ ԱԺ նախագահի գործունեությունը հասարակությունը պետք է գնահատի: Վերջին երկու ամիսներին բազմաթիվ մարդկանց հետ հանդիպումների արդյունքում դրանում ավելի եմ համոզվել:
-Պարոն Թորոսյան, խորհրդարանի նախագահ եղած ժամանակ Դուք բավականին գումարներ էիք խնայել ԱԺ-ում. ի՞նչ նպատակով էիք խնայում այդ գումարները:
-Հատուկ խնայողություն անելու ցանկություն չեմ ունեցել: Հակառակը, վատնումներին և անիմաստ ծախսերին եմ դեմ եղել, դրա արդյունքում են գումարներ խնայվել: Դրանք պետական միջոցներ են և պետք է ծախսվեն նախ` ըստ նշանակության և ապա` խիստ արդյունավետ: Օրինակ, եթե նկատեցիք, ես դեմ քվեարկեցի պատգամավորի օգնականի վճարովի կարգավիճակին:
-Դարձյալ խնայում եք:
-Չեմ խնայում։ Ես կողմնակից եմ, որ պատգամավորներն ունենան բարձր որակավորմամբ օգնականներ, որոնց պետք է վճարել, քանի որ ցանկացած աշխատանք պետք է համապատասխան վճար ունենա: Բայց խորհրադարանը պարտավոր է ամբողջական հայացքով նայել ամեն ինչին: Բերեմ մեկ օրինակ: Ակադեմիական ինստիտուտների բաժինների վարիչները ստանում են յոթանասուն հազար դրամ: Պետական կառավարման համակարգի վարորդները ստանում են ավելի բարձր աշխատավարձ: Ես դեմ չեմ, որ վարորդները ստանան բարձր աշխատավարձ, բայց մի՞թե գիտնականները նրանցից էլ պակաս պետք է վճարվեն: Հիմա էլ ԱԺ պատգամավորի օգնականը պետք է ստանա հարյուր հազար դրամ: Այն դեպքում, երբ բոլորի համար ակնհայտ է, որ լավագույն դեպքում աշխատելու են նրանցից տասը կամ քսանը։
-Պարոն Թորոսյան, իսկ Դուք չէի՞ք կարող այս գորգերը փոխել:
-(Լայն ժպտում է- հեղ.): Ինձ նախկին գորգերն ավելի էին դուր գալիս. թե՛ ավելի գեղեցիկ էին, թե՛ ավելի որակյալ, միայն մի քանի տեղերում քիչումիչ մաշվել էին: Բայց չեմ կարծում, թե դա ամենակարևոր հարցն է, որի մասին պետք է խոսել ԱԺ-ի առնչությամբ: Ի դեպ, ասեմ, որ երբ ես թողեցի ԱԺ նախագահի պաշտոնը, 250 մլն դրամի խնայողություն ևս կար:
-Խոսենք ոչ «մանր» թեմաներից։ Ի՞նչ եք կարծում` հետ կգա՞ Քոչարյանը, և եթե գա` ի՞նչ կարգավիճակով:
-Կարծում եմ՝ լավ գիտեք, որ ես գուշակություններով չեմ զբաղվում: Եթե Քոչարյանը որոշի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ոչ մի արտառոց բան չի լինի: Հեշտ է նկատել, որ անգամ Հայաստանում նման դեպքերը քիչ չեն: Բայց, իհարկե, ինքն է որոշում` զբաղվել, թե չզբաղվել քաղաքականությամբ: Ակնհայտ է, որ մեծ ջանքեր են գործադրվում Քոչարյանի կերպարը դիվայնացնելու ուղղությամբ: Ընդ որում, հեշտ է նկատել, որ դա արվում է և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից: Սա մերժելի երևույթ է:
-Իսկ ինչո՞ւ են անում... Մի անեկդոտ հիշեցնեմ. երեխան դրսից լացելով տուն է մտնում ու մորը թե. «Մա՜մ, ինձ դրսում ասին` Քոչարյան»: «Պա՛հ, դու բան չէիր արել, քեզ ասին` Քոչարյա՞ն», արձագանքում է մայրը:
-Հարցրեք անողներին:
-«Խստորեն» հասկացանք: Պարոն Թորոսյան, Դուք լավ հարաբերությունների մեջ էիք նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. պահպանվո՞ւմ են այդ հարաբերությունները:
-Իսկ ինչո՞ւ չպետք է պահպանվեն: Ես իմ հարաբերությունները չեմ կառուցում իմ կամ դիմացինի զբաղեցրած պաշտոնի հիմքի վրա: Տիգրան Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունեմ շատ վաղուց` 96-ից, երբ ես պետական պաշտոն չէի զբաղեցնում:
-Մի վերջին` տաք-լրագրողական հարց։ Դուք Ձեր արժեհամակարգով շատ ավելի մոտ եք գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի՞ն, թե նախկին վարչապետ, էքսնախագահ Քոչարյանին:
-Յուրաքանչյուրի արժեհամակարգը հետաքրքիր է ինքնին, ընդ որում, կարևոր է, թե հասարակությունն ինչպես է ընկալում այն:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ