«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵ՞Զ»
Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզ», և այսպիսով պարզ դարձավ, որ շուտով հայ-թուրքական սահմանի բացումը կդառնա իրականություն։ «Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը» հարցով դիմեցինք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։
-Քաղաքականության մեջ ամեն ինչ գին ունի,- մանրամասնեց պարոն Հովհաննիսյանը,- և ես անձամբ հեռու եմ հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ Հայաստանում այսօր իշխող շրջանակների «հորթային հրճվանքը» կիսելուց, մանավանդ ակնհայտորեն տեսնելով, որ այդ հրճվանքը հիմնված է ոչ թե ճշգրիտ հաշվարկի, հայկական կողմի օգուտների և դրանց դիմաց պատասխան քայլերի կշռադատման, այլ «խաղաղության կուսակցության» դափնիները նվաճելու մարմաջի վրա։ Կարծես թե Սերժ Սարգսյանը տասը տարի անհամբեր սպասել էր իր աստեղային ժամին, երբ վերջապես կկարողանա իր ճակատից ջնջել «պատերազմի կուսակցության» պիտակը և երբեմնի շեֆի ձեռքից խլել «խաղաղության կուսակցության» դրոշը։
Կասկած չի հարուցում, որ իբր նժդեհական, բայց իրականում ՀՀՇ-ականից էլ ՀՀՇ-ական հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կշտապեն հայտարարել, որ այն արդյունքին, որին Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն ձգտում էին, բայց չկարողացան հասնել սեփական իշխանության ութ տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանը հասավ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Այսօր միանգամայն կանխատեսելի է նաև, որ Սերժ Սարգսյանը կարող է ցուցաբերել մեծահոգություն իր երբեմնի շեֆի նկատմամբ և Լևոն Տեր-Պետրոսյանին, որպես հայ-թուրքական մերձեցման ռահվիրայի, հնարավորություն ընձեռել ստանձնելու Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ նրա ղեկավարած ՀԱԿ-ին, դաշնակցության հետ, կընդգրկի մի նոր կոալիցիոն` «ազգային համաձայնության» կառավարության կազմում։ Այդպիսի «հեփի էնդը» իրատեսական է, եթե հաշվի առնենք կոալիցիոն կերակրատաշտի վճռորոշ դերը ժամանակակից հայ իրականության մեջ։
-Պարոն Հովհաննիսյան, տպավորությունն այնպիսին է, որ ամենևին ոգևորված չեք այն իրողությամբ, որ շատ շուտով վերջ կդրվի Հայաստանի մեկուսացմանը։
-Եթե մենք մի ազգ ենք, որը հանդուրժում է համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին «առանց նախապայմանների» թուրքերի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե մենք մի ազգ ենք, որը պատրաստ է անձնուրաց ընկնել ինքնախաբեության գիրկը` «չհասկանալով» այդ համաձայնագրի հիմքում ընկած զարհուրելի նախապայմանների կատարման անխուսափելիությունը, եթե մենք մի ազգ ենք, որի քաղաքական էլիտան ամբողջությամբ այլասերված է և լավ ապրելը պատկերացնում է թուրքերի հովանու ներքո, կերակրատաշտի կողքին խաղաղ որոճալու տեսքով, ապա ես բոլորին շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական սահմանի բացման, մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, «մեր հայրենիքը չհանդիսացող օկուպացված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելու և այդ միջոցով մեր 29,8 հազ. կմ2 «իսկական հայրենիքում» հերթական կոալիցիոն` «ազգային համաձայնության» կառավարության շուտափույթ ստեղծման կապակցությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ «ազգային համաձայնություն» է մեզ սպասում. Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Արթուր Բաղդասարյանը կողք կողքի կանգնած կերգեն. «Մեր հայրենիք, թշվառ, անտեր»։ Իսկ ես ֆոյեում պատվո պահակ կկանգնեմ իրենց պատվին բերված մի մեծ ծաղկեպսակի կողքին...
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ