«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մարդկանց պատմությունը՝ երեք բառով

Մարդկանց պատմությունը՝ երեք բառով
24.05.2024 | 06:50

Երբ պատանի Զեմիր արքայազնը հոր մահից հետո ժառանգում է պարսկական գահը, կանչում է թագավորության բոլոր գիտնական այրերին և ասում.

- Իմ դաստիարակ իմաստուն Զեբն ինձ ներշնչել է, որ աշխարհի տիրակալներն այդքան հաճախ մոլորության մեջ չէին ընկնի, եթե դաս առնեին անցյալից: Ուստի ես կամենում եմ ուսումնասիրել ժողովուրդների տարեգրությունը: Հրամայում եմ կազմել համաշխարհային պատմության լիակատար ժողովածուն:

Գիտնականները քսան տարի անց թագավորի պալատ են գալիս տասներկու ուղտից բաղկացած քարավանով և զեկուցում, որ վեց հազար հատորանոց համաշխարհային պատմությունը պատրաստ է:

Արքան պատասխանում է.

- Ես հույժ զբաղված եմ պետական գործերով, ու նաև, մինչ դուք գրում էիք, հասցրել եմ մոտենալ ծերությանը: Սույն ժողովածուն մենք կպահենք մեր թագավորական գրապահոցում, իսկ ինձ համար պատրաստեք սեղմ շարադրանք:

Պարսկաստանի ակադեմիկոսներն աշխատում են ևս քսան տարի և արքային ներկայացնում երեք ուղտ բարձած հազար հինգ հարյուր հատորը:

- Ես սա չեմ կարող կարդալ,- ասում է տիրակալը:- Ես ծեր եմ, նման տևական ձեռնարկումն իմ տարիքի համար չէ: Դարձյալ կրճատեք և շտապե՛ք:

Գիտնականները մի տասը տարում կազմում են համաշխարհային պատմության սեղմ շարադրանքը և, երիտասարդ փղի մեջքին բարձած, բերում պալատ:

- Եթե ուզում եք, որ մինչև մահս իմանամ մարդկային ցեղի պատմությունը, ավելի՛ կրճատեք,- ասում է թագավորը:

Հինգ տարի անց ակադեմիայի ծերացած մշտական քարտուղարը, ոտքերը հազիվ քարշ տալով, դարձյալ պալատ է գալիս՝ մի փոքրիկ իշուկի մեջքին դրած վիթխարի մի գիրք:

- Շտապե՛ք,- նրա ականջին շշնջում է պալատականներից մեկը,- արքան մահամերձ է:

Եվ իրոք, թագավորը պառկած էր մահվան մահճում: Տեսնելով ակադեմիկոսին՝ տիրակալը հոգոց է հանում.

- Այդպես էլ ես կմեռնեմ՝ առանց իմանալու մարդկանց պատմությունը:

- Տե՛ր իմ,- պատասխանում է գիտնականը, որն ինքն էլ էր զգում իր մոտալուտ մահը:- Մարդկանց պատմությունը ես ձեզ կասեմ երեք բառով՝ նրանք ծնվում են, տառապում և մահանում:

Անատոլ Ֆրանս. «Պարոն Ժերոմ Կուանյարի դատողությունները»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7046

Մեկնաբանություններ