2015 թվի հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցավ սարսափելի հանցագործություն. ցեղասպանության հարյուրերորդ տարում՝ «Թուրքի մայլա» թաղում դաժանաբար սպանվեց մի ողջ ընտանիք: Հանցագործ(ներ)ի աչքից չէր վրիպել նույնիսկ վեց ամսական փոքրիկը, ում սրախողխող էին արել ու այդպես թողել:
Հետո պիտի ասեին, որ մի ռուս զինվոր գիշերվա հազարին թողել է զինվորական մասը, կտրել-անցել է մի քանի կիլոմետր, ուզել է ջուր խմել, մտել է պատահած տունը, կատարել է այդ ամենը, ինիցիալներով պարագաները թողել է հանցագործության վայրում ու դիմել փախուստի:
ԱԱԾ-ն լռեց:
Մի քանի տարի անց տեղի ունեցավ թավշյա հանցագործությունը: Հազարավոր դպրոցականների փողոց փակել տվեցին, հետո տարան աղդամներ ու ջաբրայիլներ, որպեսզի դեմ տան թուրքական բայրաքթարների, հրետանիների արկերին ու հետո հայտարարեն. Լեռնային Ղարաբաղը դեռ շատ վաղուց Հայաստանի կողմից ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում և մենք ևս այն ճանաչում ենք այնտեղ:
ԱԱԾՆ-ն էլի լռեց:
Լռեց, որովհետև պետական ու ծառայողական ընթացակարգեր կան, հազարումի նորմեր կան: ՈՒղղակի ընտանիքն այլևս չկա, սերունդն այլևս չկա, պետությունը՝ ևս:
Պետականության գոյության պայմաններում հային հենց այնպես սպանում են :
Վայ էդ պետականությանը :
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ