Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լավ եք հասկանու՞մ որն է մեր գերխնդիրը (լիդերության մրցավազքն ու առաջնորդի գերխնդիրը)

Լավ եք հասկանու՞մ  որն է մեր գերխնդիրը  (լիդերության մրցավազքն ու առաջնորդի գերխնդիրը)
09.10.2023 | 09:28

Պատկերացնու՞մ եք, որ բազմաթիվ առաջնահերթ խնդիրներից ամենակարևորը վերջին շարքում է։

Իշխանափոխություն:

Ինչու՞, ինչպե՞ս, ե՞րբ ու ո՞վ:

Հարցերի փակ համակարգ, որի լուծուման արդյունավետությունը կախված է բաղադրիչների ներդաշնակ բաշխումից։

Մի՞թե կարծում եք, որ 100 կամ ավելի հազար մարդ փողոց հանելով կարելի է հասնել մեկի կամավոր հրաժարականին, ով թաքնվել է ոստիկանական այսքան ամուր պատնեշի հետևում։

Մի՛ շտապեք էջը փոխել:

Մարդկանց փողոց հանելը արտակարգ կարևոր է, իշխանափոխության պահանջն առավել ևս։ Պետք է ցույց տալ աշխարհին, աստվածներին, ինքներս մեզ, որ համաձայն չենք մեր անունից կայացրած որոշուների ու դրանցով իրականացվող սև գործերի հետ, ըմբոստանում ենք այսպիսի իրողության դեմ, հաստատակամ ու վճռական ենք այդ հարցում։

Իսկ իշխանափոխության իրականացումը կախված է ավելի շատ հանգամանքներից, որոնցից շատերի լուծումը դուրս է մեր վերահսկողությունից։

Հիշենք 2008 թ. մարտի 1-ը։

Առաջնորդները ձեզ կակնարկեն, բայց ուղիղ չեն ասի, որ իշխանափոխությունը հասունացնում ենք, բայց առաջնայինը մյուս պահանջներն են։ Որ իշխանափոխությունն առանց հասունանալու հնարավոր չէ, բայց բողոքի ալիքը պետք է մեծ լինի առանց երաշխիքների։

Սովորաբար հուժկու ալիքի էներգիան կուտակվում է ռեյտինգի տեսքով ու իրացվում է հաջորդ ընտրություններում։

Մի քանի օրինակ․

1988-1990 թթ․-ին եղել են ամենամարդաշատ բողոքի ու աջակցության միջոցառումները։ Բայց նախ միջազգային թրենդների գնահատմամբ կոմունիստական իշխանությունը 1989-ին ընդունեց Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու մասին հայոց ինքնիշխան առաջին հիմնարար որոշումը, ապա 1990-ին իշխանությունը կամավոր փոխանցեց շարժմանը՝ դափնիները թողնելով շարժման առաջնորդներին։

1996-ին եղան հզոր բողոքի ակցիաներ․ ընդդիմությունը հաղթեց ընտրություններում։

Երբ ընտրատարածքներից ստացանք հաղթանակը հաստատող առաջին համոզիչ տվյալները՝ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը մի տարօրինակ ռեպլիկ արեց։ ՈՒ գիտե՞ք ինչ․ «Մենք կատակ արեցինք՝ ժողովուրդը լուրջ ընդունեց»։ Շտաբում արձագանքը մի պահ տևեց, շատերը սառած ժպտացին ու արագ տիրեց ոգևորրության մթնոլորտ։ Ես, նկատի ունենալով 1990-91թթ. Մանուկյանին իշխանությունից ընդդիմություն դուրս մղելու փաստը, հասկացա, որ կարևորն արել ենք, բայց իշխանափոխության պահը դեռ չի հասունացել։

1998-ին հանրային ճնշումը համեմատաբար փոքր էր, ավելի շուտ բեմադրված։ Բայց 96-ին արված «կարևոր գործը» հանգեցրեց իշխանափոխության՝ ներիշխանական լծակներով։

Օրինակները բազմաթիվ են, բայց վերադառնանք գլխավորին․

Շեքսպիրն ասել է․ «Աշխարհը բեմ է, իսկ մարդիկ` սոսկ դերասաններ»։

Արժանապատիվ անհատի համար հանճարի խոսքերը վիրավորանք են պարունակում։

Միևնույն ժամանակ հայտնի են անհերքելի փաստեր, երբ անհատը շրջել է պատմության անիվը։

Պարադոքսի լուծումն այնտեղ է, որ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ հասունացած հարցերն ունեն կուտակված լարվածությունը պարպելու տարբեր շարունակություններ (սցենարներ)։

Այդ տեսանկյունից, եթե բևեռներից մեկը գնահատվում է որպես «չար հանճար», ապա դրամատուրգիայի կանոններով ի սկզբանե նրան պարտադիր պետք է հակադրվի «բարի հանճարիը»։

Այստեղ է, որ կարևորվում է անհատի, ընդդիմադիր առաջնորդի դերը:

Այստեղ է, որ երրորդն ավելորդ է, որովհետև իշխանափոխության պահանջը բնութագրվում է հենց նրանով, որ մի բևեռը՝ պայքարի թիրախը, արդեն կա։

Մոտեցանք նրան, որ.

- իշխանափոխության պահանջով բողոքի հզոր ակցիան կազմված է զուգահեռ բաղադրիչներից, որոնցից մեկը նպատակի, ուժի, տոկունության ու հաստատակամության ցուցադրումն է, մյուսը՝ իշխանափոխությունը, որի իրականացումը երաշխավորված չէ միայն ներքին գործոններով։

- Երկու հակադիր ընդդիմադիր բևեռների առկայությունը պառակտող գործոն է։

- Առաջնորդների համեմատական հզորությունը կարևորագույն գործոն է։

Այս երեք պայմաններից մեկի մասնակի կամ լրիվ բացակայությունը կարող է ձախողել ողջ գործընթացը։

Առանց այս ծավալուն շարադրանքի էլ պարզ էր, որ ընդդիմությունն առաջնորդի խնդիր ունի։

Բայց հանրամատչելի ոճով, հնարավորինս համառոտ շարադրանքս նպատակ ունի շեշտելու, որ առաջնորդի խնդիրը թիվ 1 գերխնդիրն է։

Այն լուծելու համար ընդդիմադիր դաշտի միավորները պարտավոր են ըհանուր հայտարարի գալ։

Ընդդիմադիր զանգվածները պետք է ըմբռնումով մոտենան ժամանակավոր փոխզիջումներին, որոնց շեշտադրումը՝ լիդերության խնդիրը, կարելի է հետաձգել մինչև առաջիկա ընտրական գործընթացները։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4472

Մեկնաբանություններ