Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հռոմի ստատուտն ու Մոսկվայի «բալամուտը»

Հռոմի ստատուտն ու Մոսկվայի «բալամուտը»
30.09.2023 | 20:22

Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ:

Գրեթե ամենօրյա ռեժիմով՝ զախարովյան լիրիկաների, պեսկովյան հեգնանքների, մեդվեդևյան խոհա-փիլիսոափայությունների ու լավրովյան խրատների ականատեսն ենք:

Ցայտուն խանդի տեսարանները մի կողմից, առայժմ «փափուկ ուժի» կիրառումն ու տարբեր տրամաչափերով ճնշումների գործադրումը մյուս կողմից՝ ավելի են ընդգծում ոխերիմ դաշնակցի ու բարեկամի իրական նպատակներն ու նկրտումները:

Պարզվում է՝ Հռոմի Ստատուտի թեման դեռ ակտուալ է, ավելին՝ նոր երանգներ է ստանում:

Պեսկովը հայտարարում է, թե՝ «Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտին միանալու որոշումը Ռուսաստանի կողմից դիտվելու է որպես ծայրահեղ թշնամական քայլ»:

Իսկ թե ի՛նչ են անելու և թե ինչպիսի՛ հետևանքների սպասենք՝ դեռ չի բարձրաձայնվում:

Բայց և դժվար չէ ենթադրել:

Հռոմի ստատուտի հաստատումից հետո ենթադրելի է, որ գազի խողովակը Վրաստանում անընդհատ վթարվելու է, հովհարային անջատումներ են լինելու, գազի և մյուս վառելիքների գները կտրուկ աճելու են, ներմուծման հոսքը կրճատվելու է, հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի ՌԴ սահմանափակվելու է կամ դադարելու, Լարսում հերթեր են գոյանալու, տրանզիտային արհեստածին խնդիրներ են առաջանալու, ավիափոխադրումները կրճատվելու են, տոմսերը՝ թանկանալու, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների համար տարատեսակ խնդիրներ են առաջանալու:

Ինչպես նրանք կասեն՝ «Это еще цветочки»!

Մնացյալը չթվարկեմ:

Զավեշտալին այն է, որ ՀՀ գործող իշխանություններն ամեն կերպ արդարանալով, հավաստիացնում են, որ այն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, միաժամանակ տեսնում են և հասկանում, որ այդ հավաստիացումները վերջինիս համար բավարար չեն, իսկ վավերացնելը՝ նոր, ավելի վտանգավոր ճգնաժամի, ռեալ խնդիրների շարժառիթ է ու ալիբի, բայց և պրինցիպիալ գնում են դրան՝ գիտակցելով, որ իրականում Հռոմի ստատուտը Հայաստանին գործնականում ոչինչ չի տալու:

Բացի դա, Հայաստանը հիմա հայտնվել է բավականին անհարմար վիճակում և կանգնել երկընտրանի առաջ:

Քանզի, եթե վավերացնի Հռոմի ստատուտը, ապա դա կնշանակի ուղիղ առճակատում ու թշնամանք Մոսկվայի հետ, իսկ եթե չի վավերացնում, ապա՝ միջազգային գործընկերների առաջ խայտառակ է լինում, քանզի ՀՀ-ն վավերացման գործընթացը մինչ Պուտինին ձերբակալելու որոշումն է սկսել։

Այդ համատեքստում Հայաստանի կողմից ստատուտի չվավերացնելն Արևմուտքում կարող է ընկալվել որպես նահանջի, թուլության ու ենթարկվողի նշան:

Հայաստանին համարելու են Ռուսաստանի վասալ, որպես լուրջ գործընկեր այլևս չեն դիտարկելու և ոչ մի աջակցություն այլևս չեն ցուցաբերելու:

Ամեն դեպքում վավերացումը տեղի է ունենալու:

Եվ անկախ նրանից, թե այն կվավերացվի, թե ոչ, միևնույն է՝ Մոսկվան իր անելիքն անելու է ու իր բռնած գիծը տանելու է:

ՈՒղղակի ստատուտի ընդունումն անելիքներին ուրիշ «դրայվ» է հաղորդելու:

Գիտենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, գիտենք նաև, որ նա կարող է լինել սարսափելի թշնամի:

Հետևաբար, խիստ անցանկալի է ունենալ ռուսի պես թշնամի:

Վավերացրեք Հռոմի ստատուտն ու ձեռք բերեք նոր, անկառավարելի թշնամի:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ