Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-32

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-32
01.08.2023 | 14:04

(սկիզբը` այստեղ)

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ նախազգուշացրել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին, եթե ՈՒկրաինայի զինված ուժերը հաջողության հասնեն:

Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում նախազգուշացրել է, որ եթե ուկրաինական զորքերի հարձակումը հաջողվեր, և նրանք կարողանային գրավել Ռուսաստանի կազմ մտած նոր տարածքների մի մասը, ապա Մոսկվան ստիպված կլիներ միջուկային զենք կիրառել: Այսպիսով, ինչպես արձանագրել է նա, հարձակումը հետ մղող ռուս զինվորականները «կանխում են Համաշխարհային հակամարտությունը»։ Մեդվեդևը հայտարարել է, որ հարձակումն իրականացվում է ՆԱՏՕ- ի անմիջական աջակցությամբ, և նրա նպատակը «մեր հողի մի մասը պոկելն է»:

«Մենք ստիպված կլինեինք (ՈՒկրաինայի ԶՈՒ-ի հարձակման հաջողության դեպքում.- Ա.Հ.) Ռուսաստանի նախագահի 02.06.2020 թ. հրամանագրի կանոնների ուժով գնալ միջուկային զենքի օգտագործման,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը իր տելեգրամյան ալիքում։- Այլ ելք պարզապես չի մնա։ Հետևաբար, մեր թշնամիները պետք է աղոթեն մեր զինվորների համար: Նրանք թույլ չեն տալիս, որ համաշխարհային միջուկային հրդեհը բռնկվի»:

Մեդվեդևի հետ վերոնշյալի հարցում դժվար է չհամաձայնել:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է ՌԴ նախագահի «միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների մասին» թիվ 355 հրամանագրի մասին: Հրամանագրում ընդգծված է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի քաղաքականության պաշտպանական բնույթը, որտեղ միջուկային զենքի կիրառումը «ծայրահեղ և հարկադրված միջոց է»:

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը որոշող պայմաններն են.

  1. Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների տարածքները գրոհող բալիստիկ հրթիռների արձակման մասին հավաստի տեղեկատվության ստացումը:
  2. Հակառակորդի կողմից միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառումը Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների տարածքներում:
  3. Հակառակորդի ազդեցությունը Ռուսաստանի Դաշնության կարևորագույն պետական կամ ռազմական օբյեկտների վրա, որոնք շարքից հանելը կհանգեցնի միջուկային ուժերի պատասխան գործողությունների խափանմանը:
  4. Ագրեսիա Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմամբ, երբ վտանգված է պետության բուն գոյությունը:

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «տեսականորեն հնարավոր» էր անվանել միջուկային զենքի կիրառումն այն դեպքում, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության, հենց պետության գոյության նկատմամբ:

Իսկ ի՞նչ է սպասվում առաջիկայում, հնարավո՞ր է, որ ուկրաինական զորքերի հարձակումները, որոնք այսօր հատուկ ռազմական գործողության գոտում, ռազմաճակատի տարբեր ուղղություններով տասնյակներով են լինում, հաջողվեն, և Ռուսաստանը հարկադրված լինի մարտավարական միջուկային զենք օգտագործել: Կավարտվի՞ պատերազմը 2024թ. գարնանը, ինչպես ռուսական որոշ գեներալներ են կանխատեսում, թե դեռ երկար կշարունակվի և անորոշ ավարտի ժամկետը: Եվ կա՞, արդյոք, աշխարհում գոնե մեկը, որին իսկապես հայտնի են այս հարցերի պատասխանները…

Վերջին օրերին, չնայած զինծառայողների և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներին, ՈՒկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել ՌԴ կազմ մտած Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտյոմովսկի (Բախմուտի) շրջանի Կլիշչևկա գյուղի մոտ գտնվող բարձունքները: Ավերակների վերածված բնակավայրն այժմ, այսպես կոչված, գորշ գոտում է, այսինքն՝ ոչ ՈՒկրաինայի ԶՈՒ վերահսկողության ներքո է, ոչ էլ Ռուսաստանի Զինված ուժերի: Կլիշչևկան գրավելու դեպքում ՈՒկրաինայի զինուժը հնարավորություն կստանա շարժվել դեպի հիմնականում վագներականների ազատագրած և այժմ ռուսական ուժերի կողմից վերահսկվող Արտյոմովսկ քաղաք:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի կողմից ՈՒկրաինային տրվելիք «Աբրամս» ծանր տանկերը ռազմաճակատում չեն կարողանա իրավիճակ փոխել, բայց դժվար է նույնն ասել, եթե արևմտյան երկրների կողմից ՈՒկրաինային 2024 թ. տրվի չորրորդ սերնդի F-16 բազմանպատակային կործանիչ- ռմբակոծիչների մեծ քանակ (200 և ավելի…): Սպասվում է, որ ՈՒկրաինան առաջիկա աշնանը կամ մինչև տարեվերջ կստանա շուրջ 50 հատ ամերիկյան

F-16 կործանիչ- ռմբակոծիչներ:

ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը երեկ հայտնել է, որ այս շաբաթ կսկսվեն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը Վիլնյուսում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա, Կանադա) կողմից ստորագրված հռչակագրի իրականացման հաջորդ փուլն է։

«Այդ երաշխիքները կգործեն մինչև ՈՒկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության ձեռքբերումը, ինչն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7-ի երկրները հռչակագիր են ստորագրել ՈՒկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին: Հռչակագրի համաձայն՝ G7-ի յուրաքանչյուր երկիր պետք է բանակցություններ վարի ուկրաինական կողմի հետ՝ «կոնկրետ երկարաժամկետ պարտավորությունների» որոշման համար։

Երմակը հստակեցրել է, որ ՈՒկրաինան աստիճանաբար ձեռնամուխ է լինում հռչակագիրը ստորագրած երկրներից յուրաքանչյուրի հետ կոնկրետ պարտավորությունների քննարկմանը: Ընդհանուր փաստաթղթում երաշխիքների թվում նշված են ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացումը, հետախուզական տվյալների փոխանակումը, ժամանակակից սպառազինության փոխանցումը, ներառյալ՝ ՀՕՊ միջոցները, հրետանին, հեռահար զենքերը, զրահատեխնիկան, Ռուսաստանի կողմից վնասների փոխհատուցման մեխանիզմի մշակումը, ինչպես նաև ՌԴ-ին ճնշող պատժամիջոցների շարունակությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել ՈՒկրաինային ֆինանսական օգնություն չտրամադրել: Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում նա վկայակոչել է ՀԴԲ-ի իրազեկիչի վերջերս հրապարակված ցուցմունքները, որը պնդում էր, որ ուկրաինական «Burisma» էներգետիկ ընկերությունը պատրաստ է 10 մլն դոլար վճարել Բայդենին և նրա որդուն՝ Հանթերին, իրենց խնդիրները լուծելու հարցում օգնելու համար:

«Բայդենները միլիոնավոր դոլարներ են ստացել ՈՒկրաինայից,- ասել է Թրամփը:- Այժմ ՈՒկրաինան միլիարդավոր դոլարներ է ստանում ամերիկացի հարկատուներից։ Ջո Բայդենը վարկաբեկված է, նա մեզ ներքաշում է գլոբալ հակամարտության մեջ հենց ՈՒկրաինայի՝ այն երկրի անունից, որը, ըստ երևույթին, իր ընտանիքին վճարել է այդ միլիոնավոր դոլարները»։

ԱՄՆ ն ախկին նախագահը նաև կոչ է արել Կոնգրեսին՝ «անհապաղ քվեարկել և արգելափակել պահեստազորայիններ կանչելու Բայդենի որոշումը»։

«Մենք այժմ զորքեր ենք ուղարկում Եվրոպա՝ կռվելու, մենք զորքեր ենք ուղարկում այս աճող հակամարտությունը (ՈՒկրաինայում) խթանելու համար»,- ասել է Թրամփը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ