ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հրաչյա Ներսիսյանը՝ մայոր Բարելայի «թարգմանիչ»

Հրաչյա Ներսիսյանը՝ մայոր Բարելայի «թարգմանիչ»
12.12.2022 | 07:27

Առաջին աշխարհամարտի օրերն էին: Պոլսի շատ հայ պատանիների հետ զորակոչվեց նաև երիտասարդ Հրաչյան։ Զինվորական կարգապահությունը խախտելու շինծու մեղադրանքով նրան նետեցին բանտ։ Քանի որ տաճկերենին տիրապետում էր մայրենի լեզվին հավասար, ձևանում է տաճիկ և ոչ-ոք չի կասկածում, որ նա այլազգի է:

Բայց մի օր, նամազի ժամանակ, բոլորի համար պարզ դարձավ նրա ոչ մահմեդական լինելը․ աղոթքի ոչ մի խոսք չէր ասում, միայն շրթունքներն էր շարժում, և վերջ։ Սկսվում է ծեծը։ Գյավուրը դատապարտվում է մահվան։ Ազգությամբ հայ Գրիգոր անունով բանտապահը ցանկանում է փրկել հայրենակցին և զգուշացնում է նրան, որ միակ փրկությունը գերմաներեն սովորելն է։ Այդ օրերին թրքական բանակում ծառայող գերմանացի սպաները թարգմանչի կարիք ունեին։ Հրաչյան ֆրանսերեն գիտեր, մնում էր մի ելք՝ կարճ ժամանակում տիրապետել գերմաներենին։ Բանտապահը բառարաններ է տալիս և առաջարկում պարապել։


-Մի քանի բառ սովորիր՝ բանտից ազատել տամ քեզ, հետո՝ Աստված մեծ է։
Մեկ շաբաթ անց, երբ երիտասարդի գերմանագիտությունը դեռ մի քանի բառից այն կողմ չէր անցնում, բանտից ուղարկում են զորամաս։ Հրաչյան կանգնում է շտաբի պետի՝ մայոր Բարելայի առաջ և․
-Պարո՛ն մայոր, ինձ հրամայված է լինել ձեր թարգմանիչը։


Սպան նախ ոտքից-գլուխ չափում է նրան, ապա հարցնում անունը։ Պատասխանները հստակ էին, մաքուր գերմաներեն առոգանությամբ։
-Ձեր ծնողների զբաղմու՞նքը,- հետաքրքրվում է շտաբի պետը։
Հրաչյան կիտում է հոնքերը․ բառարանից նման խոսքեր չէր սովորել։
-Վերջապես պիտի խոսե՞ք։


Հրաչյան չի արձագանքում։ Մայորը բարկացած խոսում է․ դարձյալ լռություն։ Բարելայի դեմքը զայրույթ է արտահայտում, ձայնը՝ սպառնալիք։ «Այո՛, մահն անխուսափելի է, հայ լինելուս ավելացավ նաև խաբեբա լինելը»,-մտածում է Հրաչյան, և հուսահատությունը արցունք է դառնում աչքերում:
-Պարոն մայոր,-ֆրանսերեն սկսում է նա,-ես գերմաներեն չգիտեմ։
Գերմանացի սպան, ով տիրապետում էր ֆրանսերենին, հարցնում և իմանում է եղելությունը, ապա․
-Լա՛վ, կմնաք ինձ մոտ,-եզրափակում է խոսքը։
-Ապրեցինք,-շշնջում է Հրաչյան։
Այսպես փրկվեց ապագա հանճարեղ դերասանի կյանքը, ով խոր հետք թողեց հայ մշակույթի պատմության մեջ։


Աղբյուրը՝ Ն․ Թուխիկյան. «Խոստովանություն»
Անահիտ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 18329

Մեկնաբանություններ