ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Երկուսիս էլ հերիք է». Աղասի Այվազյան (1925-2007), գրող, կինոռեժիսոր

«Երկուսիս էլ հերիք է». Աղասի Այվազյան (1925-2007), գրող, կինոռեժիսոր
10.08.2022 | 07:25

Հայկական առօրյայի թոհուբոհում, բարևների ու մնասբարևների, ցանկությունների և պահանջների, խոսակցական ժխորի մեջ ես լսեցի. «Օնիկ ջան, շատ մի դարդ անի, ես մի գործ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»:


Խոսքը կրկնվեց ուղեղումս, անդրադարձ տվեց, հասարակ ու ծանոթ էր, մտերմիկ առոգանությամբ, տոհմային մակատեսքով, բջիջի հարազատությամբ:
«Ես մի տեղ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»: «Ես մի բաժակ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»:
…Հայոց Աբգար թագավորը հիմնեց Եդեսիա չքնաղ քաղաքը: Առաջին դարն էր, և Երուսաղեմում ապրում էր Քրիստոսը:
Աբգարը հոգու տառապանք ուներ և իր Սուրհանդակին ճամփեց Երուսաղեմ՝ հետևյալ նամակը ուղղելով Քրիստոսին. «Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջույն: Լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:


…Թեյշեբաինում հայտնաբերված ուրարտական սեպագրության մեջ ասված է. «Ես մի ճրագ եմ ճարել՝ երկուսիս էլ հերիք է»:
Ապարանի մերձակա Իլան-Չալան գյուղի աղքատիկ խրճիթներից մեկում պահվում էր 17-րդ դարի Ավետարան, որի վերջին էջում գրված էր. «Ես մի թոնիր եմ շինել՝ երկուսիս էլ հերիք է»:
1915 թվականին Արևմտյան Հայաստանի քարանձավներից մեկում թաքնվել էր էրզրումցի մի գաղթական: Նա հեռվից ձայն է տվել վիրավոր պապիս. «Ես մի քարանձավ եմ գտել՝ երկուսիս էլ հերիք է»:


Սասնաշեն գյուղում, 1983 թվականին, մագնիտոֆոնով ձայնագրել են բուն Սասունից մազապուրծ եղած իննսունամյա Մանեին. «Մենք մի դարդ ունենք՝ բոլորիս էլ հերիք է»:
«Ի՞նչն է պահում մեր ազգային հավաքական կերպարը»,- հարցնում են:
«Սուրհանդակը»,-մտածում եմ ես:
«Ինչո՞ւ ես այսքան լավատես մեր բնավորության, մեր ապագայի նկատմամբ»,-հարցնում են:
«Սուրհանդակը մեր մեջ է, առեղծվածային ու հավերժական»,- մտածում եմ ես հանգիստ ու համոզված:

«Ես մի կոտելոկ ունեմ՝ երկուսիս էլ հերիք է»,-ասել է լենինականցի ավագ սերժանտը եղբորս՝ Հայրենական պատերազմի խրամատներում:


(«Սուրհանդակ»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 13090

Մեկնաբանություններ