Հայերի սխալն այն է, որ ամեն ինչից հետո ենք խելոքանում, երբ արհավիրքն արդեն քշել-տարել է ամեն ինչ:
Դեմից ու ճիշտ պահին են գործում հերոսները՝ կանխելով օրհասը:
Մինչ այդ զբաղված ենք լինում «ետի խելք» ունեցողների դատաստանով:
Ցավոք, ամեն թուրք դա լավ գիտե:
Երբ 1909-ին, Ադանայում երիտթուրքերի կազմակերպած արյունահեղությանը զոհ գնացին 30 հազար անմեղ հայեր, Ռուբեն Սևակն ու մյուսներն արձագանքեցին բանաստեղծություններով, լավագույն դեպքում՝ մեկ -երկու անօգուտ հոդված-հրապարակումներով (էսօրվա ֆեյսբուքյան գրառումների մակարդակ), դարձյալ արևմտահայությունն ուշքի չեկավ, միասնության կոչերը ձայն բարբառո անապատի էին, շարունակում էին պառակտվել, ներսում կուսակցական բզկտումները չէին դադարում:
Ոչ մեկի մտքով չանցավ, նույնիսկ՝ փաշաներին մերձ կանգնածների, նրանցից մեկին ոչնչացնել (այդ գիտակցմանը եկան կե՜ս դար հետո), փողեր ներդնել ու զենք գնել, բանակներ կազմել տարբեր օջախներում:
Վեց տարի ժամանակ ունեին:
Հիմա ժամանակները «մի քիչ» այլ են, բայց թուրքը չի փոխվել, նույնն է, արդիական զենքերով է ոչնչացնում՝ տարածվելով, ճանապարհին ամեն ինչ վերացնելով ու կոտորելով:
Շատ քիչ ժամանակ ունենք, ու էլի նույնն է լինելու, եթե, Աստված մի արասցե, թուրքը պատերազմի Հայաստանի դեմ՝ սկսելով Սյունիքից:
Մենք նույնիսկ փորձ չենք անում հոգեբանական պատերազմ վարելու, այն դեպքում, երբ անտիկ ժամանակներում հայերն առաջինն են աշխարհում հոգեբանական պատերազմ վարել ու հաղթել:
Հնդկաստանից զենք գնելու մեր նախաձեռնությունը և ուրախացնում, մի փոքր էլ վախենալու մտահոգում է, ինչն էական չէ, բայց և այնպես, այս որտե՞ղ ենք ձեռքներս նետում, կարծես դեմ չենք Ուկրաինա դառնալուն, ավելին, կարծես նույնիսկ երազում ենք…
Երբ մի երկիր տասնյակ տեր է ունենում, արդյունքում՝ ոչ մեկը տեր չէ, ոչ մեկը պատասխանատու չէ:
Սա է վախենալուն:
Իրականում, Ուկրաինան դա չգիտակցեց:
Մեջտեղ երկիր ու ժողովուրդ կարող է վերանալ:
Ռուսաստանը, իմ կարճ խելքով, երկրորդ ճակատ չի երազում այս պահին բացահայտ բացել թուրքի, ասել է թե՝ Արևմուտքի դեմ, բայց նա Իրանի միջոցով է իր խոսքը տեղ հասցնում, դեմ չէ ամենևին Իրանի վերջնագրերին՝ Սյունիքի տարածաշրջանի մասին:
Սա չի՞ անցել ձեր մտքով:
Համախմբվել և զինվել՝ սա է միակ ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչով կավարտվի Սյունիքի թնջուկը: Միշտ էլ թնջուկներ լինելու են:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս