Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում նույնպես իրականացվել են ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրեր

Հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում նույնպես իրականացվել են ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրեր
18.03.2022 | 23:24

Հայաստանում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության` Պենտագոնի կողմից կառուցված, նորոգված, արդիականացված, ինչպես նաև ֆինանսավորվող կենսալաբորատորիաներ կան բոլոր կամ գրեթե բոլոր մարզերում: Հիշյալ կենսալաբորատորիաներից առնվազն երեքը Երևանում են, կան նաև Գյումրիում, Իջևանում, Սիսիանում, Մարտունիում, Վանաձորում, Արտաշատում…: Նախնական տեղեկությունների համաձայն, դրանց ընդհանուր քանակը հասնում է 12-ի, հիմա գուցե արդեն ավելին են:

Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսական և ոչ միայն ֆինանսական աջակցությամբ գործող այդ կենսալաբորատորիներից մեկն, օրինակ, Երևանի Ավան վարչական շրջանի Դավիթ Մալյան թիվ 37 հասցեում գործող Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենց լաբորատորիան է: Հիշյալ կենսալաբորատորիաների ստեղծման ու վերազինման համար ամերիկյան կողմը հատկացրել է նվազագույնը 50 մլն դոլար:


Չնայած կորոնավիրուսային համավարակի տարածման պայմաններում ամերիկյան կենսալաբորատորիաների հետ կապված մեր երկրի բնակչության դժգոհության աճին, Հայաստանի կառավարությունը 2019թ. նույնպես երկարաձգել է Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ «Համատեղ կենսաբանական գործունեության ծրագրի» շրջանակներում կնքված համաձայնագիրը, ինչպես և երկարաձգել է Ուկրաինայի կառավարությունը: Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կանաչ լույս են տվել ծրագիրն իրականացնել առնվազն մինչև 2025թ.:
Ավելին. Պենտագոնը մտադիր է Հայաստանի հետ համագործակցությունը 2025 թվականից հետո ևս շարունակել հիվանդությունների առանձնապես վտանգավոր հարուցիչների (ախտածինների) ուսումնասիրության գործում: Ի դեպ, 2019 թվականից ծրագիրն անվանափոխվել է` կոչվելով «Կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագիր», իսկ իրականում, հատկապես վերջերս Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, կարծում եմ, նույնիսկ գրեթե համոզված եմ, որ այս շիրմայի տակ կատարվում է ճիշտ հակառակը` կենսաբանական լրջագույն ռիսկերն ավելացվում են:


Մեկ անգամ ևս հրապարակային կերպով հարցնում եմ` Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարության սկանդալային բացահայտումներից հետո ո՞վ կարող է երաշխավորել, որ առանձնապես վտանգավոր վիրուսների և բակտերիաների առավել ագրեսիվ (այսինքն` ավելի բարձր տոկոսի մահացության հանգեցնող, առավել վարակիչ) շտամեր ստանալուն նպատակաուղղված աշխատանքներ չեն կատարվել ու չեն կատարվում նաև Պենտագոնի կողմից ֆինանսավորվող հայաստանյան կենսալաբորատորիաներում…
Ո՞վ կարող է բացառել վերոնշյալ կենսալաբորատորիաներում որոշակի էթնիկ խմբերին խոցելու համար նախատեսված կենսաբանական զենքի (տվյալ պարագայում` գենետիկական զենքի) մշակման աշխատանքների իրականացումը, ինչը, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Ուկրաինայում է արվել…
Ո՞վ կարող է բացառել, որ հայաստանյան կենսալաբորատորիաներում նույնպես փորձեր չեն արվում ստանալու գործնականում աշխատող այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան, ասենք, չղջիկների, այլ թռչունների, միջատների միջոցով մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող վիրուսները, բակտերիաները տարածել մեծ հեռավորությունների վրա, դրանք հասցնել, ասենք, ԱՄՆ-ի կողմից թշնամի համարվող, բայց մեզ հարևան ու բարեկամ Իրան կամ դարձյալ Միացյալ Նահանգների կողմից թշնամի համարվող, բայց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարավ…


Սրանք, իհարկե, հռետորական հարցեր են, քանի որ, համոզված եմ, ոչ ոք չի կարող երաշխավորել ու բացառել… Հակառակը` միանգամայն բավարար հիմքեր կան` առնվազն ենթադրելու, որ Հայաստանում գործող և Պենտագոնի ֆինանսավորումն ունեցող կենսալաբորատորիաներում կամ, թեկուզ, դրանց մի մասում նույնպես իրականացվել և իրականացվում են Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական որոշ ծրագրեր` կենսաբանական զենքի նորագույն նմուշների կամ դրանց առանձին բաղադրիչների ստեղծման ուղղությամբ, ինչպես մինչև վերջերս իրականացվել են Ուկրաինայում: Համենայն դեպս, հիմնավոր կասկածներ կան, որ մեր երկրում գտնվող ամերիկյան ֆինանսավորմամբ կենսալաբորատորիներում ևս իրականացվել և իրականացվում են ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գաղտնի ծրագրեր: Ի՞նչն է հիմք տալիս վերոնշյալ ենթադրության ու կասկածների համար:


Նախ, Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, առողջապահության, պաշտպանության նախարարությունների, այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների հրապարակային ստերն ամենատարբեր հարցերում, տարբեր խնդիրների հետ կապված: Ստեր, որոնց մասին գրվել և որոնց սուտ լինելն ապացուցվել է մի շարք ԶԼՄ-ներում:


Այս ամենից հետո Հայաստանի այսօրվա իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյաների խոսքը, ցավոք, զրկվել է արժանահավատությունից, հետևաբար առկա և առաջիկայում հնարավոր այն բոլոր հավաստիացումները կամ հայտարարությունները, թե վերոնշյալ կենսալաբորատորիաներում զբաղվել ու զբաղվում են միայն կենսաբանական անվտանգության, կենսաբանական պաշտպանության խնդիրներով, որ դրանցում միմիայն քաղաքացիական բնույթի ծրագրեր են իրականացվել և իրականացվում, ռազմակենսաբանական ծրագրերի իրականացումը բացառված է, հավատ չեն ներշնչում:
Երկրորդ. հիշյալ ենթադրության ու կասկածների հիմք են տալիս նաև ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի, ինչպես նաև Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի ստերը, թե ԱՄՆ-ը երբեք չի զբաղվել Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծմամբ, Միացյալ Նահանգները որևէ տեղ չի մշակում կենսաբանական զենք, Ուկրաինայում կենսալաբորատորիաները զբաղվում են կենսապաշտպանությամբ և առողջապահության ոլորտում արձագանքմամբ, ԱՄՆ-ի կառավարությունը օգնություն է տրամադրում կամ տրամադրել միայն կենսաանվտանգության համատեքստում:
Նրանց վերը նշված հայտարարությունների սուտ լինելն ապացուցվել է ոչ միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության սկանդալային բացահայտումներով, որոնք վերջերս արվեցին Ուկրաինայի կենսալաբորատորիաների աշխատակիցների հայտնած տեղեկությունների, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ձեռք բերած փաստաթղթերի ու դրանց վերլուծության արդյունքների հիման վրա: Նրանց հիշյալ հայտարարությունների սուտ լինելն ապացուցվել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոստովանությամբ:


ԱՄՆ Սենատում վերջերս պատասխանելով սենատոր Մարկո Ռուբիոյի հարցին, թե Ուկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենք կա՞ արդյոք, Նուլանդը չի ասել` «ոչ»: Հակառակը` խոստովանելով, որ Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ ու նկատի ունենալով դրանք, Նուլանդն ասել է. «Մենք անհանգստացած ենք նրանով, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայի ռազմակենսաբանական ծրագրերին, քանի որ եթե Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում իրականացված ծրագրերը միայն կենսաանվտանգության, կենսաբանական պաշտպանության նպատակներ հետապնդեին, ունենային բացառապես քաղաքացիական, խաղաղ բնույթ, ԱՄՆ-ն անհանգստանալու պատճառ չէր ունենա, թե դրանք կարող են ընկնել ռուսական ուժերի ձեռքը:


Վերոշարադրյալը նկատի ունենալով, արձանագրում եմ, որ ԱՄՆ-ի համապատասխան պաշտոնյաների հայտարարությունները Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ գործող կենսալաբորատորիաներում իրականացվող ծրագրերի զուտ քաղաքացիական բնույթ ունենալու, կենսաանվտանգության, կենսապաշտպանության նպատակներ հետապնդելու վերաբերյալ, արդեն ապացուցված կեղծիքներ են:
Երրորդ. վերոնշյալ ենթադրության ու կասկածների համար հիմք են տալիս նաև «Infoport.am» համացանցային կայքում 2021թ. ապրիլի 9-ին հրապարակված «ԱՄՆ բիոլոգիական (նաև՝ կենսաբանական) լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները» վերտառությամբ հետաքննական հոդվածում առկա տեղեկությունները: Մասնավորապես, դրանց համաձայն, Հայաստանում ամերիկյան կենսաբանական նախագծերի հետ առնչություն ունեցող «Infoport.am»-ի աղբյուրները խմբագրությանն են տրամադրել փաստաթղթեր, որոնք մանրամասներ են բացահայտում Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեության մասին:


Ուսումնասիրելով նշված փաստաթղթերը, կայքի խմբագրությունը մտահոգիչ եզրահանգման է եկել առ այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները մեր երկրի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգենների) հետ աշխատանքի հարցում, որոնք Պենտագոնը երկար ժամանակ ուսումնասիրել և փորձարկել է որպես կենսաբանական զենք:
2020թ. մայիսին, նույն հրապարակման համաձայն (մեջբերում եմ), «Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին ու հանրությանը հերթական անգամ վստահեցրել էր, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները վերահսկվում են բացառապես Հայաստանի պատկան մարմինների կողմից: Սակայն, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը միանգամայն հակառակ պատկերն են ցույց տալիս՝ վկայելով, որ լաբորատորիաների գործունեությունը մասշտաբային վերահսկողության է ենթարկվում ամերիկյան վերահսկողների կողմից:


Այսպես, օրինակ՝ 2020-2025 թվականներին Հայաստանում իրականացվող ԱՄՆ կենսաբանական գործունեության ծրագրում, որը ըստ էության Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության միջև կնքված պայմանագիր է, մատնանշվում է, որ եթե հայկական կողմը հրաժարվի կատարել որևէ պահանջ, ապա ամերիկյան կողմն անհապաղ դադարեցնում է ֆիանսավորումը:
Բացի այդ, տարբեր ժամանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության կողմից Հայաստանում հատկապես վտանգավոր վիրուսների հետազոտության համար իրականացվող կենսաբանական ծրագրերում ներգրավվել են մասնագետներ ամերիկյան ռազմա-բժշկական այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Ռազմածովային բժշկական հետազոտական կենտրոնը (NMRC-F), Ուոլթեր Ռիդի անվան ցամաքային զորքերի գիտահետազոտական ինստիտուտը (WRAIR), ինչպես նաև ԱՄՆ Զինված ուժերի ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը (USAMRIID)»:
Ի դեպ, 2018թ. մայիսին, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլը, Միացյալ Նահանգները հանկարծ, առանց արտաքնապես երևացող որևէ պատճառի (դե, իսկ մենք հասկանում ենք, չէ՞, որ ստեղծված բարենպաստ առիթից օգտվելով և մեր երկրում ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրերը նոր թափով առաջ մղելու հնարավորությունից ոգևորված), Հայաստանում իր ռազմակենսաբանական ծրագրերի իրագործման համար ղեկավար է նշանակել ոմն Բրենդ Սիգելին, որը մինչ այդ ԱՄՆ նույնատիպ ռազմակենսաբանական ծրագիրն է ղեկավարել որտե՞ղ… Դե, իհարկե՛, Ուկրաինայում:


Չորրորդ. վերոնշյալ ենթադրության ու կասկածների հիմք է տալիս այն փաստը նույնպես, որ Պենտագոնի ֆինանսավորմամբ կենսալաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները մնում են գաղտնիք հայաստանյան ու միջազգային հանրության համար:
Հինգերորդ. վերը նշված ենթադրության ու կասկածների հիմք է տալիս նաև այն փաստը, որ հիշյալ կենսալաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև դեռ 2018 թվականից բանակցվող հուշագրի ստորագրումը Հայաստանի իշխանությունը զբաղեցնողների կողմից արհեստականորեն ձգձգվել է. 2021թ. մայիսին, շուրջ 3 տարի հետո նոր միայն ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը: Ընդ որում, այն գրեթե ձևական բնույթ ունի:
2020թ. մայիսին Հայաստանի արտգործնախարարությունը պարզաբանել էր, որ հուշագրի նախագիծը չի նախատեսում որևէ կողմի իրավունք` մուտք գործելու վերոնշյալ լաբորատորիաներ կամ միակողմանի վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ:
Կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ եթե ՌԴ մասնագետներին տրված չէ խնդրո առարկա կենսալաբորատորիաներ վերահսկողության նպատակով ազատորեն մուտք գործելու իրավունք, այսինքն` դրա համար նրանց վերադասը պետք է նախապես դիմի, ենթակաների համար մուտքի և վերահսկողության թույլտվություն ստանա, ապա դժվար, համենայն դեպս, անհնար չէ ՌԴ մասնագետների այցելությունից առաջ ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրի իրականացման հետքերի վերացումը:


Վերը շարադրվածը նկատի ունենալով, Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև օրենսդիր իշխանությունը զբաղեցնողներից պահանջում եմ դադարեցնել ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությունը մեր երկրում, միակողմանի խզել Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ կնքված վերոնշյալ համաձայնագիրը: Ժամանակին զգուշացնում եմ, որ այս պահանջի անտեսումն ամերիկյան կիսագաղութացումից Հայաստանի ազատագրումից հետո (ինչին, ի դեպ, կարծում եմ, երկար ժամանակ չի մնացել) շատ ավելի լուրջ հետևանքներ է ունենալու…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 43859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ