Խորհրդարանն ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծեց ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը և դրանից բխող այլ հարցեր։
Ըստ այդմ, հանձնաժողովն ունենալու է 12 անդամ. 7-ը ` «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» և 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
Չնայած հանձնաժողովում լինելով մեծամասնություն, իշխանական պատգամավորները սկզբից ևեթ անիմաստ համարեցին այս նախաձեռնությունը, ավելին, այս ամենում քաղաքական ենթատեքստ տեսան։ Դեռ մի կողմ թողնենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են պարետատունն ու կառավարությունն աշխատել այս ամիսներին, ինչպես են պայքարել վիրուսի դեմ, այս հանձնաժողովի աշխատանքը կարող է լինել յուրահատուկ հաշվետվություն հասարակությանը։ Ենթադրվում է, որ տարբեր պաշտոնյաներ պետք է գան և ընդդիմադիրներին հուզող հարցերի պատասխանները ներկայացնեն և պատգամավորներին, և հանրությանը։ ՈՒ, չգիտես ինչու, իշխանության թափանցիկությունը զօրուգիշեր կարևորող մեծամասնությունը տվայտանքների մեջ էրգ դեմ լինել հանձնաժողովին կնշանակի արդարացի հիմք տալ բոլոր այն կասկածներին, որոնք կան հանրության շրջանում, կողմ լինելն էլ իրենց սրտով չէր։ Սակայն, դեմ լինելով, կողմ քվեարկեցին։ Հաստատ իմքայլականները չէ, որ պիտի պնդեն, թե հանձնաժողով ստեղծելը քաղաքական նպատակ ունի։ Իրենց իսկ տրամաբանությամբ, երբ ժամանակին ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծեցին, դրա հիմքում է՞լ քաղաքական նպատակ կար։ Այդ ինչպե՞ս է ստացվումգ իրենց դեպքում ապաքաղաքական էր նախկիններին քննելը, իսկ քաղաքական է այն ամենը, ինչ իրենց է առնչվում։ Իսկ ո՞վ է ասել, որ խորհրդարանում կարող է որևէ գործընթաց տեղի ունենալ առանց քաղաքական որևէ տարրի, թե՞ դեռ չեն հասկացել, թե ուր են «ընկել»։
Եթե քառօրյա պատերազմի (որի ընթացքում յոթ տասնյակ զինվոր է զոհվել), հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով պիտի ստեղծվի, ինչու՞ է անիմաստ ու քաղաքական 1000-ի շեմը հատած մարդկային կյանք խլած վիրուսի դեմ պայքարի աշխատանքների ուսումնասիրման համար ստեղծվող հանձնաժողովը։ Այդ ի՞նչ տրամաբանություն է։
Վիրուսի դեմ պայքարը դիմակ դնել-չդնելուց անդին չդիտարկող կառավարության աշխատանքները, փաստորեն, այնքան ճիշտ ուղիով են ընթացել, որ այս ընթացքում հիմնական պատասխանատուների հայտարարությունների կեսը մարդկանց ապակողմնորոշող ու սարսափեցնող էր, կեսն էլ քաղաքական մյուս ուժերին վիրուսի տարածման համար մեղադրանքներ հնչեցնելն էր։ Մնացած բոլոր դեպքերում ամեն ինչ, սովորության համաձայն, տեղավորվում էր հնի ու նորի, սևի ու սպիտակի տրամաբանության մեջ։
Թե ինչ կքննեն ու ինչ եզրակացություն կներկայացնեն խորհրդարանականները, կերևա առաջիկայում, բայց ապրիլյան հանձնաժողովի պես կկարողանա՞ն խնդրին ուղիղ առնչվող պաշտոնյաների հրավիրել ու քննել։ Օրինակ, Փաշինյանին կանչել ու հարցնել, ենթադրենք, վիրուսի դեմ պինցետով ու օղիով պայքարի արդյունավետության մասին։ Չնայած եթե Անդրանիկ Քոչարյանը համարձակություն չունեցավ Նիկոլ Փաշինյանին կանչելու և հարցնելու՝ Նիկո՛լ, ի վերջո, Ռուսաստանի գիտությամբ ու թույլտվությա՞մբ է ապրիլյան քառօրյա պատերազմը եղել, թե՞…
Բայց հազիվ թե կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովի անդամների «դուխը» հերիքի նրան այդ հարցով խորհրդարան բերելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ