Որոշ իմքայլականներ պնդում են՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի
07.07.2020 | 00:46
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում միանշանակ չեն ընդունում կառավարության համապատասխան գերատեսչության՝ ԿԳՄՍ-ի՝ հանրակրթության մասին ներկայացրած հայեցակարգը, ըստ որի, կրճատվելու են դպրոցներում դասավանդվող հայագիտական առարկաների դասաժամերը: «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների դասաժամերի մի մասը, օրինակ, օտար լեզուներին կտրվի, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես կհանվի առարկայացանկից: «Նորի՞ց եկեղեցին, ի՞նչ եք ուզում եկեղեցուց»,- «Իրատեսը» հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկից: «Այ մարդ, մենք բան չենք ուզում, ով ուզում է, նրանից էլ հարցրեք: Առարկան, այո, պետք է դասավանդվի դպրոցներում: Ավելին ասեմ՝ այնպես չէ, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչները հաշտ են այդ հայեցակարգի դրույթների հետ: Մեր պատգամավորներից մեկը, օրինակ, առարկայի դասավանդման մեթոդիկայի փոփոխության հետ կապված դիտողություն-առաջարկներ էր ներկայացրել, բայց նախարարությունը դրանք մերժել էր»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ իրենք դեռևս չեն շտապում տեսակետ հայտնել: Ինչ տեսակետ էլ հայտնեն, հավելեց, Արայիկ Հարությունյանը չկամություն է դիտարկելու, միանգամից մտածելու է՝ եթե փոքր-ինչ տարբերվող կարծիք ենք հայտնում, ուրեմն իր հրաժարականն ենք ուզում:
Գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանի և ԱԺ կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում, հետևաբար անիմաստ է հարցի վերաբերյալ վերջինիս մեկնաբանությանը սպասել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ