Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Շարմազանով. Ես պատրաստ եմ սխալների և չարածների համար ժողովրդից ներողություն խնդրել

Շարմազանով. Ես պատրաստ եմ սխալների և չարածների համար ժողովրդից ներողություն խնդրել
12.06.2018 | 21:53

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ, անվտանգությունն ու արտաքին քաղաքական մարտահրավերները շարունակում են առաջնային մնալ Հայաստանի համար:

«Նախկինում մենք նշել ենք 5 գլխավոր կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Եվ այդ կետերի մեջ անվտանգության և բանակաշինության, Արցախի հարցի խաղաղ և հայանպաստ լուծումը մնում են մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը: Նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ խորացումը, պաշտպանական ոլորտում շարունակելով մի շարք ծրագրերի իրագործումը («Ես եմ», «Պատիվ ունեմ»), փաստեց, որ թե անվտանգության, թե պաշտպանության և թե արտաքին քաղաքական ոլորտում մեր քաղաքական թիմի քայլերն արդարացված էին և բխում էին բացառապես մեր ժողովրդի և պետության շահերից: Ափսոսանքով պետք է նշեմ, որ, անտեսելով այս ամենը, ականատես ենք լինում որոշ ելույթների, որոնք նպատակ ունեն սևացնել ամեն ինչ: Կարծում եմ՝ դիմացինին սևացնելով, նրանք չեն կարող բյուրեղանալ: Այո, մենք ունենք և ունեցել ենք թերություններ, և ես պատրաստ եմ այդ սխալների և չարածների համար մեր ժողովրդից ներողություն խնդրել: Աստված տա, նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար: Արցախի հարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 3 հայտնի սկզբունքների հիման վրա, պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Վերջին շրջանում Նախիջևանում զինվորական տեխնիկայի կուտակումը և Արցախում հայ զինծառայողի սպանությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջան պետության ռազմատենչ էությունը: Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ դա սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական բոլոր փորձերը՝ վիժեցնել բանակցային գործընթացը և անտեսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, դատապարտելի են: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է հստակ պատասխան տա ադրբեջանցիների ապակառուցողական քաղաքականությանը:
Քաղաքական ուժերը կարող են ունենալ տարաձայնություններ, բայց համազգային հարցերում մենք պարտավոր ենք լինել միասնական, ընդդիմություն թե իշխանություն՝ հասնելու մեր երազանքների ազատ, անկախ ու ազգային Հայաստանի կառուցմանը»` Աժ հայտարարությունների ժամին ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ