Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

«Փոփոխության պետք է ենթարկվի սուպերվարչապետական համակարգը»

«Փոփոխության պետք է ենթարկվի սուպերվարչապետական համակարգը»
01.06.2018 | 00:44

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պարտադիր է, բայց, իհարկե, «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններից հետո միայն: Այդ մասին նա ասել է օրերս մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էին արտախորհրդարանական որոշ քաղաքական գործիչներ: Նա փոխանցել է, որ ԸՕ-ում առաջնայինը ռեյտինգային՝ բաց համամասնական ցուցակի փոփոխությունը պետք է լինի: «Կուսակցությունների մասին օրենքը ևս պետք է փոփոխություն կրի»,- նկատել է Շահգելդյանը:


Քննարկման մյուս մասնակից Արամ Մայիլյանն էլ, որ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, այն տեսակետին է, որ քաղաքական օրակարգ ձևավորում է հասարակությունը: Ավելին, ըստ նրա՝ այժմ պետք է առաջանան նոր քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ կարող են մրցակից լինել «Ելքին»: «Նկատենք, որ նա (Փաշինյանը- Ս. Վ.) հեղափոխական ալիքի վրա եկավ, իսկ հեղափոխություն նշանակում է հուզականություն, բողոքականություն և անկազմակերպվածություն: Նոր ուժեր կառաջանան, որ գուցե մոռանալ տան ՀՀԿ-ի մասին»,- ավելացրեց բանախոսը:


«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ներառված էր «ՕՐՕ» դաշինքի համամասնական ցուցակում, կարծում է, որ ասիմետրիա կա խորհրդարանի և կառավարության միջև: Քննարկման ժամանակ ասաց, որ հետհեղափոխական ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, ինչն ապացուցում է, որ այս տարվա ապրիլյան իրադարձությունները քաղաքականության ապաքաղաքականացման հետևանք էին: Խոսելով ընտրությունների մասին՝ վերջինս նկատեց, որ լեգիտիմ չեն կարող համարվել այն ընտրությունները, որոնք տեղի կունենան մինչև ԸՕ փոփոխությունները:

«Փոփոխության պետք է ենթարկվի նաև սուպերվարչապետական համակարգը. լիազորությունները պետք է բաշխվեն կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտների միջև մինչև ընտրությունները: Զուտ տեխնիկական առումով և գործընթացների տրամաբանությունը հաշվի առնելով՝ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում, եթե այլ զարգացումներ չլինեն»,- ամփոփեց Թևանյանը:
Նկատենք, որ, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, վերջին շրջանում ակտիվացել են մի շարք քաղաքական միավորներ: Վերջիններս բավական ակտիվորեն քննարկումների են մասնակցում, ասուլիսներ հրավիրում, ճանապարհային քարտեզներ առաջարկում ու պարտադիր հիշեցնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորության և անհրաժեշտության մասին: Թե վերոնշյալ քաղաքական գործիչներից որն ինչպես կփորձի մասնակցել նախանշվող ընտրություններին, դեռևս հստակ չէ, բայց պարզ է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը քաղաքական ուժերում նոր հավակնություններ է առաջացրել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ