«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հասարակության դեգրադացիան վերածվել է հոգեբանական, մենթալիտետային խնդրի

Հասարակության դեգրադացիան վերածվել է հոգեբանական, մենթալիտետային խնդրի
26.01.2018 | 09:58

Եվ այսպես, խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» դաշինքը կարծես ընտրել է զանգվածային ակցիաների ուղին: Սա թերևս տրամաբանական է, քանի որ ինչ-որ պահի խորհրդարանական ընդդիմության գոնե մեկ հատվածը պետք է ապավիներ փողոցին՝ փորձելով ավելացնել խորհրդարանի մեծամասնության վրա իր ազդեցությունը զանգվածային ճնշումների միջոցով։ Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության երկու թևերն էլ՝ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, որպես հիմնական մարտավարական գիծ ընտրել էին ներիշխանական հնարավոր տարաձայնությունների վրա իրենց քաղաքական օրակարգը կառուցելու մարտավարությունը` մասնավորապես, հույսը դնելով Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև ակնկալվող մրցակցությունում այս կամ այն կողմի դիրքերն ուժեղացնելու կամ թուլացնելու վարքագծի վրա։ Սակայն այն պահից սկսած, երբ «Ելք»-ում սկսեցին համոզվել, որ այդ երկու գործիչների քաղաքական և կառավարչական տանդեմն ավելի շուտ կշարունակի իր գործունեությունը, քան կքանդվի, քաղաքական այս ուժը որոշեց ժամանակ չկորցնել և որդեգրել ընդդիմության համար ավելի ավանդական գործելաոճը՝ զանգվածային ակցիաների միջոցով իրենց դիրքերը խորհրդարանում ամրապնդելու եղանակը։ Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ նույն «Ելք»-ը ամբողջովին հրաժարվում է ներիշխանական պղտոր ջրերի ինտրիգներում իր ձուկը բռնելու մարտավարությունից։ Ավելի շուտ փորձ կարվի համադրել թե՜ զանգվածային, թե ինտրիգային ռեսուրսները։


Ինչևէ, ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի` թանկացումների դեմ ուղղված բավականին երկար քարոզվող երթը։ Բողոքի այս ակցիան կարելի է դիտարկել մի քանի ասպեկտից. մի կողմից այն թեստ էր՝ տեսնելու, թե այս փուլում ընդդիմությունը (ոչ միայն «Ելք» դաշինքը) կազմակերպչական, կառուցվածքային առումներով որքան է գործունակ, մյուս կողմից, կարևոր էր հասկանալու համար, թե հասարակությունը իրական կյանքում և ոչ թե վիրտուալ տարածքում ինչպես է արձագանքում երկրում ծավալվող գործընթացներին։
Եվ այսպես, ինչ ցույց տվեցին վերոնշյալ թեստերի արդյունքները։
Պարզ է, որ «Ելքն» ի սկզբանե հասկանում էր, որ միայն իր սեփական, այսպես կոչված, «ինստիտուցիոնալ» ռեսուրսների վրա հույս դնելը գրեթե հեռանկար չունի, քանի որ քաղաքական այս ուժը կուսակիցների, համակիրների մեծ զանգվածներ չունի, չունի նաև ֆինանսական միջոցներ՝ նրանց փողոց դուրս բերելու համար։ Սակայն «Ելքն» ընտրել էր բողոքի մի ձևաչափ՝ երթ, որն արտաքինից, վիզուալ տեսակետից բավականին խաբուսիկ է։ Այն բողոքի մի ձև է, որը որոշակի էներգետիկա է պարունակում՝ մարդիկ շարժման մեջ են, այստեղ աշխատում է ամբոխի հոգեբանությունը, մարդիկ ամբոխում իրենց ավելի ուժեղ են զգում, մանավանդ եթե կրակն անընդհատ թեժացնող հռետորներ են լինում։ PR-ի տեսակետից երթ անցկացնելը շատ ավելի ճիշտ է. զանգվածն ավելի շատ է երևում, կողքից ցուցարարներին միանում է թամաշան և այլն։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ «Ելքը» փորձել էր էներգետիկա ստանալ և ոչ թե կազմակերպել հանրահավաք, որտեղ անմիջապես ակնառու են դառնում ակցիայի բոլոր թերությունները, մարդկանց սակավությունը և այլն։
Միևնույն ժամանակ անցկացված հանրահավաքով «Ելքը» պետք է ցույց տար իր ներուժը, քանի որ իր կարևորագույն քաղաքական խնդիրներից մեկը (եթե ոչ առաջինը) մինչև 2022 թվականն ընդդիմության դաշտում սեփական առաջնորդությունն արձանագրելն է։
Երկրորդ թեստը, որ «Ելք» դաշինքը փորձում էր պարզել կազմակերպված ակցիայով, այն էր, թե իրավիճակին ինչպես կարձագանքի ընդդիմադիր դաշտը։ Ինչպես և կանխատեսվում էր, պրակտիկան ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտ կոչվածը, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, վերածվել է բավականին ամորֆ մի բանի։ Մասնավորապես, խորհրդարանական ընդդիմադիր դաշտում գործունեություն իրականացնող «Ծառուկյան» դաշինքը երթին չմասնակցելը բացատրեց նրանով, որ իրենց ոճն այլ է, և իրենք հարցերի լուծումը երթերի մեջ չեն տեսնում, այլ խորհրդարանում հարցեր բարձրացնելով։

Այս գործելաոճը սպասելի էր՝ հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքի ծագումնաբանությունն ու ակնհայտ պայմանավորվածությունները իշխանության հետ խաղի թույլատրելի կանոնների շուրջ։ Մյուս ընդդիմադիր ուժերը, ինչպես և իրենք էին բնորոշում, չէին պատրաստվում ուրիշի հարսանիքում ծափ տալու։ Բացեիբաց հասկացնում էին, որ կա բավականին լուրջ անվստահություն ընդդիմադիր հատվածների միջև։ Նույնիսկ դժվար է ասել, որ ընդդիմադիր ուժեր են, քանի որ դրանք նախկին քաղաքական ուժերի ցրված բեկորներ են, որոնք խորհրդարանական ընտրություններում կատարյալ ձախողումից հետո, խելքի չեն գալիս ու այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչով պետք է զբաղվեն ընդհանրապես. ո՛չ օրակարգ ունեն, ո՛չ կառուցվածք, ո՛չ էլ, ոմանց դեպքում, քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն։ Իրականում գործունեության իմիտացիա են ստեղծում ժամանակ առ ժամանակ արվող հայտարարություններով, կարծես թե սպասում են, թե ով այնպիսի առաջարկ կանի, որ կարողանան դրա շուրջ որևէ բան նախաձեռնել։ Մի խոսքով, «Ելք» դաշինքի ակցիայի երկրորդ թեստը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտ հասկացություն, որպես այդպիսին, գրեթե գոյություն չունի։ Առավելապես ընդդիմություն են աշխատում, հատկապես խորհրդարանում, իսկ արտախորհրդարանական մակարդակում պրակտիկան ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ առումով Հայաստանում փաստացի նման ուժեր չկան։


ՈՒշագրավ էր նաև «Ելք» դաշինքի երթին հասարակության արձագանքը։ Գուցե այս անգամ սպասումները հասարակությունից փոքր-ինչ շատ էին, քանի որ թվում էր, թե բավականին զգացմունքային թեմա է ընտրվել, թեմա, որն առնչվում է յուրաքանչյուրին, թեմա, որ հացի խնդիր է, սուր սոցիալական հարց։ Սակայն հասարակությունն ինչպես կար ապատիայի մեջ, պասիվ կարգավիճակում, այդպես էլ շարունակում է մնալ։ Երթին մասնակցում էր առավելագույնը 1500-2000 մարդ` իրավապահ համակարգի պաշտոնական և ոչ պաշտոնական աշխատակիցները, լրագրողները ներառյալ։ Սա շատ վերլուծաբանների, այդ թվում` օտարերկրյա դիտորդների զարմանքն առաջացրեց։ Իրավիճակը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք բավականին լուրջ հասարակական ճգնաժամի հետ, ինչը վերածվում է մենթալիտետային ճգնաժամի։ Դեգրադացիան հասել է այն աստիճանի, որ, ամենայն հավանականությամբ, հասարակությունն սկսել է չհավատալ ոչ միայն քաղաքական ուժերին, այլև, որքան էլ տարօրինակ է, ինքն իրեն։ Եվ դա, որոշ վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ տարիներ շարունակ հասարակության մի ստվար զանգված ընտրական պրոցեսներում ներգրավված է եղել հիմնականում ձայների առուծախի մեջ։ Ընտրությունից ընտրություն այդ զանգվածն ավելանում էր, որոնք 5 կամ 10 հազար դրամով ընտրում էին նրան, ով այդ գումարը տալիս էր, տվյալ դեպքում խոսքը փող ունեցող իշխանական ուժերի կամ իշխանության կողմից գումար բաժանելու թույլտվություն ունեցող, օրինակ, ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ շաղկապված գործիչների մասին է։ Հասարակությունը, կարծես, կորցրել է ինքն իր նկատմամբ վստահությունն ու անգամ հարգանքը։ Հասկանում է, որ եթե նույնիսկ դուրս գան ցույցերի, և ցանկացած պահի ինչ-որ մեկն ինչ-որ բանով գայթակղի իրենց, ապա պատրաստ են դադարեցնելու պայքարը հանուն այդ նույն պայմանական 5 կամ 10 հազարների։ Հասարակության դեգրադացիան վերածվել է հոգեբանական, մենթալիտետային խնդրի։ Ընդ որում` այդ դեգրադացված զանգվածը նույնպես ակտիվ է, այն իր քաղաքական դիրքորոշումներին մշտապես փնտրում է գումարի այլընտրանք։ Մյուս կողմից, հասարակության մեջ կա նաև զանգված, որը որոշակի փուլերում չի գայթակղվել գումարային առաջարկներով, այլ, մասնակցելով ընտրություններին, իր բողոքն արտահայտում էր ընդդիմությանը ձայն տալով։ Սակայն այդ դեպքում արդեն ընդդիմություն կոչեցյալը, որ բավականին շատ ձայներ էր ստանում, հետընտրական զարգացումներում այդ ձայները վերածում էր ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական կապիտալի։ Այս ամենը տեսնելով՝ հասարակության ակտիվ զանգվածը, հիասթափվելով ընդդիմություն կոչվածից, ըստ էության, այժմ իր գործողություններով հասկացնում է, որ իրեն միջնորդ պետք չէ իշխանության հետ շուկայական հարաբերություններում։ Եթե ձայները, ի վերջո, պետք է փաստացի վաճառվեն, ապա կվաճառեն հենց իրենք։


Այս ամենի համատեքստում նորից գալիս ենք այն եզրահանգման, որ եթե այսօր իշխանության որևէ թև, իր սեփական նպատակները հետապնդելով, շահագրգիռ չէ, որ բողոքի ակցիաները լինեն երկարատև ու զանգվածային, ինչպես «Էլեկտրիկ Երևանի», տրանսպորտի սակագնի բարձրացումների դեպքում էր, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը նման հնարավորություն, իսկ երբեմն նաև ցանկություն չունեն:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ