ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Որոշ հանրապետականներ Ռուբիկոնն անցան

Որոշ հանրապետականներ Ռուբիկոնն անցան
22.09.2017 | 04:23

Այս շաբաթ հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում, իհարկե, Հայաստան-Սփյուռք համաժողովն էր։ Սակայն պարզվեց՝ նույնիսկ տարածաշրջանում այսօր տեղի ունեցող բոլոր գործընթացները՝ Արցախի հարցի շուրջ քննարկումներից մինչև Հայաստան-Սփյուռք համաժողով, ի զորու չեղան ստվերելու մեր հանրության ընկալմամբ գլխավոր իրադարձությունը՝ 2018 թվականի հնարավոր վերադասավորումները և, մասնավորապես, վարչապետի հարցը։ ՈՒ քանի որ այս գործընթացն ամիսներ է տևում, և թեմայում առանձնապես մեծ զարգացումներ չկան, ուստի շատ դիտորդներ, փորձագետներ, լրատվամիջոցներ ավելի շատ փորձում են լսել այս համատեքստում հիմնական գործող անձանց ելույթները, մանրակրկիտ դիտարկել նրանց գործողությունները և որոշակի ակնարկներ փնտրել հնարավոր զարգացումների համատեքստում։


Հետաքրքիր է, որ երբ նորընտիր Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին ելույթն ունեցավ և հանդես եկավ համապարփակ ծրագրի ներկայացմամբ, բոլորը նշեցին, որ դա ամենևին հեռացող ղեկավարի ելույթ չէ, այլ հիշեցնում է հեռանկարների վրա կառուցված, ընդհուպ մինչև 2040 թվականը ուրվագծող քաղաքական գործչի ծրագիր։ Սակայն գրեթե նույն բանը կարելի է ասել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթների ու գործողությունների մասին։ Դրանք բոլորը կառուցված են հեռանկարի վրա, և մշտապես հայտարարվում է մեկ-երկու տարի հետո կատարելիք քայլերի, գործարար, ներդրումային համաժողովների մասին։ Մասնավորապես, օրերս Հայաստան-Սփյուռք համաժողովում վարչապետը նշեց, որ 2018 թ. աշնանը կառավարությունը նախատեսում է ներդրումային ծավալուն համաժողով։ Նախանշված ծրագրերի երկարաժամկետությունը, հեռանկարները, գործող կառավարության անելիքները, առաջիկա մեկ-երկու տարվա կտրվածքով, բոլորովին կասկած չեն հարուցում, թե վարչապետը հեռացող ֆիգուր է։ Բացի այդ, վարչապետը նաև հետևողականորեն հայտարարում է 2018-ի ապրիլից հետո էլ իր կարգավիճակը պահպանելու պատրաստակամության մասին։


Այսպիսով ակնհայտ է, որ երկու գործող անձինք էլ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը, համենայն դեպս, որևէ առիթ չեն ստեղծում, որպեսզի դիտորդները կամ փորձագետները ենթադրեն, թե վերջիններս հեռանալու են։ Ասել է թե՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այս երկու գործիչները՝ երկրի երկու ազդեցիկ կառավարիչներն ու ԱԺ-ում քաղաքական մեծամասնության ղեկավարն ու նրա առաջին տեղակալը, շատ հանգիստ իրենց ճանապարհն անցնում են ներքին պայմանավորվածության համաձայն. յուրաքանչյուրը խոսում է մոտ և հեռու ապագայի մասին՝ հստակ պատկերացնելով, թե ամեն մեկն ինչով է զբաղվելու այդ ժամանակահատվածում։ Ընդ որում, ակնհայտորեն պարզ է, որ երկու վարչապետ լինել չի կարող։ Մեկն է լինելու վարչապետ, իսկ մյուսը հստակ գիտի, թե ինքն ինչով է զբաղվելու։ Եթե Կարեն Կարապետյանի պարագայում կասկած չկա, որ նա պատկերացնում է, որ ղեկավարելու է ապագա կառավարությունը և դրա մասին բազմիցս հայտարարել է, Սերժ Սարգսյանն ընդամենը ակնարկում է, որ մնալու է կառավարման համակարգում և լուրջ դերակատարում է ունենալու, սակայն որևէ կերպ չի նշում, թե ինչով է զբաղվելու։ Թերևս, միայն մի պարագայում է նա շեշտել, որ փորձելու է զբաղվել անվտանգության հարցերով։ Այս ֆոնի վրա, երբ այս երկու գործիչները եղած պայմանավորվածությունների շրջանակներում իրենց գործն են անում և պատրաստվում են հետագայում այս կամ այն կարգավիճակում համատեղելու գործողությունները, նույն հանրապետական կուսակցությունում, կարծես, սկսվում է յուրահատուկ նախընտրական, հիմնականում վատ քողարկվող պայքար այս երկու գործիչների ընտրության միջև։ Արդեն կարելի է արձանագրել, որ աշնանից սկսած՝ այդ պայմանական ասած նախընտրական պայքարը թևակոխել է նաև բացահայտ փուլ։ Մասնավորապես, թեկուզ և առանց անուններ նշելու, Սերժ Սարգսյանի ուղղակի վերահսկողության տակ գործող երիտասարդական թևից աճած ու այսօր պետական լուրջ լծակների տիրապետող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդհատ ապագա վարչապետի ինչ-որ չափորոշիչներ է ուրվագծում և այդ չափորոշիչների տակ ակնհայտորեն հարմարեցնում է Սերժ Սարգսյանին` առանց անուն տալու։


Այս առումով շատ հեռուն գնաց Գալուստ Սահակյանը, որն ամիսներ շարունակ իրեն բնորոշ խուճուճ նախադասություններով փորձում էր ինչ-որ բան հասկացնել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ղեկավար պաշտոնի։ Սակայն վերջերս տված հարցազրույցում բառացիորեն ասում է, որ ինքը Սերժ Սարգսյանից բացի, որևէ մեկին վարչապետի պաշտոնում չի պատկերացնում։ Եվ երբ լրագրողը ԱԺ նախկին խոսնակին հարցրեց, թե իր կարծիքի հետ շատե՞րն են համամիտ «Հանրապետականում», նա պատասխանեց՝ մեծ մասը։ Ավելին, շեշտեց, որ ինքը յուրահատուկ արշավ է տանելու շարքերում, որպեսզի համոզեն Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Այս պարագայում, կարելի է ասել, ՀՀԿ-ում սկսվում է Սերժ Սարգսյանին աջակցողների համախմբում։ Հատկանշական է, որ փորձագետներից ոմանք այստեղ տեսնում են նաև նախկին վարչապետ և ոչ վաղ անցյալում ՀՀԿ կարկառուն գործիչ Հովիկ Աբրահամյանի ակտիվության նշաններ, որն այս գործընթացներում գուցե կատալիզատորի, արագացնողի դեր է կատարում, ինչպես պնդում են, հանդիպումներ ունենալով հանրապետականների հին գվարդիայի հետ։ Հովիկ Աբրահամյանը միշտ էլ առերևույթ ցույց է տվել, որ իր կռիվը ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Կարեն Կարապետյանի հետ է, ում նույնիսկ նա այլաբանորեն անվանել էր «տեխնոլոգիական կեղտաջուր»։


Այս առումով բավականին հետաքրքիր դիրքորոշում է ցուցաբերում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Երբ նրան հերթական հարցազրույցում ակնարկեցին, թե 2018 թ. շատերը վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ոմանց երազանքն է, իսկ երազանքները երբեմն չեն իրականանում։ Սա բավականին հետաքրքրական պատասխան է։ Ընդ որում՝ երազանքների չիրականանալու թեման նրա հարցազրույցի առանցքն էր։
Բնականաբար, թեմայի շուրջ կրքերը թեժացան Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում սփյուռքահայ մասնակցի և Կարեն Կարապետյանի միջև եղած հայտնի երկխոսությունից հետո, երբ սփյուռքահայության ներկայացուցիչը, գոհունակություն հայտնելով վարչապետի գործունեությունից, ըստ էության նրանից երաշխիք ուզեց, որ 2018-ի ապրիլից հետո էլ է նա լինելու վարչապետ։ Կարեն Կարապետյանի «այո» պատասխանը միանգամից հայաստանյան լրատվական և փորձագիտական դաշտն ընկալեց որպես արդեն իսկ կայացրած որոշում ապագայի վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ դրանից հետո «Հանրապետականի» մինչ այդ ակտիվ դիրքորոշում հայտնողները կա՛մ հնարավորինս սվաղում են իրենց պատասխանները խնդրո առարկայի շուրջ, կա՛մ առհասարակ ընդհատակ են անցել։ Չի բացառվում, որ սա հստակ լռելու մասին հրահանգ է, որ եկել է ամենավերևներից, կամ էլ հանրապետականների վերոհիշյալ խավը փորձում է իրեն ապահովագրել ապագայում հնարավոր անախորժություններից։ Նրանց տրամաբանությունը հետևյալն է. եթե, ըստ իրենց, ամեն ինչ որոշում է մի մարդ, և նա Սերժ Սարգսյանն է, ապա չի կարող պատահել, որ վարչապետը փափագի իր պաշտոնում մնալ և դրա մասին առանց ՀՀ նախագահի հետ համաձայնության գալու հայտարարել։ Այդ պարագայում լռելը, թերևս, ավելի անվտանգ է։


Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի վերնախավում մոտավորապես սկսում են պատկերացում կազմել, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու 2018-ի ապրիլից հետո (դա արտացոլվում է նաև նրանց կողմից վերահսկվող լրատվական ռեսուրսներում), և այս պարագայում «Հանրապետականի» ավագների թիմն անհանգստացած է իրավիճակից, ուստի ձևավորում է Սերժ Սարգսյանին համոզողների շտաբը, և այս անգամ առանց ներքին կոնսպիրացիան պահելու անցնում է գրոհի՝ փորձելով Սերժ Սարգսյանին համոզել, որ եթե ինքը չլինի, ապա ամեն ինչ կկործանվի։ Այսպիսով, նրանք գնում են վաբանկ։ Ավելին, երբ Գալուստ Սահակյանին հարցրին վարչապետի՝ ռուսաց լեզվի խորացված ուսուցման հրահանգի մասին, «մաեստրոն», ոչ ավելի-ոչ պակաս, դա վերագրեց հայկական բթամտությանը։ Այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ են արդյոք ՀՀԿ ավագները և նրանց կից որոշ երիտասարդներ, առանց Սերժ Սարգսյանի հավանության, ինքնուրույն բացել խաղը և գնալ վաբանկ։ Հավանաբար, մի կողմից, ինչպես արդեն նշեցինք, կա՛մ նրանց ձեռնտու չէ Կարեն Կարապետյան-վարչապետ կոնֆիգուրացիան, և ամեն ինչ անում են այդ մոդելը խափանելու համար, կամ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը, լինելով փորձված քաղաքական գործիչ և պալատական ինտրիգների վարպետ, փորձում է վարչապետ չդառնալու իր որոշումը հնարավորինս թանկ զիջել։ Հասկանալի է, որ առաջիկայում խաղն ավելի բաց է ընթանալու. ոմանք Ռուբիկոնն անցել են, և իշխող վերնախավում ու կուսակցությունում տիրող տրամադրությունները քողարկելը դառնում է անիմաստ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6014

Մեկնաբանություններ