ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

«Երկիր ծիրանին» դիմել է ԿԸՀ՝ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Երկիր ծիրանին» դիմել է ԿԸՀ՝ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
17.05.2017 | 00:08

«Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
ԿԸՀ դիմումում, որը տարածել է կուսակցության լրատվական ծառայությունը, ասված է. «2017-ի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ ՀՀԿ-ի հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը և հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով և ներկայացված ԿԸՀ:


Ձեզ տեղյակ ենք պահել, որ մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում տեսախցիկներից չեն երևում և տեսախցիկների աշխատանքը խափանված է:
Տեղյակ եք նաև մեր արձանագրված անհերքելի փաստին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել և տարել տեղամասի տեսախցիկից չդիտարկվող վայր:
Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` ՀՀԿ-ի դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել և բարեխիղճ ընտրողների կողմից այն անվավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշանները ակնհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել և բերվել է ընտրատեղամաս և կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը»:


Կուսակցությունը նաև նշում է, որ «Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի և հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե և շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ)»:


«Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթն անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:
Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընդգրկվել է Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել է ուղղորդված քվեարկություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017-ի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա և այդպիսիք հնարավոր չէ շտկել:


Դիմում-բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ