«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մեր հեռահեռահեռանկարը

Մեր հեռահեռահեռանկարը
12.05.2017 | 00:20

Մայիսի 11-ին նախագահի նստավայրում ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիր ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև՝ ձեռամբ Արմեն Աշոտյանի և Աղվան Վարդանյանի: Արմեն Աշոտյանի խոսքով` սկզբունքային քաղաքական տարբերություններ կան կոալիցիոն նախորդ և ներկա հուշագրերի միջև. «Նախորդը նախընտրական էր, իր գործածության մեջ ժամկետային չգրված սահմանափակում ուներ, հեռանկարը կախված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»: Աղվան Վարդանյանի խոսքով՝ համագործակցության հիմքում երեք հիմնարար արժեքներ են՝ «Առաջինը՝ Հայաստանի ու Արցախի ընդհանուր անվտանգությունը, երկրորդը՝ տնտեսությունը և տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երրորդը՝ երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու համատեղ վճռականությունը»:


Կոալիցիայի շրջանակներում կուսակցությունների պորտֆելների հարցը կքննարկվի հետո, վարչապետը կլինի ՀՀԿ-ից: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միմյանց խոստացել են հավատարիմ մնալ 2016-ի փետրվարի 24-ի քաղաքական համագործակցության համաձայնագրին, համադրել 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրերը և, չզարմանաք, սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները անշրջելի դարձնել, նոր որակի իշխանություն ձևավորել՝ նպատակ ունենալով կառավարության կազմում համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը: Նորից չզարմանաք՝ իշխող կուսակցությունները իրենց համագործակցության ռազմավարական նպատակ են համարում «մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգի ամբողջացումը», այսինքն՝ կա նման համակարգ, մնում է ամբողջացնել, որ գործի: Նրանք խնդիր են դնում Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն: ՈՒզում են «ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը», «նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը»: Ցնցող է, չէ՞:

Հուշագրում ամրագրված է, որ նրանց նպատակն է «Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը, արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով, ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը»։


Հուշագիրն ունի երեք կետ՝ ենթակետերով, այստեղ կարելի էր վերջակետել՝ խոնարհվելով խնդրի գիտակցության ու մեծության առաջ, միայն ափսոս, որ հուշագրերը լավագույն մտադրությունների բանաձևեր են ու պարտավոր չեն մեխանիզմներ նշել, որը ամբողջ փաստաթուղթը դարձնում է սոսկ համատեղ իշխելու հիմք: Եվ, այնուամենայնիվ, կոալիցիան նպատակից բացի նշել է իր առաջնահերթությունները՝ նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը: Ավելին՝ հայտարարվում է, որ կառավարությունը նոր կառուցվածք և գործունեության կարգ կունենա: Հուշագրում նաև ազգ-բանակ հայեցակարգն է հիշատակված՝ կարևորելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծումը: Առաջնահերթ է որակվել և ընտրական համակարգի կատարելագործումը, փաստորեն գործող համակարգից դժգոհություններ կան, ինչպես՝ իրականացվող սոցիալական քաղաքականությունից, որի առաջ խնդիր է դրվում ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ:

Երրորդ անգամ չզարմանաք՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշել են սահմանել կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը: Եթե այստեղ էլ փորձենք ամփոփել, պիտի արձանագրենք՝ լավագույն մտադրությունների հռչակագրային որակը, որը, որքան էլ հրաշալի, համարժեք չէ իրավիճակին: Իրենց իսկ հայտարարած խնդիրների լուծման համար գոնե երեք կետ պիտի առանձնացնեին՝ 1. Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերության վերականգնումը, 2. Արտագաղթի կանխումը և ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ծրագրի մշակումը, 3. Նոր և նպատակային աշխատատեղերի ստեղծումը: Որքան ասես կարելի է կատարելագործել Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, փոխել ու փոփոխել կառավարության կառուցվածքը, գործունեության կարգը ու կազմը, բայց նույնիսկ բացարձակ կատարելության հասնելով օրենքների ու կառավարման համակարգի մեջ՝ պետք է մարդ ունենաս, ում կառավարես, այլապես ստացվում է հուշագիր, որ միմյանց հետ կարող էին կնքել նվազագույնը Գերմանիայի, Բելգիայի կամ Իտալիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժերը: Հայաստանի համար սա իրականությունից կտրված ու ինքնապահպանման միտված երկու կուսակցությունների իշխանության հանրային լավագույն ցուցափեղկն է, որ երկրի ու ժողովրդի համար հեռահեռահեռանկարային է: Ցավոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հավելեմ, որ երրորդ կետով սահմանվում է, որ քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը, կողմերն իրենց հորդորել են գործել փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մթնոլորտում: Քաղաքական պաշտոնները միմյանց միջև որոշել են բաշխել խորհրդակցելով ու համաձայնելով, նաև ճշտել են, որ տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն կուսակցության թեկնածուն, իսկ մյուս կուսակցության դիրքորոշումը հրապարակման ենթակա չէ: ԱԺ-ում քվեարկության հարցն էլ է լուծված՝ կոալիցիայի կողմերը պարտավորվել են Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Հարց՝ նորի՞ց ենք Սահմանադրություն փոխելու: Ողջ հարգանքով հանդերձ՝ կողմերը միմյանց առաջ նաև դուռը բաց են թողել՝ հեռանալու համար՝ համախոհություն չձևավորվելու դեպքում՝ կողմերի միջև սկզբունքային տարաձայնություններ առաջանալիս՝ բանակցություններում համաձայնության չգալու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:

Եվ այս կետից հետո միայն նշվում է, որ հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը: Իսկ եթե մեկը հեռանո՞ւմ է: Չվախենաք՝ կոալիցիան կարող է քանդվել, բայց դա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ չի դառնա, ինչպես լինում է, ասենք, Իտալիայում, Բելգիայում, Իպանիայում, ոչ: ՀՀԿ-ն միայնակ կկրի իշխանության ծանր ու ծանրացող բեռը: ՈՒ դա հիանալի պատճառ է, որ ՀՅԴ-ն չբացի կոալիցիայից դուրս բերող դուռը: Բուռն, արդյունավետ ու երկարատև աշխատանք հերթական կոալիցիային: Ամեն ինչ նոր միայն սկսվում է, թեպետ, իրականում՝ կրկնվում է:

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ