«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հիմա ելք կա՞, թե՞ չկա ընտրակաշառքից

Հիմա ելք կա՞, թե՞ չկա ընտրակաշառքից
09.05.2017 | 00:20

Երևանի ավագանու ընտրություններից 6 օր առաջ «Ելքը» որոշեց սենսացիոն ավարտել ընտրարշավը՝ ասուլիսում դաշինքը հայտարարեց, որ հաղթելու դեպքում նախատեսում են մայրաքաղաքի բյուջեից 15 000 դրամ հատկացնել այն ընտրողներին, որ կհրաժարվեն ընտրակաշառքից։ Ի՞նչ է սա նշանակում՝ հաջող գտնված PR քա՞յլ ընտրարշավի շրջանակներում, երբ մեդիան սկսելու է քննարկել՝ կեսը դատափետել, կեսը դրվատել, ընտրողն էլ ընտրակաշառքի «այլընտրանք» է ստանում՝ 15 000 «օրինական» դրամ հետո՝ 5 000 կաշառքի փոխարեն հիմա, թե՞ ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման: Արդյունքում կբարձրանա ՀՀԿ-ի ընտրակաշառի գումա՞րը, թե՞ «Ելքին» ընտրողների թիվը: Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ փորձում է փոխել իրավիճակը, որ մարդիկ սոցիալական խնդիրների պատճառով ստիպված չլինեն ընտրակաշառք վերցնել: «Մենք ներդնում ենք սոցիալական աջակցություն՝ ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիների համար: Երևան քաղաքի բյուջեի հնարավորությունների մեր հաշվարկով և ինչքան ավելացում կունենանք, որպեսզի շատ արագ այդ մարդկանց կարիքները հոգանք: Հույս ունեմ, որ առաջիկայում քաղաքի բյուջեի ավելացման մասով մենք կկարողանանք ավելի մեծ աջակցություններ տրամադրել Երևանի բնակիչներին»՝ հայտարարել է նա:

Գաղափարը, որ ծնվել է քարոզարշավում, քաղաքապետի թեկնածուն ամենևին ընտրակաշառքի առաջարկ չի համարում։ Նաև ֆինանսական հաշվարկներ են արվել՝ նախատեսել են մոտ 3 միլիարդ դրամ, որ բավարարեն բոլոր դիմումատուներին։ Դիմումը բավարարվելու է ավագանու որոշմամբ՝ օրինական․ «Սոցիալական հոդվածներով էսօր էլ բյուջե կա, բայց մեր կարծիքով, ընդհանրապես Երևան քաղաքի բյուջեն արդյունավետ չի ծախսվում, էդ բյուջեն կոռուպցիոն ռիսկեր ունի, էդ բյուջեն ատկատային ռիսկեր ունի, էդ բյուջեն ծախսվում ա շատ վատ, և էդ բյուջեից քաղաքացիները չեն օգտվում այնքան, ինչքան պետք է օգտվեն»:


Իրավաբան Էդմոն Մարուքյանը ևս նրա հետ համաձայն է. նա ասել է, որ որոշ քաղաքացիներ իրենց պատմել են ընտրակաշառք վերցնելու ու գումարը բաժանողի օգտին քվեարկելու մասին: «Ինչպե՞ս դրա դեմն առնել: Պետական մեխանիզմը մտածված է․պետական մակարդակում էն անպատժելիության մթնոլորտը, որ կա Հայաստանում, երբ որ էն, ինչ որ տեղի ա ունենում, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնում»՝ ասել է նա: Հայտարարված դրույթը ավելացվել է դաշինքի նախընտրական ծրագրին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրություններից հետո քանի՞ ընտրող է դիմում «Ելքի» գրասենյակ՝ իր ազնվության գինը ստանալու։ Իսկ եթե պարզվի, որ Երևանում ավելի շատ ընտրող կա, քան՝ բնակի՞չ: Սա՝ մեկ, և հետո՝ հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի ու Տարոն Մարգարյանի միջև: Ինչո՞ւ է «Ելքը» ընդունում խաղի անօրինական կանոնները՝ փորձելով անօրինականության մեջ օրինականություն բերել: Եթե սա ընդամենը PR է, վատ PR է՝ ձայն չի ավելացնելու, իսկ վարկը գցելու է: Եթե սկսնակի արկածախնդրություն է, ոչինչ, փորձ կհավաքեն, կուղղվեն: Իսկ եթե լուրջ մտածված-քննարկված-ընդունված որոշում է, փաստում է, որ «Ելքը» տեսավ՝ ելք չկա՝ ընտրողին հետաքրքրում է միայն փողը, ուրեմն թող քաղաքն էլ վճարի քաղաքացուն: Ի՞նչ անեն այն ընտրողները, որոնց ոչ ոք փող չի առաջարկել, բայց ուզում են քաղաքում իրավիճակ փոխվի ու որոշել են ընտրել «Ելքին»: Անշահախնդիր: Ձրի: Հավատալով: Կգնա՞ն ընտրության՝ կաշառամերժ դիմումատուների հետ կողք կողքի ընտրելու, թե՞ կմտածեն՝ դուք էլ՝ ձեր ծիրանն էլ, ձեր ելքն էլ, ձեր քաղաքապետն էլ:

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ