«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՀՀՇ-ն փրկում է ԲՀԿ-ի պատի՞վը

ՀՀՇ-ն փրկում է ԲՀԿ-ի պատի՞վը
06.05.2017 | 18:46

168.am-ին հարցազրույց է տվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀ-ում հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները։ Նրանց մի մասը պնդում էր, որ իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ստորագրել։ Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում, այդ թվում նաև Ձեր պարագայում» հարցին ի պատասխան Արարատ Զուրաբյանը պարզաբանել է, որ թիվս այլոց ներկա է եղել, երբ «Ծառուկյան» դաշինքում նոտարի ներկայությամբ այլ փաստաթղթերի հետ կազմվել է ինքնաբացարկի դիմումը։ ՀՀՇ վարչության նախագահը հաստատում է, որ բոլոր ներկաները, առանց բացառության, քաջ գիտակցելով, թե ինչ են ստորագրում, ստորագրել են ինքնաբացարկի դիմումները և կատարել նոտարական գրառումները։ Նրա կարծիքով՝ ինքնաբացարկի դիմումների նպատակը մեկն էր՝ որ պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու առավելագույն ջանքեր գործադրի՝ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար։ Ռեյտինգային թեկնածուները, որ ստորագրել են դիմումները, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ ունեցել են հստակ պայմանավորվածություն, որով հանձն են առել անհատապես ձայների որոշակի քանակ ապահովել։ Պայմանավորված քանակով ձայներ չստանալու պարագայում, նրանք պարտավորվել են հրաժարվել մանդատից և մանդատի տրամադրման որոշումը վերապահել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը։


Արարատ Զուրաբյանը իր զարմանքն է հայտնել, որ ԿԸՀ-ում որոշ թեկնածուներ հայտարարել են, թե ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել՝ «Դա, մեղմ ասած, տարակուսելի էր, քանզի գոնե ես տեղյակ էի, որ այդ մարդիկ գոնե իրենց հոգու խորքում գիտակցում են, որ մեղանչում են ճշմարտության դեմ»։ Զուրաբյանն ասում է, որ ինքը պայմանավորվածություն ու պարտավորություն չի ունեցել ինչ-որ քանակի ձայն հավաքելու վերաբերյալ՝ լինելով ՀՀՇ նախագահ՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել է բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար։ Ինքնաբացարկի դիմումը ստորագրելը Արարատ Զուրաբյանն ի սկզբանե դիտարկել է տեխնիկական փաստաթուղթ և ստորագրել է իմ նախաձեռնությամբ: Հետաքրքիր է, որ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀՇ նախագահը որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից: Ինչո՞ւ: Ակնկալում էր, որ ԲՀԿ-ն մեծամասնություն է ստանալու ու իշխանությա՞ն է գալու: Պարզվում է՝ ԿԸՀ-ի նիստի նախօրյակին նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանին և որոշել են, որ ի թիվս մի քանի այլ պատգամավորության թեկնածուների, պետք է հետ վերցնի ինքնաբացարկի դիմումը և մանդատը ստանա: Գուցե այդպես էլ լիներ, բայց ԿԸՀ-ում հանդիպել է թեկնածուների, որ՝ ստորագրած լինելով ինքնաբացարկի դիմումները և ստանձնած լինելով որոշակի քանակի ձայներ ապահովելու պարտավորություն, իմանալով, որ չեն կատարել խոսքը, հայտարարեցին, թե դիմումներ չեն ստորագրել։ Արարատ Զուրաբյանի գնահատականով՝ լինելով Գագիկ Ծառուկյանի թիմակիցներ, այդ մարդիկ խախտել են մարդկային պարկեշտության նորմերը այն մարդու հանդեպ, որ, բացի մշտապես բոլոր առումներով իրենց աջակցելուց, նաև նրանց քաղաքական թիմի ղեկավարն է։

«Ի տարբերություն նրանց, Գագիկ Ծառուկյանը և ես ավելի քան 20 տարվա ընկերներ ենք, իսկ կոնկրետ ընտրական գործընթացում հարաբերվել ենք բացառապես քաղաքական համագործակցության տրամաբանության շրջանակներում։ Միևնույն ժամանակ ինքնաբացարկների դիմումներից հրաժարվելու այս շքերթը, որը լայն արձագանք ստացավ քաղաքական շրջանակներում և մամուլում ու շատերի կողմից իրավացիորեն դիտարկվեց որպես ուղղորդված գործընթաց, իմ մեջ առաջացրել է լրջագույն հիասթափություն։
Անկախ ամեն ինչից գործ ունենք տղամարդկային խոսքի ու խոստումի դրժման, արժանապատվությունը մանդատի հետ փոխանակելու ցածր ու անբարո գործելակերպի, այդպիսով նաև պատգամավորի պատիվը արատավորելու անընդունելի փաստի հետ: Ինչպես կարող են պատգամավոր դառնալ մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքական պայմանավորվածություն, այլև տղամարդու խոսք պահելու ունակ չեն: Նման ցածր ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մարդիկ ոչ միայն չեն կարող, այլև բարոյական իրավունք չունեն որոշումներ կայացնել երկրի ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Ի վերջո, բացի քաղաքական հարաբերություններից կա մարդկային ճշմարիտ վարքագիծ, որի սահմանը անցնողները չպետք է տեղ ունենան խորհրդարանում: ՈՒստի՝ չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, ես որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Համոզված եմ, որ թե իմ կենսագրությամբ, թե անցած ճանապարհով կայացրել եմ այս իրավիճակին համարժեք որոշում։ Միաժամանակ հաջողություն եմ մաղթում «Ծառուկյան» դաշինքի բոլոր արժանապատիվ ներկայացուցիչներին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենց հետագա քաղաքական գործունեության ընթացքում»՝ ասել է Արարատ Զուրաբյանը։ Բայց հարցը մնում է անպատասխան՝ մեղքը գործել են ուրիշները, ինքը ինչո՞ւ է որոշել իրեն պատժել:

Եվ ընդհանրապես՝ կա՞ Ընտրական օրենսգիրք, թե՞ ընտրությունները կազմակերպում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարները՝ սահմանելով գրված օրենքի չգրված հոդվածներ: Որքանո՞վ է իրավական ընտրություններից առաջ մանդատից հրաժարվելու դիմումներ ստորագրելը, որ Արարատ Զուրաբյանը ներկայացնում է խիստ կամավոր գործընթաց: Որքանո՞վ է բարոյական բարոյականություն որոնել այնտեղ, ուր աշխատել է փողը: Իրավականորեն ունի՞ իրավունք կուսակցության նախագահը որոշելու՝ ով մանդատ ստանա, ով՝ ոչ: Անբարոյականությունը արարք է, որտեղ նվազագույնը երկու, հաճախ նաև ավելի կողմեր են լինում: Բարոյակա՞ն է՝ բարոյականություն ակնկալել կողմերից մեկից, մյուսներին իսկզբանե տալով անբարո լինելու իրավունք: Փաստացի՝ դաշինքի ներսում ևս մանդատի առևտուր է եղել՝ ձայն կբերես, մանդատը քոնն է, չես բերի, ում կուզեմ՝ նրան կտամ: Եվ իր պատասխաններով Արարատ Զուրաբյանը հաստատում է հենց այդ իրողությունը:


Գագիկ Ծառուկյանը ֆեոդալական այդ ծիսակարգը նախորդ ընտրություններում էլ կիրառել է, բայց առանց սկանդալի: Հիմա էլ սկանդալ չէր լինի, եթե իրենց ինքնաբացարկից հրաժարվողները կուսակցությունից դուրս այլ տեր չունենային: Հրապարակավ բոլորը մեղադրանքի սլաքներն ուղղեցին ՀՀԿ-ի դեմ: Իսկ ինչո՞ւ միայն ՀՀԿ-ի, եթե նույնքան հրապարակավ հայտնի էր, որ Ռոբերտ Քոչարյանը նոր խորհրդարանում իր համար թիմ է փորձում ստեղծել՝ պարզապես գնելով մանդատների տերերին: Եթե ՀՀԿ-ի ներսում կա Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան գորդյան հանգույցը և վարչապետին էլ իր թիմն է պետք խորհրդարանում: Իհարկե, ԿԸՀ նախագահի հեղափոխական որոշումը՝ ընդունել ինքնաբացարկը հերքող դիմումները և մանդատներ հանձնել, չէր կարող ինքնագլուխ լինել, այդ փաստը իսկապես էլ հետքերը տանում է դեպի ՀՀԿ, բայց այս պարագայում՝ ոչ կուսակցություն, այլ՝ ՀՀԿ նախագահի աշխատասենյակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բացի ԲՀԿ մամլո խոսնակից, ԲՀԿ նախագահն ու բոլոր կարկառուն ԲՀԿ-ականները լռում են, որ բնորոշ պահվածք չէ նրանց համար՝ ամեն առիթով-չառիթով մեջտեղ եկողներն ու Գագիկ Ծառուկյանին հավատարմության երդում տվողները հիմա խորհրդավոր լռությա՞ն մեջ են տեսնում նրան ծառայելը: Եվ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀՇ նախագահն է միայն պահում ԲՀԿ նախագահի պատիվը:

Դիտվել է՝ 2281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ