ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Լևոն Տեր-Պետրոսյանը հնձում Է այն, ինչ ցանել է

Լևոն Տեր-Պետրոսյանը հնձում Է այն, ինչ ցանել է
19.04.2017 | 17:23

Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին կքննի ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Իհարկե, որևէ սպասելիք ՍԴ-ից չկա. Գագիկ Հարությունյանի գլխավորած մարմինը երբեք չի հակադրվել իշխանություններին, ու չի արձանագրվել որևէ դեպք, երբ դատական իշխանությունը կասկածի տակ դնի ընտրությունների լեգիտիմությունը, եթե նույնիսկ դրանք ավելի խայտառակ ընթացք են ունեցել, քան նրանք, որ տեղի ունեցան ապրիլի 2-ին` հիմնականում կազմակերպված և առանց ցնցումների:

Քաղաքակիրթ երկրներում զանգվածային հուզումներ տեղի կունենային, եթե հրապարակվեին դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրությունները կամ «ՍԱՍ գրուպի» սկանդալային նյութը: Հայաստանում գործ ունենք, այսպես կոչված, «կլիենտիզմի» համակարգի հետ, երբ ընտրողները` «հաճախորդները», մասնակից են «տերերի»` իշխանությունների ու օլիգարխների պրոյեկտներին, ըստ այդմ, հետընտրական հուզումները, ըստ էության, բացառվում են: Չնայած` ՍԴ-ն տեղի չի տվել նույնիսկ այն դեպքերում, երբ զանգվածային հուզումները սպառնում էին իշխանության հիմքերին:


ՍԴ անփոփոխ նախագահ Գագիկ Հարությունյանին Երրորդ Հանրապետության իշխանությանը, քաղաքական էլիտային ինտեգրել է հենց Լևոն Տեր-Պետրրոսյանը` նրա և մի քանի այլ կոմունիստ պատգամավորների քվեով իրականություն դարձնելով 1990-ի «թավշյա հեղափոխությունը»: Շատերը մինչև հիմա էլ համարում են, որ Գագիկ Հարությունյանի նշանակումը ԳԽ, ապա հանրապետության փոխնախագահների պաշտոններում խորհրդանշական իրադարձություն էր այն իմաստւվ, որ իշխանության եկած ՀՀՇ-ն աստիճանաբար հրաժարվում էր շարժման արժեքներից` գերակա համարելով իր իշխանության պահպանումը:


Փաստն այն է, որ Գագիկ Հարությունյանն այն ֆիգուրներից է, որոնք նշանավորեցին հետսովետական առաջին իշխանության նոմենկլատուրայացումը: Հետո փոխվեցին նախագահներ, իշխանություններ, սակայն այդ նոմենկլատուրայի միջուկը մնաց` որպես իշխանության բովանդակություն և հիմնական աջակից:


ՍԴ-ն մի քանի օրից կմերժի Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի դիմումը, եթե նույնիսկ դատարան ներկայացվեն անհերքելի ապացույցներ: Տեր-Պետրոսյանը հնձում է այն, ինչ ցանել է: Սա բնության օրենքն է, որի դեմ անզոր է նույնիսկ կուռ տրամաբանությունը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ