«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ ամփոփիչ հավաքում

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ ամփոփիչ հավաքում
31.03.2017 | 22:33

Երեկ մենք հողին հանձնեցինք պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։ Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։ Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջնական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։
Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: ՈՒ մենք միակամ ենք այս հարցում։
Մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆայելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսուհետ լինելու նրանց տունը։ Ամենակարող Աստծո զորությամբ։


Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մենք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա է հաղթանակի միակ ուղին:
Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյունավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում։
Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:


Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկերացումներից խոսել, եթե պատկերացում չունես, թե այդ կյանքի իրավունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։


Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշեք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՜ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշեք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Հիշեք սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է։ Հիշե՜ք Արցախյան հերոսամարտում զոհված ընկերներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջերմությունն իրենց զինվոր-սաների մարտական պատրաստության նոր ձեռքբերումներն են։
Հիշեք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ