«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Կանխատեսելի ընտրություններ` մի քանի ինտրիգներով

Կանխատեսելի ընտրություններ` մի քանի ինտրիգներով
31.03.2017 | 21:11

Նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչներն ու ընտրողները խոստովանում են, որ ընտրարշավի ֆավորիտները ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են` «ծածկելով» ընտրողների 70-80%-ի քվեն: Սա այն «ներուժն» է, որն ունեն քրեական ու նոմենկլատուրային օլիգարխիաները, վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը, Կարեն Կարապետյանի հմայքն ու Գագիկ Ծառուկյանի անվերապահ աջակցությունը լյումպենի կողմից:

Մյուսները պայքարելու են 20-30% քվեների համար ու ավելորդ է ասել, որ, ըստ էության, մասնակցություն չեն ունենալու ներհամակարգային այն պայքարին, որը ծնելու է Հայաստանի նոր իշխանությունը 2018թ-ի ապրիլից հետո: Այս վիճակը միայն ներքուստ է կայունացնում իրավիճակը` կոնֆլիկտային ռիսկեր ծնելով համակարգի ներսում և արմատական տրամադրություններ` հանրության օտարված շերտերում:
Համակարգն իր ռեսուրսից «թուլափայ» է նետելու ՀՅԴ-ին ու ՀՎԿ-ին: Այս երկու կուսակցությունները, չնայած իմիտացիոն քարոզարշավ անցկացնելուն ու հանրային աջակցության բացակայությանը, հայտնվելու են խորհրդարանում, որովհետև պահանջարկված են իշխանության հնարավոր սցենարների ու կոմբինացիաների համար:
Ոչ ավանդական, նպատակային ու իշխանությունների համար ոչ կանխատեսելի քարոզարշավ անցկացրեց «Ելք» դաշինքը: Նրանց մասամբ հաջողվեց նոր ընդդիմության և հանակարգային այլընտրանքի հայտ ներկայացնել: Մարուքյան-Սարգսյան-Փաշինյան եռյակի գլխավորած դաշինքը նույնպես ներկայացված կլինի նոր խորհրդարանում:


Կոմունիստներն ի սկզբանե որևէ շանս չունեին հայտնվելու նոր խորհրդարանում, և քարոզարշավը միայն հաստատեց այդ փաստը: ՕՐՕ դաշինքն իրականացրեց ակտիվ, դասական, բայց ձախողված քարոզարշավ` շեշտը դնելով ոչ թե նոր գաղափարների, այլ սկանդալների, ոչ թե ընտրողի քվեի, այլ նրա հետընտրական ակտիվության վրա: Անկախ այն հանգամանքից, թե որն է Սամվել Բաբայանի ձերբակալության իրական մոտիվը` դաշինքի «գորշ կարդինալի» անազատությունը խորհրդանշում է ՕՐՕ-ի անխուսափելի ձախողումը: ԱԴԿ-ն գուցե ունի առաջադեմ գաղափարներ, սակայն քարոզարշավով չլուծեց անգամ սեփական ճանաչելիության հարցը` զրոյականին հասցնելով նոր խորհրդարանում իր հայտնվելու շանսը:
Ընրությունների արդյունքները, գլոբալ առումով, կանխատեսելի են, սակայն պահպանվում են մի քանի ինտրիգներ:


Առաջին` արդյո՞ք ՀՀԿ-ն կձևավորի մեծամասնություն ու միակուսակցական կառավարություն, թե՞ կլինի հանրապետական հարաբերական մեծամասնություն, որը նոր կառավարության ձևավորման գործընթացում կդիմի ՀՅԴ-ի, գուցե նաև` ՀՎԿ-ի աջակցությանը: Սա էական հարց է, որովհետև կանխորոշելու է նաև ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հարաբերություններն ու մեծ հաշվով` նոր իշխանության կառուցվածքն ու բովանդակությունը:


Երկրորդ` ի՞նչ տոկոսներ կստանա «Ծառուկյան» դաշինքը: Եթե դա լինի, օրինակ, 20-25%, ապա Ծառուկյանի թիմը խիստ վերահսկելի կլինի` 2018-ին՝ ինտեգրվելով Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի պրոյեկտներին: Եթե Ծառուկյան» դաշինքը ստանա, ենթադրենք, 30%-ից ավելի քվե, մեծանում է Ծառուկյանի քաղաքական մանևրի հնարավորությունը:
Երրորդ ինտրիգը կապված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հետ: Արտաքուստ նրա խաղաղության ծրագիրը չի ընդունվել հասարակության կողմից, և սոցիոլոգիական բոլոր հարցումները կանխատեսում են Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ձախողումը: Մյուս կողմից` առաջին նախագահի խարիզման, նրա հեռուստաելույթները գուցե կոնսոլիդացնեն մեր հասարակության պացիֆիստական հատվածը` հնարավորություն ընձեռելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մուտքը խորհրդարան (չի բացառվում, որ դրան նպաստեն իշխանությունները): Քիչ աանական է այս հեռանկարը, բայց ինտրիգը, այնուամենայնիվ, պահպանվում է:
Եվ վերջապես` կլինեն արդյո՞ք հետընտրական զարգացումներ: ՕՐՕ-ի պոտենցիալը դրան չի ձգում, մյուսներն այս դաշինքին չեն վստահում: Վերջին տեղում չէ նաև հասարակության գործոնը, որը, իր մեծամասնությամբ, գործարքի գնալով համակարգի հետ, ապաքաղաքական վիճակում է լինելու: Սակայն սա չպետք է հանգստացնի իշխանություններին, որովհետև դժգոհությունները ոչ մի տեղ չեն անհետացել ու մի օր կարող են արտահամակարգային դրսևորում ունենալ: Դրա տխուր փորձն ունենք:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ