ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Քարոզարշավ. օր քսանվեցերորդ. կոմունիստները ծաղրում են Կարապետյանին ու Ծառուկյանին

Քարոզարշավ. օր քսանվեցերորդ. կոմունիստները ծաղրում են Կարապետյանին ու Ծառուկյանին
31.03.2017 | 11:42

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց արտահերթ նիստում, որը երկու անգամ 1.5 ժամով ընդմիջվել է, որոշել է մերժել «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը: ԿԸՀ այս որոշումը կանխատեսելի էր, բայց հրաշալի առիթ դարձավ, որ «Ելք» դաշինքի մի քանի հարյուր համակիրներ երթ կազմակերպեն Երևանի կենտրոնում, որն ավարտվել է ԿԸՀ շենքի մոտ` հանրահավաքով: Դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը քննադատության թիրախ է դարձրել թե՛ գործող իշխանությանը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը: «Իրականում ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը Զիտան և Գիտան են, որոնք վերջում, պարզվում է, հարազատ քույրեր են»,-պատկերավոր համեմատություն է արել Սարգսյանը:

Երեկ տեղի է ունեցել նաև «Ելքի» երրորդ համար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որի ընթացքում նա ասել է, թե, իրենց հարցումներով, խորհրդարան անցնելու են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը», ապա հավելել է. «ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ։ Այսօր ՀՀԿ-ն հետևյալ կերպ է քարոզարշավն անում` մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկելու»:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, արդեն հստակ որոշել են, որ հաղթանակի դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է. «Եթե մենք վերցնում ենք մեծամասնություն, վարչապետի մեր թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է»,-«Ազատություն» ռադոկայանին փոխանցել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ակնարկելով, թե ընտրությունների կեղծման դեպքում կարող են փողոց դուրս գալ:


Երեկվա «բոցի» հեղինակը ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանն է, ով սենսացիոն հայտարարություն է արել ու դարձյալ ներդրումների թեմայով: Նա խոստացել է 16-17 մլրդ դոլարի ներդրումներ, սակայն ավելի համեստ է գտնվել Կարեն Կարապետյանից ու Գագիկ Ծառուկյանից և նախապայման է դրել` ոչ թե կոմկուսի հաղթանակը, այլ` խորհրդարանում հայտնվելը: Ինչ-որ մեկը որոշել է ծաղրել Կարապետյանին ու Ծառուկյանին` օգտագործելով կոմունիստներին: Մնում է գուշակել այս «չար կատակի» հեղինակին:
Իր քարոզարշավն Ազատության հրապարակում հավաքված երկու-երեք հազար համակիրների ներկայությամբ ամփոփել է ՀՅԴ-ն: Իհարկե, այս հավաքն ավելի շատ նմանվել է համերգի, քան հանրահավաքի, սակայն Արմեն Ռուստամյանը մի ուշագրավ հայտարարություն, այնուամենայնիվ, հնչեցրել է: «Ապրիլի 2-­ին այս նույն անպարտելի ոգով ընտրենք Չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը: Կեցցե այն Հայաստանը, որ այս նոր սկզբունքով, նոր շնչով ու նոր երանգով է գալու»,-ասել է դաշնակցական գործիչը, թերևս բացահայտելով այն ատելությունը, որ ավանդական կուսակցությունը տածում է Երրորդ հանրապետության հանդեպ:


Վարչապետ Կարեն Կարապետյանը մեզ արդեն քաջածանոթ մտքերը երեկ կրկնել է «Մոսկվա» կինոթատրոնում ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը և «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ