ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Անվտանգություն և առաջընթաց. «Հանրապետականի» միակ ծաղիկը

Անվտանգություն  և առաջընթաց. «Հանրապետականի» միակ ծաղիկը
24.03.2017 | 10:11

Այո, Հայաստանի հանրապետական կուսակցության կարգախոսը, որով այն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում: Այս բովանդակությամբ կարգախոսի ընտրությունը հասկանալ է տալիս, որ երկրի համար առաջնային նշանակություն ունեցողը այդ հարցերն են, հանուն որոնց կուսակցությունը մտել է ընտրապայքարի մեջ և հնարավոր հաղթանակի դեպքում իր կազմավորած կառավարության գերակա խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովումը:

Տեղին է հիշեցնել մեր ընտրողին, որ հանրապետական կուսակցությունը արդեն երկար տարիներ գտնվում է երկրի իշխանության ղեկին: Այդ ընթացքում առաջադրվել են նաև այլ կարգախոսներ՝ բարեկեցիկ, ապահով: Ինքնաբերաբար առաջացող հարցը, թե այդ կարգախոսներից յուրաքանչյուրին հաջորդած ժամանակաշրջանում դրանցից որն ինչ չափով է իրականացվել, ունի իր պատասխանը: Այդ պատասխանը կարող է տալ յուրաքանչյուր քաղաքացի, որը, ի հեճուկս այս իշխանությունների, դեռ գտնվում է իր հայրենիքում, կամ նա, ով չդիմանալով «ապահովության» ու «բարեկեցության» հմայքներին, լքել է այն: Կարգախոսի ընտրությունը ենթադրում է, որ առաջիկա ընտրական ժամանակահատվածի համար մեր հասարակական կեցության այդ բաղադրիչների բարելավումը ամենաէական խնդիրն է: Իսկ դրա փոփոխությունը, բնականաբար, պետք է նշանակի, որ նախորդի հետ կապված ողջ անելիքը բարեհաջող իրականացվել է: Իսկ բովանդակային առումով այդ կարգախոսները միմյանցից որքա՞ն են տարբերվում: Եթե իրար կողքի դնենք այդ երեք կարգախոսները՝ բարեկեցիկ, ապահով, անվտանգ, ապա կտեսնենք, որ դրանց միջև տարբերություն գրեթե չկա: Ասել է թե` այս իշխանությունների կառավարման երկար ու ձիգ տարիներին երկրում ոչինչ դեպի լավը չի փոխվել, կամ, այլ կերպ ասած, ոչինչ չի արվել ընտրած կարգախոսը կյանքի կոչելու համար: Իրավունք ունենք ենթադրելու նաև, որ կարգախոսի ընտրությունը իշխանության իրական նպատակների հետ ըստ էության կապ չի էլ ունեցել:


Փորձենք հասկանալ, թե այժմ ի՞նչ վիճակում է մեր երկրի անվտանգությունը, առաջընթացի ո՞ր հանգրվանում ենք մենք այժմ, և թե ինչ բովանդակային խորություն կարող է ունենալ իշխանությունների ուղերձը:
Անվտանգություն: Որո՞նք են այն հիննախնդիրները, որ կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը, ինչպիսի՞ վիճակ է այժմ դրանցից յուրաքանչյուրում, և ի՞նչ միջոցներ ու ճանապարհներ կան այդ սպառնալիքները չեզոքացնելու համար: 1. Արցախի դեռևս չճանաչված հանրապետության ֆիզիկական գոյությանը սպառնացող թշնամին, որ սպառնում է նաև Հայաստանի Հանրապետության խաղաղ կեցությանը: 2. Մեր պաշտպանական կարողությունները: 3. Մեր դիվանագիտությունը: 4. Մեր տնտեսությունը:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կերպ է հնարավոր չեզոքացնել Ադրբեջանի հավակնությունները Արցախի տարածքների նկատմամբ, պետք է նախ հասկանալ նրա իրական պահանջները իրենց ամբողջության մեջ: Իսկ դրանք, այդ պահանջները չեն սահմանափակվում Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտիով, և ոչ էլ բուն Արցախի տարածքով: Նրանց հավակնություններն ընդգրկում են նաև Հայաստանի Հանրապետությունը: Այն կարծիքը, թե մենք կզիջենք անվտանգության գոտու տարածքները, և Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը, այսօրվա իրողությունների մեջ տեղավորել հնարավոր չէ: Այդպիսի առաջարկ արված է կողմերին, որին, ըստ ամենայնի, բանակցություններում հայկական կողմը ներկայացնողները համաձայն են, իսկ ադրբեջանական կողմը ոչ միայն չի նստում այդ սեղանի շուրջը, այլև ամենօրյա սահմանային միջադեպերի սադրումով արտահայտում է իր արհամարհանքը այդ առաջարկների նկատմամբ: Ինչպես ստեղծված վիճակի վերաբերյալ իր միտքը ձևակերպեց մեր քաղաքագետներից մեկը, իր ապակառուցողական դիրքորոշումով Ադրբեջանը մեզ կանգնեցրել է երկընտրանքի առաջ: Ասել է թե` հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղից ելք չենք տեսնում, կամ ավելի ճիշտ կլինի ասել, այդ ելքի բանալին մեր ձեռքում չէ: Պիտի ենթադրել, որ այդ բանալին մեզ երկընտրանքի առաջ դնողի ձեռքում է: Եվ սա լիովին արտահայտում է իշխանությունների պատկերացումները ստեղծված իրավիճակի մասին: Ըստ այդմ էլ գործում են իշխանությունները՝ բանակցային գործընթացում սպասողական կեցվածքով, սահմանային սադրանքներին պատշաճ պատասխանելու փոխարեն՝ զսպվածությամբ: Ինչի՞ վրա են դնում հույսները: Գուցե՝ որ մի օր Ադրբեջանը հե՞տ կկանգնի իր հավակնություններից, թե՞ այդ բանին նրան կհարկադրեն միջնորդները: Իհարկե, Ադրբեջանը երբեք ինքնակամ հետ չի կանգնի իր նպատակներից: Այդպիսի միտք թույլ տալն անգամ դիվանագիտական կարճամտություն է:

Այն փաստը, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարության նշան են դնում հակամարտության կողմերի միջև անգամ ապրիլյան պատերազմից հետո, չբաժանելով թացը չորից, անհավանական է դարձնում նաև հակառակորդի նկատմամբ նրանց կողմից հարկադրանք կիրառելով խաղաղության հասնելու հնարավորությունը:
Ի՞նչ են արել մեր իշխանությունները մինչ օրս, որ ապահովեն երկրի, ժողովրդի անվտանգությունը: Ադրբեջանական կողմից անընդհատ սադրվող սահմանային միջադեպերում հայկական կողմը մշտապես հանդես է գալիս հրադադարի ռեժիմը պահպանողի դիրքերից: Արդյունքում մենք տալիս ենք բազմաթիվ ցավալի կորուստներ: Դրանք ոչ մի քաղաքական գնահատական չեն ստանում միջնորդների կողմից, ավելին՝ համանախագահ երկրներին սովորեցնելով իր անվերահսկելի վարքագծին, Ադրբեջանը դառնում է է՛լ ավելի սանձարձակ: Եվ կապ չունի, թե մենք քանի անգամ և ի՛նչ տոնայնությամբ մատնացույց կանենք համանախագահներին այդ խախտումները, խնդրելով կարգի հրավիրել Ադրբեջանին և հավասարության նշան չդնել մեր միջև:


Այդ անկամ գործելաոճը ադրբեջանական ղեկավարության մեջ հասունացրեց անգամ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու հավանականությունը: Եվ նրանք սանձազերծեցին ապրիլյան պատերազմը, որտեղ թշնամու մտադրությունները ձախողվեցին միայն սահմանին կանգնած մեր սպաների ու զինվորների խելահեղ հայրենասիրության ու պատվախնդրության հաշվին: Ճիշտ է, մեր իշխանություններն ու նրանց խոսափող լրատվամիջոցները չխորշեցին այդ ամենը նաև որպես բարձրագույն ռազմական ղեկավարության ծրագրային աշխատանքի արդյունք ներկայացնելուց:
Ապրիլյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչ այդ օրակարգում չկային այն պատճառով, որ համարվում էին կամ ներկայացվում որպես պատշաճորեն լուծված: Առաջին խնդրահարույց փաստը պատերազմի սկսման հանկարծակիությունն էր մեր (նկատի ունեմ նաև Արցախի) բանակի համապատասխան ստորաբաժանումների և ղեկավարության համար: Հաջորդը մեր բանակի զենքի հնությունն ու մաշվածությունն էր, սահմանին կանգնած մեր զինվորների նյութական ու զինական անապահովությունը, սահմանային հենակետերի պաշտպանական ամրությունների խոցելիությունը: Անգամ ամենօրյա սահմանային միջադեպերի մասին պատմող ռեպորտաժներից երևում էր, որ մեր դիրքերում, միջին որակի հողային ամրություններից բացի, որևէ բան չկար զինվորին հակառակորդի հանկարծակի հարձակումից կամ հեռահար կրակից պաշտպանելուն կոչված: Մեկ էլ հենակետ տանող ճանապարհին կախված պահածոյի թիթեղյա տուփերի շարանը որպես «ձայնային ազդանշանային համակարգ»: Թե ինչպես է զինվորն ապահովվում անձնական պարագաներով, դրա մասին էլ գիտենք: Ծնողների ծանրոցներով բեռնված երթուղայիններն ամեն օր են գնում դիրքեր ու վերադառնում:
Այդ բոլոր կասկածները իշխանությունները ժխտում էին հավաստիացումներով, թե բոլոր տարիներին բանակի բոլոր օղակների կողմից սրբորեն կատարվել են այն մատակարարումներն ու ներկրումները, որոնք անհրաժեշտ են եղել բանակի նյութական և ռազմական պահանջների համար:


Անդրադառնանք մի քանի փաստերի, որոնք տեսանելի են դարձնում իշխանությունների հավաստիացումների արժեքը պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցների խելացի, խնայողական տնօրինման մասին: Պաշտպանության նախարարը, երբ նոր էր նշանակվել, առիթ ունեցավ պատասխանելու Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործների խնդրանքին՝ եթերում: Պատասխանը, որքան էլ այն իրավիճակը հանգուցալուծելու հավակնություն ուներ, ավելի շուտ բացեց բանակի նյութական ապահովման ոլորտի իրական վիճակը: Կարտոֆիլագործները բողոքում էին իրենց արտադրանքը բանակի համար գնել ցանկացող մատակարարների առաջարկած գնից՝ մեկ կգ կարտոֆիլի դիմաց քառասուն դրամ: Նրանք դիմում էին պաշտպանության նախարարին, խնդրելով միջամտել այդ իրավիճակին և հնարավոր դարձնել գնման գինը բարձրացնել մինչև վաթսուն դրամ մեկ կգ կարտոֆիլի համար, որպեսզի հնարավոր լինի աշխատել: Նախարարը ժպիտը դեմքին հորդորում էր նրանց «լեզու գտնել» մատակարարների հետ, ցույց տալով, որ ըստ էության այդ ոլորտում ինքը իրական միջամտություն անելու լիազորություն չունի: Այդ նույն զրույցի ժամանակ հայտնի դարձավ, որ մատակարարը, որ ցանկանում է արտադրողից գնել կարտոֆիլը մեկ կգ-ի համար վճարելով քառասուն դրամ, միաժամանակ արդեն պաշտպանության նախարարության հետ ունի պայմանավորվածություն նույն մեկ կգ կարտոֆիլը նրան հարյուր դրամով վաճառելու մասին:


Ի՞նչ կարելի է հասկանալ սրանից: «Մատակարարը» հավակնում է միայն առքուվաճառքի գործառույթով աշխատել մեկուկես անգամ ավելի, քան բուն արտադրողը, որ իր աշխատանքի արդյունքին հասնելու համար հազար ու մի դժվարություն ու զրկանք է հաղթահարել: «Մատակարարին» սկզբունքորեն չի հետաքրքրում` իր բերքը մեկ կգ-ը քառասուն դրամով իրեն վաճառած գյուղացին արդյո՞ք կկարողանա հաջորդ տարի էլ կարտոֆիլ արտադրել, թե՞ չկարողանալով վճարել արտադրական ծախսերի, վարկերի ու մնացածի համար, կսնանկանա ու կկորցնի ունեցվածքը: Բանակի մթերային ապահովության միայն մի ապրանքատեսակի՝ կարտոֆիլի մատակարարման գործին խառնված միջնորդը հավակնում է յուրացնել այդ նպատակով բանակին հատկացված ողջ գումարի 60 տոկոսը: Եվ սրան չի կարողանում հակազդել պաշտպանության նախարարը: Ներկա, թե նախկին, կարևոր չէ: Ո՞վ է այդ ամենազոր «մատակարարը»: Ի՞նչ օրենք է նրան թույլ տալիս բերքահավաքի սեզոնում գյուղացու հաշվին աշխատել այդ ահռելի գումարները: Ո՞Ւմ հաշվին են մսխվում այն լրացուցիչ վճարները, որ միայն մեկ կգ կարտոֆիլի համար կազմում են վաթսուն դրամ: Ո՞Ւմ և ինչի՞ համար է ստեղծված այդ ինստիտուտը՝ բանակում կոռուպցիան նվազեցնելո՞ւ:
Կամ թե, վերջերս վարչապետի խոսքում դուրս սպրդած այն իրականությունը, որ անհաջող կերպով փորձեց քողարկել պաշտպանության նախարարը՝ վառելիքի անորակության պատճառով մեր զինտեխնիկայի գործարկման պրոբլեմների մասին նույն քառօրյա պատերազմի ժամանակ: Իսկ արդյոք նույն պատճառով չէ՞, որ մեր զինվորները կռվում են անցյալ դարի 80-ական թվականների զենքով (բանակի ղեկավարության խոստովանությամբ):
Հետաքրքիր է: Մենք` ՀՀ հասարակ քաղաքացիներս, կարո՞ղ ենք հարցնել, թե տարեկան կտրվածքով, ըստ ապրանքային խմբերի, որքա՞ն գումար է վճարվում բանակի միջոցներից, այդ ապրանքները արտադրողից մինչև «բանակի դուռը» հասցնող «մատակարարին»: Իհարկե, մեզ չեն պատասխանի: Ըստ այդմ, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ բյուջեից բանակի նյութապահովման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների նկատմամբ բանակի ու «մատակարարի» հավակնությունները հավասար են:


Վերջապես, պարզ է, որ «մատակարարը» իր լիազորություններով գտնվում է պաշտպանության նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի միջև:
Հիմա հաշվի առնելով նոր նախարարի ակտիվ գործունեության շղարշը, զեկույցները՝ դիրքերում արված էական աշխատանքների, դիրքերում կանգնած մեր զինվորներին դիտարկման, տեղորոշման տեխնիկական միջոցներով ապահովելու մասին, հարց է առաջանում, ի՞նչ միջոցներ են ծախսվել դրանց վրա: Իհարկե, չնչին միջոցներ: Բյուջեից լրացուցիչ զգալի հատկացումներ, կարծում եմ, չեն արվել` դրանց բացակայության պատճառով: Այսինքն, դրանց վրա ծախսվել են քառօրյա պատերազմից հետո կատարված դրամական միջոցների հանգանակությունից հավաքված փողերը: Բայց դրանք ընդամենը մի քանի միլիարդ դրամ գումար էին: Եվ եթե դրանց ծախսով կատարված փոփոխություններով հաջողվել է վիճակ շտկել (իսկ որ այն ինչ-որ տեղ շտկվել է՝ փաստը փետրվարին հակառակորդի ձախողված դիվերսիան էր), ապա պատկերացնելով, թե էլ ինչ կարելի էր անել զինվորների անվտանգությունն ու պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բայց չի արվել երկար տարիներ, տարակուսում ես: Ընդամենը չորս պատերազմական օրերը վեր հանեցին մեր պաշտպանական կառույցի ու նրա ղեկավարության աշխատանքի ողջ պատկերը: Հետևությունները, մեղմ ասած, ամոթաբեր են մեր երկրի, երկրի իշխանության համար:


Ի՞նչ փաստարկներ կարող են ներկայացնել իշխող կուսակցության բանախոսները որպես անվտանգության ապահովման գործառույթում իրենց ձեռքբերում: Մեր մարտունակ բանակի առկայությունը, ինչպես և նրա հաղթանակները մեր իշխանությունները ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում, առանց պատասխանելու այն հարցին, թե արդյոք ինչպիսի՞ն կլիներ այն, եթե իրենց թողտվությամբ չթալանվեին բանակին հատկացված միջոցները:
Չեմ կարող լռության մատնել «Իսկանդերների» առկայությունը մեր բանակի զինանոցում, որ պատերազմից անմիջապես հետո իշխանական լրատվամիջոցներով անընդհատ տարփողվում էր որպես ապշերոնյան խանի գլխին կախված մահացու սպառնալիք: Մի բան մնաց անհասկանալի` ինչո՞ւ չէին դրա մասին խոսում մինչև ապրիլյան պատերազմը, եթե մինչ այդ ունեինք այդ զենքը, և ինչո՞ւ չէին կիրառում այն ադրբեջանական որևէ ռազմավարական օբյեկտի նկատմամբ: Հավանաբար, դրա թույլտվությունը չունեին: Այժմ, երբ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն է, այդ զենքի առկայության արժեքը զրո է: Այն չի պաշտպանում մեր զինվորին հակառակորդի դիպուկահարի կրակոցից:


Տակը մնաց Ազգ-բանակ լոզունգը: Այն լոզունգային հայտարարություններից այն կողմ չի անցել, քանի որ հայեցակարգ, որպես այդպիսին, չի ներկայացվել, նպատակներ չեն դրվել, դրանց իրականացման ժամկետներ չեն սահմանվել, դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ չեն նշվել: Գրեթե՝ ինչպես բարեկեցիկ կամ ապահով Հայաստանի դեպքում:
Իսկ ի՞նչ կարելի էր անել մեր երկրի անվտանգությունը շատ ավելի նախանձելի վիճակի բերելու համար, որ չի արվել, ու կարծես այդպիսի մտադրություն էլ չկա:


Այժմ վերադառնանք փորձագետի այն մտքին, որ Ադրբեջանը իր վարքագծով երկընտրանքի առաջ է կանգնեցրել Հայաստանին: Ասում է մեկ բան, անում մեկ այլ բան, այսօր համաձայնվում համանախագահների առաջարկին, վաղը հետ կանգնում դրանից, ամեն օր սահմանի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը, կիրառելով հրաձգային զինատեսակներից մինչև հրետանային համակարգեր, դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին:
Կարող ենք ասել, որ մենք ինքներս ենք մեզ դրել երկընտրանքի առաջ, ոչ թե Ադրբեջանը: Եթե մենք չենք անում այն, ինչը անհրաժեշտ է անել, որպես պատասխան Ադրբեջանի սանձարձակության, ապա գտնել այդ իրավիճակի համար երկրորդ ճշմարիտ ելք, իհարկե, հնարավոր չէ: Եվ փնտրելու կարիք էլ չկա: Իսկ ո՞րն է անհրաժեշտ պատասխանը, որ մենք պիտի ընտրենք և հետևողականորեն այդ ճանապարհով գնալու դեպքում մե՛նք Ադրբեջանին կանգնեցնենք երկընտրանքի առաջ: Արցախի և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինուժի կողմից իրականացվող ցանկացած խախտում (դա կարող է լինել հենակետերի հրետակոծություն, դիրքապահների վրա հրաձգային զինատեսակներից կրակ, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա կրակ, բնակավայրերի հրետակոծություն և այլն), պետք է ստանա անհետաձգելի և անհամարժեք պատասխան: Այն դիրքը, որտեղից կրակել են մեր դիրքերի վրա, պետք է ոչնչացվի: Եթե այն գտնվում է ավելի նպաստավոր տեղանքում, քան մեր դիրքերն են, պետք է վերցնել անվերադարձ: Նույնը՝ Տավուշի մարզի գյուղացիությանը այդքան անհանգստություն ու վնաս պատճառող այն դիրքերի դեպքում, որտեղից հրետակոծում են գյուղերի բնակելի տները, մանկապարտեզները, դպրոցները, միջհամայնքային ճանապարհները, դաշտերն ու այգիները: Դրանք պետք է ոչնչացվեն և դիրքերը պահվեն մեր ձեռքում: Թե դրան ի՞նչ անուն կտան ազերիական մեկնաբանները, ի՞նչ պիտակներով կներկայացնեն «միջազգային հանրությանը», ոչ մի նշանակություն չունի: Թե ինչպիսի՞ հետևանքներ կունենան այդպիսի գործողությունները, դժվար չէ պատկերացնել: Դրա համար մեր զինվորականների գործողություններին զուգահեռ և համընթաց պետք է աշխատի նաև դիվանագիտությունը, յուրաքանչյուր այդպիսի քայլի բազմակողմանի մեկնաբանման և հիմնավորման ուղղությամբ: Իսկ որ դրանք հիմնավոր են և մեկնաբանելի, դրանում ոչ մի կասկած չկա: Անկախ բանակցային գործընթացի նկատմամբ ադրբեջանական կողմի տեսակետից, մեր զինվորների վրա դարանակալ կրակոցները կամ քաղաքացիական բնակչության հրետակոծումները ոչ մի արդարացում չունեն: Եվ եթե մեր զինուժը ավերի այդ հենակետերը, անհրաժեշտության դեպքում դիրքերն առաջ տանի այնպես, որ թշնամուն հարկադրի ձեռնպահ մնալ որևէ սադրանքից, ապա երկընտրանքի առաջ կկանգնի հակառակորդը: Բանակցե՞լ, թե՞ կենդանի ուժի կորուստներ տալ ու դիրքեր զիջել սահմանին: Ինչպիսի՞ն կլինի միջնորդների, միջազգային հանրության արձագանքը այդպիսի մարտավարությանը: Ոչ ավելի աննպաստ, քան հիմա: Մեր դիվանագիտական օղակի ծառայողները պատրաստ պիտի լինեն իրադարձությունների զարգացման և դրանց մեկնաբանության ցանկացած տարբերակին, ոչ մի տեղ չթողնելով հակառակորդի հնարավոր առաջխաղացման համար: Այդ ամենը ի՞նչ անդրադարձ կունենա Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանության վրա: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կտանի նո՞ր պատերազմի: Ոչ: Իրադարձությունների այդպիսի զարգացումը շատ արագ և մատչելի կհասկացնի մեր հակառակորդին, որ իրենք տանուլ են տալիս: Եվ` ամեն ինչ: Ո՛չ միայն Արցախը, ո՛չ միայն պատերազմը, այլև իրենց երկրի ամբողջականությունը: Որովհետև Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին, որոնք այդ երկրի բնակչության մեջ բավական մեծ թիվ են կազմում, ադրբեջանական իշխանությունները բռնի ուժով են պահում իրենց ենթակայության տակ: Ներքաղաքական այնպիսի իրավիճակները, որոնք կարող են հաջորդել հակառակորդի սահմանային ռազմավարության ձախողումներին, արդեն այլ իներցիա կունենան և բոլորովին այլ հնարավորություններ կդնեն այդ ժողովուրդների առաջ:
(շարունակելի)


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ