ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Քարոզարշավ. օր տասնութերորդ. Սամվել Բաբայանը ձերբակալվեց

Քարոզարշավ. օր տասնութերորդ. Սամվել Բաբայանը ձերբակալվեց
23.03.2017 | 14:52

Այնպես ստացվեց, որ երեկ ինֆորմացիոն դաշտի հերոսներ դարձան գործիչներ, ովքեր հրապարակայնորեն գրեթե չէին դրսևորվել քարոզարշավի ընթացքում: Ճիշտ է, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակը, սակայն քարոզարշավին, ըստ էության, մասնակցություն ունեցավ այն ժամանակ միայն, երբ ակնհայտ էր, որ իր թիմը ձախողվում է: Տեր-Պետրոսյանի մեկ ելույթը բավարար էր, որպեսզի բոլորը խոսեն նրա ու Ղարաբաղի հարցի մասին: Տեր-Պետրոսյանին դարձյալ քննադատեցին, անգամ մեղադրեցին դավաճանության ու ՀՀԿ-ի շահերը սպասարկելու մեջ, սակայն այնպիսի տպավորություն է, որ, զուտ ներքաղաքական առումով, Տեր-Պետրոսյանը հասավ իր նպատակին:

Իշխանության ներկայացուցիչներն այնպիսի տոլերանտությամբ արձագանքեցին Տեր-Պետրոսյանին, որ փորձագիտական շրջանակներում սկսեցին խոսել այն մասին, թե Սերժ Սարգսյանն ընդունել է ներքաղաքական կոնֆիգուրացիայի տերպետրոսյանական մոդելը: Ասել կուզի` այն սխեման, որ քաղաքական դաշտի բաժանումն անցնում է Ղարաբաղի հարցով` «պատետազմի» և «խաղաղության» կուսակցություններ բանաձևով: Սա է այն բացառիկ քաղաքական միջավայրը, որը Կոնգրես-ՀԺԿ դաշինքին թույլ կտա հայտնվել նոր խորհրդարանում:

Սամվել Բաբայանն ընտրություններում ներգրավված չէ նույնիսկ ֆորմալ առումով, բայց բոլորը գիտեն, որ հենց նա է ՕՐՕ դաշինքի իրական առաջնորդը, առնվազն այն մարդը, ով, ըստ մամուլի հրապարակումների, ապահովում է դաշինքի և Ռոբերտ Քոչարյանի կապը: Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը ձերբակալվել է: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, կարդում ենք.
«Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։


ՕՐՕ-ի արձագանքը կանխատեսելի էր. նրանք քաղաքական ենթատեքստ են տեսնում Բաբայանի ձերբակալության մեջ, և, ըստ ամենայնի, այս թեման է առաջնային դառնալու դաշինքի օրակարգում: «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ավելի հեռու է գնացել իր գնահատականներում: Նրա պնդմամբ՝ իրենց հեղինակությունն օրեցօր աճում է և նման քայլով փորձում են կասեցնել հարաճուն զարգացումը։ «Սա մեզ չի կանգնեցնելու, ընդամենը իշխանությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին այն, ինչ-որ ակնհայտ էր սկզբից, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իրենց համար թիվ 1 մրցակից է և անօրինականություններիթիրախն է»-ասել է Մարտիրոսյանը։ «Թիվ 1 մրցակից» արտահայտությունը հաստատ միանշանակ չի ընկալվելու անգամ մյուս ընդդիադիրների կողմից: Սակայն սա չէ էականն, այլ այն, որ իշխանություններն, ըստ էության, վերցրեցին ՕՐՕ-ի «նետած ձեռնոցը» և խնդիրն այն է, թե արդյո՞ք այս դաշինքը կդառնա փոփոխությունների սիմվոլ, թե՞ կաթվածահար կլինի իշխանության առաջին լուրջ հարվածից:


Օրվա մյուս ուշագրավ հայտարարությունն արել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, չի բացառում հետընտրական կոալիցիայում իր դաշինքի ընդգրկումը` անգամ ՀՀԿ-ի հետ: Ծառուկյանի պայմանն այն է, որ իր պոտենցիալ գործընկերներն ընդունեն իր ծրագրի 15 կետերը: Ընդ որում, երբ Ծառուկյանը չի կարևորում իր վարչապետ լինելու հանգամանքը, ապա ակնհայտ է, որ ԲՀԿ նախագահի մեսիջը հասցեագրված է հենց ՀՀԿ-ին:
Իսկ ՀՀԿ-ն` չնայած թվացյալ «մարդկային դեմքին», քարոզարշավը շարունակում է նույն արատավոր մեթոդներով:Արտաշատ քաղաքում երեկ կազմակերպված ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցել են նաեւ շտապօգնության աշխատակիցներ: Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ շտապօգնության երկու մեքենայով մարդիկ էին բերվել քաղաքապետարանին հարող հրապարակ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ