«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչ կոչել այս ընտրությունը

Ինչ կոչել այս ընտրությունը
14.03.2017 | 15:51

Հայաստանում ընտրությունները միջոցառում են, որոնց ժամանակ բնակչության հատկապես անապահով խավը սպասում է, որ տարիներ շարունակ իր անձնական խնդրահարույց հարցերից գոնե մեկը լուծում ստանա։ Այս նպատակն իրագործելու հարցում նրա համար միևնույն է, թե ով այդ ճանապարհին կհանդիպի իրեն և ով իր մեկնած ձեռքը կբռնի։ Մարդիկ ոչ թե իրենց ապագայի հանդեպ անփույթ վերաբերմունք ունեն, այլ նրանց «ստիպել» են համակերպվել այն մտքի հետ, որ ընտրություններում ընտրողի ձայնը ոչ մի արժեք չունի։ Անկախության տարիներից իշխանությունների գործուն ջանքերով մարդկանց գիտակցությունում «նստած» է այն կարծիքը, որ նա ոչինչ չի կարող անել, ամեն ինչ որոշված է և արվելու է օրվա իշխանությունների քիմքին համապատասխան։

Հիմա, երբ ասում են, թե ընտրությունները պետք է գաղափարական լինեն, ծավալվեն քաղաքական բանավեճեր, մարդիկ պետք է ընտրեն իրենց վաղվա տեսլականը, տրամաբանական հակադարձում կա. մարդիկ այսօրվա, մեկ ժամ հետոյի տեսլականը չունեն, ո՜ւր մնաց տարիների։


Այս գիտակցությամբ խիստ հասկանալի է, թե, օրինակ, ինչու Գագիկ Ծառուկյանի քարոզարշավները մարդաշատ են լինում։ Այս մասին, ի դեպ, շատ են քննարկումները, և ասում են նաև, որ ՀՀԿ-ում էլ, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, բավական լուրջ մրցակցություն են տեսնում։ Ինչո՞ւ են Ծառուկյանին նախընտրում մարդիկ և ոչ թե մյուս ընդդիմադիրներին։ ԲՀԿ ղեկավարի շուրթերից երբեք չեք լսի աշխարհաքաղաքական խոր վերլուծություններ։ Մարդը գալիս է ու ասում՝ ով ինչ խնդիր ունի, ասեք՝ լուծեմ։ Քանի որ Հայաստանի բնակչության աղքատության մակարդակը, պաշտոնական տվյալներով, երեսուն տոկոսից էլ ավելին է, ի՞նչ եք կարծում, նրանց շա՞տ կհետաքրքրի գաղափարական վեճերն ու ելույթները։ Քանի որ բոլորի հանդեպ վստահությունն ու հավատն էլ կորցրել են, առաջնորդվում են, կներեք, ժողովրդական հայտնի ասացվածքով. «Շնից մազ պոկելն էլ է խեր»։ Եվ քանի որ մեծ «քսակ» ու հնարավորություններ ունի Ծառուկյանը, մարդիկ հենց նրանից են ակնկալում իրենց խնդրի լուծումը։


Այս ամենում պարզապես բաց է մնում մի հարց. եթե Գագիկ Ծառուկյանը զբաղված է մարդկանց առտնին հոգսերով, մյուս ուժերը պոպուլիստական հայտարարություններով, իսկ իշխանությունը տասը տարի ոչինչ չանելով նորից քվե է խնդրում, ինչո՞ւ է այս ամենի անունը դրվում ընտրություն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ