Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայը որպես գույք` ըստ ՀԱԿԿ տրամաբանության

Հայը որպես գույք` ըստ ՀԱԿԿ տրամաբանության
09.11.2013 | 11:48

Գաղտնիք չէ, որ ներքաղաքական պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկը արտագաղթի խնդիրն է: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որն ինչ-որ ձևով չանդրադառնա այս խնդրին ու չառաջարկի խնդրի լուծման սեփական բանաձևը: Արտագաղթի խնդիրը հզոր զենքի է վերածվել հատկապես ընդդիմադիրների ձեռքին։ Օրինակ, ՀԱԿԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան տիրույթում գրել է, թե ականատես է հայ-վրացական սահմանակետում արտագաղթողների հսկայական հոսքի, որոնք սահմանն անցնում էին ոտքով` իրենց հետ ունենալով միայն անձնական իրեր: Բագրատյանի ներկայացրածը հիշեցնում է ոչ թե երկրից քաղաքացիների հեռացում, այլ «Նախիջևանի գաղթը», որը, ինչ խոսք, չափազանցված է:

Երբեմնի վարչապետից իր որակումներով և չափազանցություններով չեն տարբերվում նաև ՀԱԿԿ խմբակցության այլ անդամները` հավանաբար չտիրապետելով քաղաքական գործունեություն վարելու այլ գաղափարական ռեսուրսների (եթե խոսքը այս կամ այն փոքր ու միջին համայնքում ԲՀԿ թեկնածուին աջակցելու մասին չէ): Վերջերս էլ Արամ Մանուկյանն էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրապարակավ դիմել, թե «հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է ձեր` սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայության նախագահ կամ նախարար»: Մանուկյանի արտահայտած միտքն այնքան համարձակ ու վատ մշակված էր, որ որոշակի հուզումներ առաջացրեց սփյուռքի գաղթօջախներում: Հայկական մամուլի էջերում հայտնվեցին Արամ Մանուկյանին և նրա կուռք Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված բաց նամակներ, որոնցում արտասահմանում հանգրվանած հայերն իրենց վրդովմունքն էին արտահայտում Հայաստանի խորհրդարանի պատգամավորի արտահայտած մտքերի առնչությամբ: Էլ ավելի շռնդալից էր սոցիալական ցանցերում Արամ Մանուկյանի և նրա ներկայացրած քաղաքական ուժի սփյուռքյան քննադատությունը:
Խնդիրն այն է, որ հայկական սփյուռքը բավականին զգայուն է արտագաղթի խնդիրը շահարկելուն միտված գործընթացների հանդեպ` չցանկանալով խորամուխ լինել Հայաստանի ներքաղաքական պայքարի տրամաբանության, ավելի ճիշտ` տրամաբանության բացակայության հարցերում: Հավանաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի խմբին թվում է, թե Հայաստանում և արտասահմանում բնակվող հայերը վաղուց արդեն մոռացել են, թե ինչպես 1915 թ. Մեծ եղեռնի պատճառով ձևավորված հայկական սփյուռքը «համալրվեց» 1990-ական թվականներին, երբ իշխանության եկած ՀՀՇ-ն, բառի բուն իմաստով, դատարկեց երկիրը: Հրանտ Բագրատյանը, հավանաբար, կարծում է, թե վարչապետ աշխատած տարիներին Հայաստանից արտագաղթ չի եղել, մինչդեռ սփյուռքում հայտնված հայերի գերակշիռ մեծամասնությունը երկիրը լքել է հենց Տեր-Պետրոսյան-Բագրատյան զույգի վարչատնտեսական «քաղաքականության» պատճառով, որին գումարվեց նաև վանոյական ամենաթողության պատճառով ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից զզված քաղաքացիների թիվը:
Իհարկե, ՀԱԿԿ-ն «ջրի երեսին մնալու» խնդիր ունի, սակայն արտագաղթի շահարկումը, երևույթների ուռճացումն ու հազարավոր հայերի համար իրենց ցավի, անձնական ողբերգության օգտագործումը` որպես քաղաքական նպատակների իրագործման միջոց, սփյուռքը չի կարող հանդուրժել: Մյուս կողմից էլ, սփյուռքում վաղուց համոզվել են, որ Արամ Մանուկյանի ու նրա թիմի համար հայը միշտ էլ գույք է հանդիսացել, որի հետ կարելի է վարվել ըստ պահի թելադրանքի և օրվա առաջնայնության: Հայը Լևոն Տեր-Պետրոսյանի խմբի «բալանսում» եղել է այն պահին, երբ թելադրել է անձնական շահը: Այդպես եղավ 1988-ին, երբ հայկական համաժողովրդական շարժման ալիքը իշխանության բերեց ՀՀՇ-ին, իսկ հետո այդ նույն ժողովուրդը դուրս գրվեց ՀՀՇ-ի «բալանսից»` ճարահատյալ բռնելով երկիրը լքելու ուղին: Նույնը եղավ նաև 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանի «բալանսի» վրա եղած համախոհներն ամեն ինչ արեցին նրա «երկրորդ գալուստն» ապահովելու համար, իսկ հետո «դուրս գրվեցին», քանզի Հայաստանի նախագահ դառնալու հավակնություններ ունեցող մարդուն այլևս պետք չէին: Ճիշտ հակառակը, պետք էր օլիգարխիկ մի կուսակցություն, որին «կթելու» ճանապարհը երաշխավորում է Տեր-Պետրոսյանի ֆավորիտների քաղաքական երկարակեցությունը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ