Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից և պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ

«Ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից և պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ
22.10.2013 | 00:52

Արարատ քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հիմնական մասնակիցները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Երկուսի համար էլ Արարատում կայանալիք ընտրությունը կարևոր նշանակություն ունի: Եթե ՀՀԿ-ը հաղթելու խնդիր ունի, որ ապացուցի, որ Արարատի մարզում և կոնկրետ մարզկենտրոնում ավանդաբար ազդեցություն է ունեցել, մարզը ՀՀԿ պատմության կարևորագույն դեմքերի բնակավայրն է, ապա ԲՀԿ ղեկավարությունը խնդիր ունի շարքերին ցույց տալու, որ շարունակում է հանուն իշխանության պայքարը և կարող է ՀՀԿ-ին հաղթել Վազգեն Սարգսյանի տան մոտակայքում: Ինչևէ, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ խաղացողներն են, և նրանց գործելաոճը հասկանալի է` տեղավորվելով քաղաքական պայքարի տրամաբանության առանցքում:
Միևնույն ժամանակ, անհասկանալի է ՀԱԿ-ի պահվածքը, երբ հայտարարվում է, թե Արարատում կայանալիք ընտրությանը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունն աջակցելու է ԲՀԿ թեկնածուին: Հիշենք, որ ՀԱԿ-ից սկսվեց սկզբունքային գործիչների հսկայածավալ արտահոսք այն պահից սկսած, երբ Տեր-Պետրոսյանն ու նրա անմիջական շրջապատը որոշեցին հանդես գալ որպես ԲՀԿ կցորդ: Այս հանգամանքը ոչ միայն ֆիզիկական իմաստով վնասեց ՀԱԿ-ին, այլև բարոյական ու քաղաքական: Ստացվեց, որ «ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից և պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ: Ճիշտ է, ցայսօր էլ որևէ վերլուծաբան չի մեկնաբանել Տեր-Պետրոսյանի որոշման իմաստն ու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունները կամ անհաջողությունները, սակայն փաստ է, որ այս համագործակցությունն ունի շարունակական բնույթ:
Ըստ էության, ՀԱԿ-ը կարող էր և ձեռնպահ մնալ Արարատում կայանալիք ընտրություններին միջամտելուց, հատկապես, երբ կուսակցությունը որևէ ռեսուրս չունի ընտրության արդյունքների վրա ազդելու համար: Սակայն կայացվել է ճիշտ հակառակ որոշում, և ՀԱԿ-ում ցանկանում են ուղղակի շեշտել, որ ԲՀԿ-ի դաշնակիցն են: Իհարկե, պետք է հեռու մնալ այն մտքից, թե ՀԱԿ-ը հաշվարկներ չունի և բավարարվում է ԲՀԿ սատելիտի կարգավիճակով: Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ին, բացի ԲՀԿ ֆինանսական միջոցներից ու ձևավորած քաղաքական ենթակառուցվածքներից, հետաքրքրում են նաև ԲՀԿ առաջնորդի կապերը իշխող հանրապետականի վերին ատյաններում` այստեղից բխող հեռահար նպատակներով: Լևոն Տեր-Պետրոսյանը հեռատես գործիչ է, ով ընդունակ է շատ հեռուն գնացող սցենարներ մշակելու, ուստի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը դեռևս անտեսանելի, բայց ինչ-որ լուրջ նպատակներ է հետապնդում:
Հիշենք, որ 2007-2008 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի «հեղափոխական գործունեության» կարևորագույն ուղղություններից մեկը իշխանության ներսում «դուռ բացողներ» գտնելն էր, ինչը հաջողվեց միայն մասամբ: Չի բացառվում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը Տեր-Պետրոսյանը դիտարկում է որպես կամուրջ ՀՀԿ որոշակի թևերին հավաքագրելու և իշխանության հետագա ձևավորման գործընթացն իր օգտին ավարտելու համար:


(շարունակելի)
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ