Այն, որ ԲՀԿ-ում անձի երկվությունն է մշտապես տիրել, գաղտնիք չէ: Այնտեղ «անձնական-աջ» կարծիք ունեցողները երբեք չեն իմացել` ինչ է անում «անանձնական-ձախ» կարծիք ունեցողը: Ընդ որում, ԲՀԿ-ի մեծագույն բրենդն այն է, որ անխտիր բոլոր հարցերում է նա այդքան «բազմազան»:
Հոկտեմբերի 2-ին սկսվելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի` նույն նախարարության այժմյան ղեկավար Յուրի Վարդանյանի դեմ հայցադիմումի քննությունը։ Հիշեցնենք, որ նորանշանակ նախարար Յ. Վարդանյանն իր պաշտոնավարումն սկսեց բավականին բուռն` «պոկոտելով» ՀԱՕԿ-ի դռանը փակցված նշագրերը (փաստորեն «դուռը» մեզանում դառնում է քաղաքական կատեգորիա), հետո էլ կառավարության նիստին ասաց, որ աշխատանքից ազատվելու դիմում է «գրել» Վ. Էլոյանը. պարզվեց` ընդամենը բանավոր:
Սակայն մեր քննության թեման դա չէ: Այլ այն, որ հենց նույն օրերին ՀԱՕԿ-նորանշանակ քարտուղար, սպորտի նախկին նախարար, «ոսկե տղա» Հրաչ Ռոստոմյանը հենց ոտքը դրել էր ՀԱՕԿ, աշխատակիցներից մի քանիսին բանավոր ասել էր` դիմում գրեք-գնացեք, ապա, առանց զգուշացնելու, մի գեղեցիկ օր նրանց սեղաններին են դրել իրենց ձեռքով գրված դիմումները, պահանջելով ստորագրել, հինգից չորսը խելոք ստորագրել է, մեկը` ոչ: Այս «մեկը» տևական ժամանակ գործի չի գնում, բայց և ԲՀԿ-ականների բարեհաճությունը վայելող «ոսկե տղային» դատի չի տալիս, ինչպես ԲՀԿ-ական Էլոյանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ