ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Միայն «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատնե՞րն» են մտահոգված

Միայն «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատնե՞րն» են մտահոգված
09.07.2013 | 18:16

Չնայած քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում լուրջ մտահոգություններ արդեն իսկ հնչել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ մլրդ դոլարի զենքի վաճառքի վերաբերյալ, տեսակետներ ու կարծիքներ են արտահայտվել, թե ինչ հեռահար նպատակներ ունի Ռուսաստանն իր այս քայլով, այնուհանդերձ, հայաստանյան կուսակցությունների մեծ մասը «ձկան լռություն» է պահպանում և չի ուզում նեղացնել մեր ռազմավարական դաշնակցին, միայն «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն են մտահոգված Ռուսաստանի այսօրինակ դեմարշով իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ:
Երբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք ներկայացնել կուսակցության դիրքորոշումը ՌԴ-ի քաղաքականության վերաբերյալ, նա մատնացույց արեց օրեր առաջ տարածած հայտարարությունը՝ հավելելով, որ դրան ավելացնելու բան չունի:
Իսկ հայտարարության մեջ, ի մասնավորի, նշվում է. «ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դե յուրե դաշնակցի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զինատեսակների այդպիսի մեծ ծավալների վաճառքը խիստ դատապարտելի արարք է, որն անհամատեղելի է ռազմավարական գործընկերության հետ…Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի տեղադրման հետևանքով, դրա պատասխանատվությունը կրելու է մատակարարող երկիրը»:
«Ազատ դեմոկրատներն» էլ իր մտահոգությունն արտահայտել է՝ նշելով. «Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու՝ բազմիցս հայտարարված պատրաստակամությունը և ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան՝ ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ ՌԴ-ի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին»:
irates.am-ը փորձեց իմանալ նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը: ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ինքն այս պահին ասելիք չունի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ