Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

«Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

«Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»
16.06.2013 | 00:17

ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը շարունակելու է իր պայքարը, և նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում, պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի: Դատելով ԶԼՄ-ներում սփռված տեղեկություններից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնավորեցրել, թե ինչպես, ինչ ուղղություններով է շարունակելու պայքարը, ինչպես է համախմբելու հասարակությանը, երբ թե՛ ՀՀ Նախագահի, թե՛ ԱԺ-ի, թե՛ Երևանի ավագանու ընտրությունները մնացել են հետևում, և անգամ ամենասկանդալային բացահայտումներն էլ չեն ցնցում հենց նույն ընդդիմադիր քաղաքական ուժերի մեղքով թմբիրի մեջ ընկղմված և «սեփական յուղի մեջ տապակվող» հանրությանը: Հայտնի է դարձել միայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է իր մարզային այցերը և հերթական անգամ մեկնելու է Սյունիքի մարզ: Դժվար չէ կռահել, թե ինչ կտա Սյունիքի բնակչությանը Րաֆֆի Հովհաննիսյանի և իր համախոհների հերթական այցը: Հանդիպման մասնակիցները կլսեն հերթական ելույթները կոռումպացված իշխանությունների մասին, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը բնութագրել է «անընտիր» բառով, կիրազեկվեն հերթական անարդարությունների և կեղծիքների չափաբաժնի մասին, հետո կցրվեն: Հետո նորից Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ կանի մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ վեր կանգնել վերկուսակցական ամբիցիաներից, համախմբվել, ինչը, սակայն, տեղի չի ունենա, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանին հավատում են միայն իր կուսակիցներն ու համախոհները, մյուս ընդդիմադիր ուժերի լիդերներին էլ՝ իրենց համախոհները: Եվ համախոհներով էլ հայտարարում են, որ միակ ընդդիմադիր ուժն իրե՛նք են, պայքարողն իրե՛նք են, համախմբումն էլ իրե՛նց շուրջ պետք է տեղի ունենա: Իսկ թե ինչու համախմբումը տեղի չի ունենում, որտեղ են սխալվել, ինչ պատճառներով է հասարակությունն իրենցից երես թեքել՝ ո՛չ վերլուծում են, ո՛չ էլ փորձում հասկանալ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ