ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանին, Արարատ Զուրաբյանին, Կարապետ Ռուբինյանին և Հովհաննես Իգիթյանին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի պառակտման, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին:
Արարատ Զուրաբյանն ասաց, որ իրենք պատասխանատվություն են կրում ՀՀՇ-ի անցյալի ինչպես հաջողությունների, այնպես էլ՝ ձախողումների համար: Նա հիշեցրեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը շուրջ տասը տարի ղեկավարել են ՀՀՇ-ն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Արարատ Զուրաբյանը նշեց, որ ոչ միայն անվանափոխվեց ՀԱԿ-ը, այլև՝ տեղի ունեցավ գաղափարախոսության փոփոխություն, ինչն անընդունելի է իրենց համար:
Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ԱԺ-ում ինքը ներկայացնում է «Ժառանգություն» խմբակցությունը և շարունակելու է մնալ որպես այդ խմբակցության անդամ:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը, ապա Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Մենք ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ նախկին նախագահ Բուշի կարծիքը չենք հարցրել, մենք ինքնաբավ քաղաքական գործիչներ ենք»:
Արարատ Զուրաբյանն ասաց, որ իրենք նպատակ չունեն մյուս քաղաքական ուժերի հետ հակասության մեջ մտնելու, այլ՝ փորձելու են իրենց գաղափարները համոզիչ ու ընկալելի դարձնել հանրության համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ