Հանճարեղ Սերվանտեսի ռոմանտիկ հերոս, սիրելի Րաֆֆի, ինչքա՞ն պետք է յոթերորդ երկնքից կռիվդ շարունակես հողմաղացների դեմ, ե՞րբ պետք է իջնես ու կանգնես իրական հողի վրա և սթափ հայացքով նայես չորս կողմդ։ Միգուցե իրական հողը քեզ կողմնորոշի, ու հասկանաս, որ եթե քո փոխարեն հրապարակ իջներ անտառից փախած մի եղնիկ կամ ժայռերից իջած մի քարայծ, դարձյալ նույնքան ձայներ էր հավաքելու։ Ինչո՞ւ քեզ համար ձայներ հավաքողները հատկապես քեզ ընտրեցին և ոչ թե, ասենք, Հրանտ Բագրատյանին։ Որովհետև զանազան գույնի մասոնական և այլ կարգի շկոլաներ անցած կամ դրսից ղեկավարվող այդ ուժերը գիտեին, որ երկրի տնտեսությունը կործանած, ավազակային թալանը պետական մակարդակի հասցրած մեկի համար ձայներ հավաքել չեն կարող։ Իսկ դու Սերվանտեսի հերոսի պես ազնիվ ու անկաշառ, անցած ճանապարհով անբիծ, ամենից շատ եթերային, քան հողեղեն, այն որոնվածն էիր, որով կարող էին շարունակել իրենց սև գործը և չսխալվեցին։ Հասարակության ոտնահարված, հուսաբեկված մեծածավալ շերտերին այս վիճակից դուրս գալու հույս էր հարկավոր, թեկուզ այն լիներ սովորական փրփուր։
Բայց որ ամենաբնորոշն է, ձայների այդ մեծ զանգվածը քեզ խելքահան է արել, չես կարողանում տեղդ տիտիկ անել, երկրի դաշտերն ու լեռները չափչփելով հնչեցնում ես, որ դու ես հաղթել, որ քեզ տրված ձայները գողացել են, քո մրցակիցն էլ կաշառք բաժանելով է ձայների տեր դարձել։ Սիրելի Րաֆֆի, ավելի քան հազար տեղամասում հսկիչ-ներկայացուցիչ ես ունեցել։ Ի՞նչ է, նրանք կրտած մոզինե՞ր էին, որ չկարողացան քո ձայների գողացման մեկ-երկու իրական դեպք արձանագրել կամ բռնացնել կաշառատվության փաստ։ Իսկ ես գիտեմ, որ, բացի նախագահական առաջին ընտրությունից, երբ չարաչար խաբված ժողովուրդը համարյա միաձայն Տեր-Պետրոսյանին ձայն տվեց առանց կաշառք ստանալը մտքով անցկացնելու, մնացած բոլորում կաշառքն իր դերն է կատարել։ Այսօր ես համոզված եմ, որ վերջին ընտրության ժամանակ կաշառք տալու գործում առաջին տեղում քեզ համար ձայներ հավաքողներն են եղել՝ զանազան դրսերից ստացած առատ միջոցներով։ Մի՞թե չես հասկանում, որ քեզ խաղացնողները հաջողության հասնելու պարագայում առաջինը քեզ են մտցնելու այն ցուցակը, որը բացվում է Յուզբաշյանի ու Ղանդիլյանի ազգանուններով։ Նրանք ո՞նց կարող են հանդուրժել քո որակի տեր մեկին։ Հիշիր, թե Դոն Կիխոտին ինչ ջարդ տվեցին բանտից նրան ազատած բանտարկյալները։ Մի՞թե չես տեսնում, թե աշխարհը կլանել ձգտող հզոր ուժերն ինչպիսի խորամանկ միջոցներով են ջանում մեզ շարքից հանել։ Ի՞նչ իրավունքով ես քո դոնկիխոտյան վարքագծով նպաստում այդ կործանարար քաղաքականությանը։ Խելքի եկ, զսպիր քեզ, որ տեսնենք, թե վաղն ինչ միջոցներով պետք է դուրս գանք այս անտանելի վիճակից։ Քեզ ուղղված այս մի քանի նախադասությունը հարազատի խոսք է, որտեղ ավելորդ համարեցի Ձեր ու Ձեզ դերանունների օգտագործումը։ Կարծում եմ` տարիքս դա թույլ է տալիս։
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ