38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում
15.02.2013 | 00:08

Խորհրդային պետությունը դավաճանության արդյունքում կաթվածահար եղավ: Ասում եմ` դավաճանության, որովհետև ոչ մեկը առաջ չէր քաշել նոր միութենական պայմանագիր (այսինքն` ԽՍՀՄ-ի լինել-չլինելու հարցը) կնքելու համար համապետական հանրաքվե անցկացնելու հարցը, և դրա անհրաժեշտությունն էլ չկար: Պարտադրված հանրաքվեն (Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ չմասնակցեց դրան) հաջող վերջացավ, ՀԽՍՀ-ն պահպանելու օգտին քվեարկեց մասնակիցների 68 %-ը: Գորբաչովյան հերթական ավանտյուրիստական հարցադրումը տապալվեց: Բայց քանի որ առաջադրանքը կար, և կատարողն էլ պատրաստ էր, տապալման գործը աստիճանաբար առաջ էր գնում:

Խորհրդային պետության տապալումով ոչ միայն վարկաբեկվեց, այլև ծաղրվեց մարդկության դարավոր երազանքը` հավասարության, ազատության, եղբայրության կամ մեկ բառով ասած` սոցիալիզմի գաղափարը: Չարիքի կայսրությունը (ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի` ԽՍՀՄ-ին տրված բնութագրումն է) տապալվեց, բայց անցած երկու տասնյակից ավելի տարիները ցույց են տալիս, որ աշխարհում չարիքը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է, որ ամենուրեք մարդկային արյուն է հեղվում, որ ամենուրեք սովորական մարդը պայքարում է իր իրավունքների համար, և որ ամենուրեք աշխարհի տերերը թույլ են տալիս սովորական մահկանացուներին բողոքել իրենց սոցիալական վիճակից, խոսել անարդարությունից և զերծ մնալ պետական մահակն իրենց գլխին ընդունելուց, քանի դեռ չեն անցել սահմանը: Բողոքիր որքան ուժ ու եռանդ ունես, բայց իմացիր, որ կարմիր գծից անդին քեզ սվինն է սպասում: Սա է աշխարհի ուժեղների չգրված սահմանադրության ամենաուժեղ կետը: Եվ այսօր աշխարհում ամեն վայրկյան թափվող արյունը ցույց է տալիս, որ Մարքսի գաղափարախոսությունը, նրա «Կապիտալում» արտահայտված թեզերը, փիլիսոփայական մտքերը ավելի քան կենսունակ են: Փաստորեն, ԽՍՀՄ-ի տապալումով մարքսիզմի գաղափարախոսությունը աշխարհում ոչ միայն չի տապալվել, այլև տարեցտարի նոր թափ է առնում: Եվ այսօր ոմանք փորձում են անջրպետ ստեղծել մարքսիզմի և լենինիզմի միջև, Մարքսի հեղափոխության տեսության և առնվազն եվրոպական մի քանի զարգացած երկրներում միաժամանակ հաղթելու, անգամ մեկ երկրում, կոնկրետ Ռուսաստանում, հաղթելու լենինյան տեսության միջև: Այդ տեսությունը մեկընդմիշտ ջախջախելու լավագույն միջոցը ստալինյան «հանիրավի» բռնություններն են, որոնց միակողմանի ցուցադրումով խաչ են քաշում ԽՍՀՄ-ում եղած բազմաթիվ լավ բաների վրա: Ասում եմ` բազմաթիվ, որովհետև մարդկային պատմության ողջ ընթացքում սովորական ռամիկ մարդը չէր տեսել իր նմանի համար նման պայմաններ։ Ստալինյան բռնությունների և գորբաչովյան վերակառուցման ժամանակահատվածների միջև բավականին մեծ ժամանակահատված էր անցել և, բացի դրանից, այդ բռնությունների մասին 1956 թվականին կոմկուսը տվել էր իր գնահատականը: Ինչո՞ւ Գորբաչովը վերակառուցման տարիներին նորից վերադարձավ այդ թեմային: Գորբաչովը Գերագույն խորհրդի նիստի ժամանակ կհայտարարի. «Ստալինը հանցագործ է»: Ես չեմ ընդունում այդպիսի սոցիալիզմը: Թող թույլ տրվի հարցնել. «Ստալինը հանցագործ է, չես ընդունում նրա կառուցած սոցիալիզմը, իսկ դու` մեծագույն սրիկա և հուդա, ի՞նչ արեցիր այդ հսկայական երկիրը պահպանելու և լավ սոցիալիզմ կառուցելու համար»: Եզրակացությունը մեկն է` ըստ Գորբաչովի, Ստալինը միջոց էր ԽՍՀՄ-ը քանդելու, սոցիալիզմի գաղափարը վարկաբեկելու համար: Մի՞թե հետգորբաչովյան ժամանակում քիչ արյուն է հոսել:
Հիշյալ նախաբանը գրելու առիթը «Մի ախտահարեք մեր հիշողությունը ճիզվիտական կերպարներով» հոդվածն էր, տպված 18.01.2013 թ. «Իրատես de facto»-ում: Այժմ անդրադառնանք բուն հոդվածին: Քանի որ հոդվածը, եթե չեմ սխալվում պատմաբան է գրել և բավականին ծավալուն էր, կխուսափեմ մեջբերումներ կատարելուց և կանդրադառնամ տպվածին պարբերություն առ պարբերություն:
Լենինն արդեն պատմություն է, լավ, վատ` պատմություն: Նրա արձանը ինչ-որ այգում կանգնեցնելով, այդ պատմությունը` լավ թե վատ, չես վերադարձնի: Բայց արձանը կանգնեցնելով նախ կփրկվի մի հիանալի քանդակագործի լավագույն աշխատանքը, և բացի այդ, եթե յուրաքանչյուր սերունդ ոչնչացնի իր նախորդի ստեղծածը, ապա տվյալ սերունդը իլհամներից ոչնչով չի տարբերվի: Եթե Հռոմի կենտրոնում կա Մուսոլինիի արձանը, ապա դրանով ֆաշիզմը Իտալիայում չի վերածնվի, եթե Իտալիայի հետագա կառավարողները դրա համար պայմաններ չստեղծեն: Ինչ վերաբերում է վիժվածք (հոդվածագրի բառապաշարից է- Ս.Հ.) Ստալինի արձանին, ապա, մեր կարծիքով, նա դրա կարիքը չունի, որովհետև Հայրենական պատերազմում խորհրդային մարդու տարած հաղթանակը նրա, ուզենք թե չուզենք, ամենամեծ հուշարձանն է: Ցանկացած անհատ, մանավանդ պատմաբանը, եթե փորձում է վերլուծել պատմական պրոցեսները, ժամանակի անհատին, պետք է մի կողմ դնի հույզերը, անձնական համակրանքը կամ հակակրանքը և ոչ թե իր ժամանակի աչքերով վերլուծի մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակներ առաջ բարդ իրադրություններում կատարված գործեր, այլ մտածի, թե ինչպես կգործեր ինքը տվյալ ժամանակում, եթե լիներ այդ խոշոր անհատի տեղում: Կույր աչքն էլ կարող է տեսնել, թե հետխորհրդային բոլոր հանրապետություններում ինչ վայրագ պատերազմ է ընթանում հանուն աթոռի, և հաղթանակի դեպքում այդ աթոռն ինչպես է օգտագործվում հանուն սեփական բարեկեցության: Չեմ ուզում կրկնել հայտնի ասույթը, թե հեղափոխություններն ովքեր են նախապատրաստում, ովքեր են իրականացնում և ովքեր են վայելում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ Ստալինը չի վայելել, անգամ երեխաներին չի շփացրել (խորհուրդ կտայի ոմանց կարդալ նրա աղջկա` Սվետլանայի հուշերը, որ լույս են տեսել ԱՄՆ-ում 1967 թվականին), միայն պետության գերակա շահն է եղել նրա շահը: Այդպիսի անհատ է եղել նաև Պետրոս Մեծը, որն իր անձնական աշխատանքով (և ոչ եզակի անգամ) և ոչ թե պետության միջոցներով իր համար հագուստ էր գնում: Ոչ ոք չի կարող ժխտել ստալինյան դաժանությունները, բայց թող թույլ տրվի հարցնել, թե Պետրոսն ինչ դաժանությամբ ճնշեց իր դեմ ապստամբած ստրելեցներին, իսկ ի՞նչ է, Ստալինը պետք է ներե՞ր իր դեմ դավադրություն կազմակերպած մարշալներին: Հայտնի խոսք է. կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում: Դաժան քաղաքական պայքարում միջինը չկա: Քաղաքական պայքարում նպատակն արդարացնում է միջոցը, և այդպես կլինի միշտ, քանի դեռ ազգը բնական ճանապարհով երկրի օրինական տեր ընտրելու ուղին չի անցել: Մեր 20-ամյա ճանապարհը դրա վառ ապացույցն է:
1905 թվականի բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը ոչ թե Լենինն է արագացրել, այլ Նիկոլայ 2-րդն իր ապուշ, հակաժողովրդական քաղաքականությամբ: Լենի՞նը Նիկոլային համոզեց հունվարի 9-ին գնդակոծել խաղաղ ցույցը: Ամենևին: Բայց որ Լենինը խելացիորեն օգտվեց Նիկոլայի սխալներից, փաստ է: Լենինը համոզեց Նիկոլային սկսել ռուս-ճապոնական պատերազմը, որտեղ հզոր Ռուսաստանի կրած խայտառակ պարտությունը ցույց տվեց այդ հասարակարգի ողջ փտածությունը: Այսօր ոմանք ամեն գնով փորձում են ապացուցել, որ ոչ թե Հոկտեմբերյան հեղափոխություն է եղել, այլ բոլշևիկյան դավադրություն: Այդպես մտածողներին կուզենայի հարցնել. «Այդ ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը 200 հազար անդամ ունեցող կուսակցությունը կարողացավ դավադրաբար զավթել իշխանությունը, իսկ 19 միլիոն անդամանոց նույն կուսակցությունն առանց որևէ մարտի ձեռքերը վեր տնկեց»: Որովհետև առաջին դեպքում կար գաղափարի (թող որ դաժան, ֆանատիկ) նվիրվածությունը, իսկ երկրորդ դեպքում` ստոր դավաճանությունը: Տեղին է հիշել Նապոլեոնի հայտնի խոսքը` առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակի մասին և հակառակը: Վերջապես ևս մեկ հարցադրում: Բոլոտնայա հրապարակում, և ինչու միայն Բոլոտնայայում, հավաքված անհամեմատ շատ ուժերն ինչպե՞ս չեն կարողանում զավթել իշխանությունը: Այո՛, Լենինը հաճախ է կրկնել. «Հեշտ է գրավել իշխանությունը, բայց այն պահելն անհամեմատ դժվար է»: Եվ հենց այդ դժվարությունն էր, որ ծնեց քաղաքացիական պատերազմն իր բոլոր դժվարություններով և դաժանությամբ, դարեր շարունակ ժողովրդի դաժան թալանով կուտակած հարստությունից չհրաժարվելու անզուսպ ցանկությունն էր, որ ստիպում էր երկրի կառավարողին գնալ այդ ճանապարհով: Երկրի սոցիալական ծանր պայմանները, հրեական քաղաքական համախմբված էլիտա-Ստալին (միայնակ) դաժան պայքարը ոչ մի լավ բանի չէին կարող հանգեցնել: Հաճախ ենք խոսում Տրոցկու մասին, նրա դեմ կազմակերպված մահափորձի և այլնի մասին, մոռանում ենք (իհարկե, վերջերս հայտնի դարձած փաստերից), որ Տրոցկին ծախել էր երկրի ոսկին և փախել էր արտասահման: Նման դեպքում ինչպե՞ս պետք է վարվեին դավաճանի հետ: Ինչ վերաբերում է «ՈՒլյանովը ցնդել է» Պլեխանովի խոսքերին, շատ պարզ կարելի է ասել, որ ցանկացած հեղափոխություն իր կուլմինացիոն կետում ցանկացած անհատի կարող է հանել իր հունից, երբ վճռական պահն է և որոշվում է «ո՞վ ո՞ւմ» հարցը:
Սպարտակի ապստամբության դեպքում սյուներից չէի՞ն կախում իրենց իրավունքի համար ոտքի ելած ստրուկներին: Այո, ընդունում եմ, որ Լենինը և Ստալինը ստորաբար են վերաբերվել հայկական հարցում: Բայց թող թույլ տրվի հարցնել, թե նրանցից առաջ և նրանցից հետո այդ ռուս կոչվող կառավարողն ինչպե՞ս է վարվել: Մի՞թե պատմությունը վերլուծելու կարողություն ունեցող մարդը կարող էր Ադրբեջանին ծախել C-300 համակարգեր: Որքան էլ կոպիտ հնչի, չեմ կարող չասել, որ ռուս կառավարողների մեջ մեկ անգամ չէ, որ ցանկություն է առաջանում լիզելու թուրքի հետույքը: Եվ ինչո՞ւ չենք հիշում այն փաստը, որ պատերազմից հետո Ստալինը լի է եղել վճռականությամբ` ազատելու Արևմտյան Հայաստանը: Անգամ ասել է, որ Կարսը և Արդահանը թուրքերը մեզնից խաբելով են վերցրել: Արևմտյան Հայաստանի կապակցությամբ կասեի, իսկ ինչպես վերաբերվեցին ամերիկացիք, երբ ամերիկահայերն ասացին, որ կողմ են ոչ թե Արևմտյան Հայաստանի ինքնուրույն պետության ստեղծմանը, այլ ԽՍՀՄ-ի կազմում: Նույն բանն էր նաև այն ժամանակ, երբ Տերյանն ասաց Լենինին, որ արևելահայերը կողմ են Ռուսաստանի կազմում մնալուն, իսկ արևմտահայերը` ինքնուրույն պետություն ունենալուն:
Հեյդար Ալիևի արձանի կապակցությամբ կուզենայի հիշեցնել. ի՞նչ է, շարքային մտավորական ռուսը կո՞ղմ է դրան: Մեխիկոյի քաղաքացին գիտե՞ր, թե ով էր Հեյդարը: Փողը, ամենազորեղ փողը ցանկացած վայրում կարող է ցանկացած արձան տեղադրել: Տեսանք, թե ինչ եղավ հետո: Մի օր էլ Ռուսաստանից կվռնդեն Հեյդարին: Էլ ավելի չծավալվելու համար ասեմ` որքան էլ այլանդակ ու վատը լիներ Ստալինը, նա ստեղծեց մի հզոր կայսրություն, էլ ավելի ընդարձակեց Ռուսաստանի տարածքները, էլ ավելի ապահով դարձրեց նրա գոյությունը: Որքան էլ մենք բողոքենք մեր նկատմամբ ունեցած նրա ստոր վերաբերմունքից, չենք կարող չնշել, որ 700-հազարանոց Հայաստանը դարձավ 3,5-միլիոնանոց ինդուստրիալ երկիր իր արվեստով, իր գիտությամբ, իր հզոր ինժեներատեխնիկական անձնակազմով:
Վերջում: Կազմակերպվեց ներգաղթը: Հայաստանցին անկախ և հարուստ մարդ էր: Հպարտ մարդ էր: Մնացած դատողությունները թողնենք պարոն հեղինակին, ավելացնելով. հետին թվով պետք չէ իմաստուն երևալ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ