38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հինգ տարի անց կամ` ինչ մնաց Շարժումից

Հինգ տարի անց կամ` ինչ մնաց Շարժումից
13.02.2013 | 12:55

Հինգ տարի առաջ այս օրերին հազարավոր մարդիկ, որոնք օրեր ու գիշերներ էին անցկացնում Ազատության հրապարակում, սիրո և եղբայրության պարուրող մթնոլորտում, դժվար թե պատկերացնեին, որ ընդամենը հինգ տարի հետո, Համաժողովրդական շարժումը, այդպես էլ չկարողանալով գալ իշխանության, իր շարքերից քայլ առ քայլ վանելու է նվիրյալ, վճռական, պայքարող բազում համակիրների և վերածվելու է շարքային մի կուսակցության: Ավելի շուտ` կուսակցության ձևավորելու հայտ ներկայացնելու են ոչ սեփական դիրքորոշումներով ու հրապարակային գործունեությամբ աչքի ընկած անհատները (մեկ-երկու բացառությունը` չհաշված): Եվ հայտ են ներկայացնելու այն բանից հետո, երբ, օրինակ, իր վճռականությամբ միշտ աչքի ընկած, տարիներ շարունակ գործող իշխանությունների դեմ անզիջում պայքարող Պետրոս Մակեյանը փորձեց ոչ թե շատ այլ կուսակցականների նման հեռանալ, այլ Հայ ազգային կոնգրեսը բարեփոխելու ծրագիր ներկայացնել, և այդ բարեփոխման խոչընդոտ էլ տեսնում էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին: Սպասելի՞ էր: Անշուշտ: Տարիներ շարունակ ՀԱԿ վերնախավն ամեն ինչ արեց, որ ձերբազատվի հենց պայքարող, սկզբունքային անհատներից, որոնք ազատազրկվեցին հանիրավի, որոնք կողմ էին պայքարի շարունակականությանը, կոնգրեսը որպես քաղաքական համակարգ ձևավորելուն, որն էլ կարող էր իր հետևողականությամբ ժամանակի ընթացքում հասնել սահուն իշխանափոխության: Մարդիկ չկարողացան մի քաղաքական դաշինքի շրջանակներում փոփոխություններ անել, սեփական տեսակետը կենսունակ դարձնել ու նախընտրեցին հեռանալ: Արձանագրենք միայն` իշխանության բռնազավթման հանրահայտ «յոթի գործով» ազատազրկված քաղբանտարկյալներից մի քանիսը ազատության մեջ հայտնվելուց հետո դարձան հենց ՀԱԿ-ի այլախոհները` հրապարակային քննադատելով այդ կառույցին, մյուսներն էլ հեռացան ակտիվ քաղաքականությունից: Նույն կերպ դասավորվեց նաև մյուս` հայտնի և հանրությանը քիչ հայտնի քաղբանտարկյալների ճակատագիրը, որոնք ակամա խաղաքարտ դարձան քաղաքական տարբեր հաշվարկներում և շախմատային խաղերում: Այսօր նրանք եղանակ չեն ստեղծում: Այսօր այլ մթնոլորտ ու դարձյալ քաղաքական հաշվարկներ են, որոնք ապացուցում են, որ Հայաստանում ոչ միայն ընտրություններն են կանխորոշված, այլև քաղաքական ցանկացած գործունեություն: Եվ նրանք, ովքեր այս կամ այն կերպ փորձում են հատել այդ կանխորոշվածության սահմանը, հայտնվում են խաղից դուրս վիճակում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ