38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Առաջին նախագահի «գնացքը վաղո՜ւց գնացել է»

Առաջին նախագահի «գնացքը վաղո՜ւց գնացել է»
11.02.2013 | 17:26

Վերջին հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է ՀԱԿ հենքի վրա նոր կուսակցության ձևավորման անհրաժեշտության մասին: Ըստ առաջին նախագահի, նոր ձևավորվելիք կուսակցության գաղափարախոսական հենքը պետք է սոցիալ-լիբերալիզմը լինի: Ստացվում է, որ 2012-ի վերջերին քաղաքականությունից հեռանալու մասին ակնարկող Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում վերջնականապես լքելու քաղաքական դաշտն ու փակվելու Ծիծեռնակաբերդի մատույցներում գտնվող իր սև առանձնատանը: Ստացվում է նաև, որ Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն ընդունում է, որ ձախողվել է ոչ միայն 2007-ի վերջերին նախաձեռնած շարժումը, այլև դրա քաղաքական կառուցվածքային ձևաչափը` ՀԱԿ անվանումը կրող կուսակցությունների և անհատ գործիչների միավորումը: Միևնույն ժամանակ, առաջին նախագահն անկեղծ չէ այն գնահատականներում, երբ ՀԱԿ-ից տարբեր կուսակցությունների և անհատ գործիչների արտահոսքը բնական է համարում: Միանշանակ, ՀԱԿ-ի կազմալուծումն ու ՀԱԿ-ից գործիչների և քաղաքական ուժերի արտահոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա լիազոր ներկայացուցչի` ՀԱԿ համակարգող Լյովիկ Զուրաբյանի ձախողման և սխալ հաշվարկների արդյունքն է, ուրիշ ոչինչ:

Ի սկզբանե Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնել էր շարժում, որի նպատակը իշխանություն վերցնելն էր: Այս գործում Տեր-Պետրոսյանին միացել էին քաղաքական լուսանքից դուրս մնացած, վաղուց մոռացված մի շարք գործիչներ, ինչպես նաև քոչարյանական իշխանության կերակրատաշտի մոտ իրենց տեղը չգտած անհատներ ու քաղաքական ուժեր: Այս միավորումն ի սկզբանե չուներ և հետագայում էլ չկարողացավ ունենալ ոչ միայն հստակ գաղափարախոսություն, այլև` հստակ ծրագիր: Այս միավորումը կայացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ և նպատակ ուներ հասնելու իշխանափոխության, ինչը 2008-ին չհաջողվեց: Պայքարը շարունակելու փոխարեն Տեր-Պետրոսյանը դիմեց մի շարք քաղաքական հնարքների` կորցնելով թանկարժեք ժամանակն ու ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրազանգվածի վստահությունը: Առնվազն հերյուրանք է Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, թե մի շարք գործիչների և կուսակցությունների ՀԱԿ շարքերը լքելը պայմանավորված է նրանց սպասումների և հավակնությունների չարդարացմամբ: ՀԱԿ առաջնորդը, կարծես, փորձում է գործընթացը տանել բարոյագիտական ուղղությամբ` մեղադրելով ՀԱԿ շարքերը լքածներին գաղափարներից շեղվելու և «նավը լքելու» համար: Մինչդեռ, 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանը և հետագայում նրա ստեղծած ՀԱԿ-ին անդամակցելն ուներ մեկ նպատակ` իշխանափոխություն:
Իսկ ի՞նչ արեց Տեր-Պետրոսյանը: 2008 թ. նախագահական ընտրության հետընտրական փուլում այն աստիճանի սրեց իրավիճակը, որ տեղի ունեցավ մարտի 1-ի ողբերգությունը: Ինչքան նախկին իշխանություններն են մեղսակից մարտի 1-ի իրադարձություններին, նույնքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով չցանկացավ քայլ անգամ նահանջել և ծայրաստիճան բորբոքված զանգվածին հանգստության մղել, թույլ չտալ իրավապահների հետ բախումների գնալ: Սակայն, 2009-ից սկսած, Տեր-Պետրոսյանը ոչ միայն չպահեց իրադրության լարվածությունը, այլև թույլ տվեց մի շարք սխալներ, որոնցից էլ հաջողությամբ օգտվեց իշխանությունը: Իրավիճակի լարումից գործընթացը տրանսֆորմացնելով իշխանության հիմնական հենասյուներից մեկի` ԲՀԿ-ի հետ համագործակցության, Տեր-Պետրոսյանը պատռեց իր դիմակն ու ստիպեց ՀԱԿ անդամներին «տեսնել իրենց գլխի ճարը»: Հասարակության տարբեր խավերի, այդ թվում նաև` Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի համար պարզ էր, որ «համաժողովրդական շարժման» սկզբունքներն ու արժեքները դավաճանված են, վերածված Տեր-Պետրոսյանի և նրա ֆավորիտների մանրադրամի, ինչի արդյունքում էլ սկսվեց ՀԱԿ-ի կազմաքանդման գործընթացը: Այս կառույցին անդամակցած բազմաթիվ գործիչներ և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ հասկացան, որ ՀԱԿ ձևաչափը սպառված է, հասկացան, որ Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական պրոտեժե Լյովիկ Զուրաբյանն ինչ-ինչ խնդիրներ են լուծում, որոնց համատեքստում չեն տեղավորվում ոչ իշխանափոխությունը, ո՛չ էլ ընդդիմադիր պայքարի հեռանկարը:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և նոր կուսակցության հիմնադրման գաղափարը մեկնաբանեց նաև ՀԱԿ-ից հեռացած, ՀՀՇ վարչության երբեմնի ղեկավար Արարատ Զուրաբյանը, ով անխնա քննադատության ենթարկեց Տեր-Պետրոսյանին, մեղադրելով նրան «1988-ի արժեքներից հեռանալու» գործում և հայտարարելով նոր ՀՀՇ-ի ստեղծման մասին, որը հավատարմորեն կշարունակի 1988-ի արժեքների պահպանումն ու զարգացումը: Արարատ Զուրաբյանը ևս անկեղծ չէ. ՀՀՇ-ն 1988-ի արժեքներից հեռացել է 1992-ից սկսած, երբ իշխանության համն ու հոտը, արծաթի փայլն ու ամեն գնով իշխանության մնալու մղումներն ավելի բարձր դասվեցին, քան ազատ, անկախ հայրենիքի զարգացման և ժողովրդավարական արժեքները: Արդյունքը եղավ այն, որ բռնաբարվեցին 1995-ի սահմանադրական հանրաքվեն ու խորհրդարանական ընտրությունները, 1996-ի նախագահական ընտրությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով: 1988-ի շարժման ալիքով իշխանության գլուխ հայտնված ՀՀՇ-ն հասկացավ, որ իր ձեռքն է ընկել մի երկիր, որտեղ կարելի է ամեն ինչ անել, իրականացնել անձնական բարեկեցության վաղեմի երազանքներն ու անխնա հաշվեհարդար տեսնել քննադատողների ու քաղաքական մրցակիցների հետ: Մինչև վերջերս Արարատ Զուրաբյանը հրապարակային կերպով քննադատե՞լ է արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանին 1988-ի արժեքներն ուրանալու համար, քննադատե՞լ է արդյոք 1990-ականների կեսերին ՀՅԴ-ին «ծակը մտցնելու» իսկ ԱԺՄ-ին` մինչև վերջ խեղդելու փորձերի համար, քննադատե՞լ է արդյոք 1995-1996-ի ընտրական գործընթացները կեղծելով` իշխանություն պահելու համար:
Ինչևէ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր շահերն ունի, գործունեության իր տրամաբանությունը, սակայն փաստը մնում է փաստ, որ Տեր-Պետրոսյանն ու նրա անմիջական շրջապատը ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ մեծ քաղաքականությունից: Իհարկե, առաջին նախագահի կարգավիճակը թույլ կտա նրան ստեղծել նոր կուսակցություններ, թույլ կտա նրան հանդիպումններ ունենալ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, կապահովի նրան թեկուզ սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, կայուն լսարան թերթային հարցազրույցներով և տարաբնույթ մեկնաբանություններով օրը հագեցնելու համար, սակայն լուրջ խնդիրներ Տեր-Պետրոսյանը չի կարող դնել իր առջև, նրա «գնացքը վաղո՜ւց գնացել է»: Չի կարելի բացառել նաև, որ շարքային քաղաքական գործիչ դառնալու մտքից վաղուց հրաժարված Լևոն Տեր-Պետրոսյանը հարցեր է լուծում իր պրոտեժեի` Լյովիկ Զուրաբյանի համար: Ի՞նչ պետք է համակարգի Լյովիկը, երբ ՀԱԿ-ից ոչինչ չի մնացել: Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը և նույնիսկ Լյուդմիլա Սարգսյանը ակնհայտորեն չեն ենթարկվելու Զուրաբյանին, նա չունի Տեր-Պետրոսյանի խարիզման ու հեղինակությունը, ուստի և չի կարող «ավերակների վրա թագավորել»: Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է այնպիսի կառույց ձևավորել Լյովիկի համար, որը նրան հնարավորություն կտա շարունակելու իր քաղաքական կարիերան: Ամեն դեպքում, Տեր-Պետրոսյանի նոր արկածախնդրությունը չի կարող լուրջ արդյունքներ ունենալ և վերածվելու է ծաղրանքի առարկայի: Ինչ վերաբերում է Լյովիկին, ապա սա լուրջ հնարավորություն է նրա համար պահպանվելու ջրի երեսին և լուծելու «մինիմալ քաղաքական աշխատավարձի» հարցը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ