38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նախկինը ներկա դարձնելու իրավիճակը խոսում է քաղաքական լճացման մասին

Նախկինը ներկա դարձնելու իրավիճակը  խոսում է քաղաքական լճացման մասին
16.11.2012 | 12:45

Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կարևոր առանձնահատկություն ունի` նախկին նախագահները ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ քաղաքականությունից և անցնել «վաստակած» հանգստի: Այս առանձնահատկությունը բնորոշ է այն երկրներին, որոնց քաղաքական համակարգը գտնվում է կայացման ճանապարհին, ասել կուզի` նախկինը ներկա դարձնելու իրավիճակը խոսում է քաղաքական լճացման մասին: Ի դեպ, այս լճացումը բնորոշ է ընդդիմությանը, քանզի իշխանության ճամբարը նախորդ 21 տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել «նախկիններով»` միտում ունենալով քաղաքական գործընթացներում կարևորել նոր, ավելի թարմ գործիչների դերակատարությունը:
Պետք է նշել, որ 2007-2008-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «վերակենդանացումը» պայմանավորված էր ընդդիմադիր ճամբարում իրական առաջնորդի բացակայությամբ, ուստի և Տեր-Պետրոսյանի առաջադրումն ու ընդդիմադիր պայքարը որոշակիորեն արդարացված էին և տրամաբանական: Իսկ այ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման փորձերը ինչ-որ տեղ անհասկանալի են և պետք է դիտարկվեն քաղաքական անոմալիաների համատեքստում: Նախ և առաջ, գործող նախագահ Սերժ Սարգսյանին 2008 թ. ընտրությանն աջակցում էր Ռոբերտ Քոչարյանը, որի շրջապատն ու համախոհները շարունակեցին բարձր պետական պաշտոններ վարելը` համարվելով նորընտիր նախագահ Սարգսյանի թիմակիցները: Բացի դրանից, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տևական ժամանակ գործել են նույն քաղաքական ճամբարում` սկսած ղարաբաղյան պատերազմից, վերջացրած 2008-ի նախագահական ընտրությամբ:
Գործող իշխանության ներքին և արտաքին քաղաքականության բաղադրիչների վերջին շրջանում անթաքույց դարձած քոչարյանական քննադատությունն անտրամաբանական է նաև այն պատճառով, որ քննադատվող քաղաքականության իրականացնողները 1998-2008 թթ. առանցքային պաշտոններ են զբաղեցրել` համարվելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմնական հենասյուները: Այսպես. Քոչարյանի նախագահության շրջանում ներկայիս նախագահ, այդ ընթացքում` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է անմիջականորեն զբաղվել երկրի անվտանգության խնդիրներով, ներկայիս վարչապետ, 1998-2008-ին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է անմիջականորեն զբաղվել Քոչարյանին ժառանգություն մնացած բագրատյանական ֆինանսատնտեսական համակարգի առողջացմամբ` ապահովելով տնտեսական երկնիշ աճի նախադրյալները, իսկ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը Քոչարյանի ամենալուրջ դիվանագիտական ֆունկցիոների համբավն ուներ: Նշենք նաև, որ վերջին շրջանում քոչարյանականների «աչքի փուշը» դարձած ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի իշխանության պահպանման հիմնական քաղաքական ուժն էր, որի առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր ապահովել Քոչարյանի իշխանության կայունությունը ոչ միայն պետական համակարգում, այլև քաղաքական գործընթացներում:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ի՛նչն է նախկին նախագահի մտահոգության և ակտիվացման պատճառը, հատկապես, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը նախընտրում է մնալ ստվերում` բացահայտորեն չմասնակցելով քաղաքական գործընթացներին, միևնույն ժամանակ չցանկանալով Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով 10 տարով «դարան մտնել»: ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը, որով նա իր վերաբերմունքն էր արտահայտում ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գաղափարին, ըստ էության, միտված է քաղաքական գործընթացներում նրա դերակատարության ու ներկայության շեշտադրմանը` որոշակիորեն խնդիր ունենալով բոլորին հիշեցնելու նաև իր կառավարման տարիներին ունեցած անձնական կշռի ու դերակատարության մասին:
ՈՒշագրավ է, որ Քոչարյանը շեշտում է, թե «ԲՀԿ առաջարկությունն ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը», հավելելով, թե «վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր»: Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ ԲՀԿ և ՀՅԴ վերջին շրջանի հայտարարություններն առ այն, թե Հայաստանում իշխանությունը պետք է հավասարակշռված լինի, և իշխող քաղաքական կուսակցությունը չունենա մենաշնորհ, իրականում ոգեշնչված են Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նշենք, որ քոչարյանական իշխանությունը, ի տարբերություն ներկայիս իշխանության, հիմնված է եղել կոալիցիոն սկզբունքի վրա, որի հիմնական նպատակը իշխանության ճամբարում գործող կուսակցությունների հակասությունները խաղարկելու ճանապարհով արբիտրի դերակատարություն ստանձնելն էր, ինչն էլ թույլ էր տալիս Ռոբերտ Քոչարյանին պահպանել իշխանությունը: Միգուցե իշխանության պահպանման համար սա արդյունավետ մոդել էր, սակայն պետականության և քաղաքական ինստիտուտների զարգացման տեսակետից անհեռանկարային գործողություն է, քանզի, հանուն մեկ մարդու իշխանության, ծնում է կոլեկտիվ անպատասխանատվություն:
Միևնույն ժամանակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է մի գործիչ համակրել խորհրդարանական կառավարման համակարգը, երբ իր կառավարման 10 տարում այդպես էլ հանդես չեկավ գաղափարախոսական դիրքերից, այդպես էլ չանդամակցեց որևէ կուսակցության` առաջնորդվելով ստալինյան ժամանակներին բնորոշ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» վոժդիստական կարգախոսով: Միակ բացատրությունը, թերևս, այն է, որ Քոչարյանը ցանկություն չունի թոշակի անցնելու և իշխանությունը պատկերացնում է որպես «փայատիրական ընկերություն», որտեղ ինքը պետք է մասնաբաժին ունենա` ԲՀԿ, ՀՅԴ և այլ տեսքով: Այդ է պատճառը, որ նախկին նախագահն ու նրա թիմակիցներն առիթը բաց չեն թողնում բարձրաձայնելու «հավասարակշռության մեխանիզմների և քաղաքական մենաշնորհից ՀՀԿ-ին զրկելու» գաղափարի մասին` առնվազն ենթագիտակցական մակարդակով մասնաբաժին պահանջելով Սերժ Սարգսյանից:
Իրականում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու նրանց հովանավոր Ռոբերտ Քոչարյանին քաղաքական ինստիտուտների զարգացումը բնավ չի հետաքրքրում, հակառակ դեպքում հաշվի կառնեին այն պարզ ճշմարտությունը, որ ընտրողներն են որոշում` շնորհե՞ն այս կամ այն քաղաքական ուժին իշխանություն ձևավորելու մենաշնորհ, թե՞ ոչ, իսկ կառավարությունն էլ, անկախ նրանից, թե ինչպիսի կառավարման համակարգ է գործում` կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական, ձևավորվում է ընտրությունների արդյունքում հաստատվող քաղաքական իրողության հիման վրա: Ինչ վերաբերում է Քոչարյանի հարցազրույցի երկրորդ` «ֆեոդալական» մասին, ապա ակնհայտ է, որ նախկին նախագահը գործում է իր նախորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ, այն է` հասարակության հիշողությունը շատ կարճ է: Ի վերջո, գաղտնիք չէ, որ օլիգարխների դասակարգի ձևավորման կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն էր, ով ոչ միայն առևտրականներին բառիս ամենաբուն իմաստով օլիգարխ դարձրեց, այլև նրանց խցկեց պետական համակարգ` խորհրդարան ու կառավարություն: Գաղտնիք չէ նաև, որ Քոչարյանը, իշխանություն պահելու գործում անվերապահ վստահություն չտածելով կոալիցիոն կուսակցությունների հակասությունների խաղարկման մոդելի հանդեպ, քաղաքական համակարգում ստեղծեց և գործարկեց օլիգարխներ-ֆեոդալների ինստիտուտը` մեծամասնական համակարգի միջոցով «ֆորա» տալով քաղաքական միավորներին:
Ինչևէ, նախկին նախագահի ստվերը հանգիստ չի տալիս ոչ միայն նրա հովանավորյալներին, այլև փորձագիտական հանրությանը: Մինչդեռ պարզ իրողություն է, որ նոր էջ սկսելու պարտադիր նախապայմանը նախկին էջի փակումն է: Հայաստանի քաղաքական համակարգը ապագա ունենալ չի կարող, քանի դեռ նախկին նախագահներն ապրում են իշխանության վերադառնալու մոլուցքով` չարախոսելով ու վատաբանելով իրենցից հետո երկրի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնած գործիչներին: Մնում է հուսալ, որ առաջիկա նախագահական ընտրությունը վերջնականապես կփակի Հայաստանի քաղաքական պատմության նախորդ էջերը` բացելով ավելի լավ Հայաստանի էջը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ.- Երբ ԲՀԿ-ականները և ՀՅԴ-ականները կոկորդ են պատռում, թե ոչ մի կապ չունեն երկրորդ նախագահի հետ, դա հիշեցնում է այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունը մինչև 2007-ը երդվում էր, որ ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ ի՞նչ եղավ իրականում…

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ