38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայկական օլիգարխիայի մղձավանջի սկիզբը

Հայկական օլիգարխիայի մղձավանջի սկիզբը
24.09.2012 | 06:24

Պետական ապարատում «սվոյ մարդիկ» և «սվոյ վարչապետ» ունենալու միտքը հանգիստ չի տալիս օլիգարխիային

Սեպտեմբերի 15-ին կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից խորհրդակցություն հրավիրելն ու հնչեցված բավականին խիստ գնահատականները տարաբնույթ քննարկումների տեղիք են տվել։ Ընդդիմադիր ուժերը կառավարությունում նախագահի անցկացրած խորհրդակցության արդյունքները սկսեցին գնահատել որպես վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքի բացահայտ քննադատություն: Իսկ ԲՀԿ-ն սկսեց լրատվական շրջանառության մեջ մտցնել այն տեսակետը, թե նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք է կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ-ի հնչեցրած քննադատական տեսակետին, դրանով իսկ փորձելով լրացուցիչ քաղաքական միավորներ հավաքել:
ՈՒշագրավ է, որ, ի տարբերություն ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և այլ կուսակցությունների, ԲՀԿ-ն, չլինելով իշխանության մաս, այնուամենյանիվ, ընդդիմադիր չէ: Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ոչ թե հանդես է գալիս դասական ընդդիմության տրամաբանությամբ, այլ ժամանակ առ ժամանակ հակաճառում է իշխանությանը: Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ԲՀԿ-ն չցանկացավ նոր կոալիցիայի մաս կազմել, քանզի ՀՀԿ-ի առաջարկած պայմանները չբավարարեցին Գագիկ Ծառուկյանին, ով փորձում է սպասվող նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու դիմաց, ավելի լավ կոալիցիոն պայմաններ պոկել ՀՀԿ-ից, այլ կերպ ասած` բարձրացնել իր կուսակցության գինը:
Հենց այդ է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն իր քննադատության հիմնական թիրախը դարձրել է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանզի վերջինիս հետ հակամարտության մեջ հայտնվելն այդքան վտանգավոր չէ ԲՀԿ-ի համար: Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ում չեն ցանկանում հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ վարչապետին նշանակում է նախագահը, և Տիգրան Սարգսյանին ուղղված քննադատությունը ՀՀԿ-ում ընկալվում է որպես նախագահի հասցեին հնչեցվող քննադատություն, ուղիղ հարված նախագահին:
ՈՒշագրավ է այն փաստը, որ կառավարության գործունեության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրապարակային քննադատական խոսքը ԲՀԿ-ում մեծ ոգևորությամբ ընդունեցին` այն ընկալելով և մեկնաբանելով որպես սեփական ճշմարտացիության դրսևորում: Տպավորությունն այնպիսին էր, թե ԲՀԿ-ում փորձում են հավատալ, որ Սերժ Սարգսյանի քննադատությունը կառավարության գործունեությանը վարչապետի փոփոխության նախերգանքն է, և շուտով տեղի կունենա ԲՀԿ-ի համար այդքան անցանկալի գործչի` Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը, որին էլ կհետևեն նախագահի կողմից Գագիկ Ծառուկյանի պահանջների ընդունումն ու նոր կոալիցիայի ձևավորումը:
Սակայն, ինչպես ասում են, «մախաթը թարս ֆռռաց»: Կառավարության հաջորդ իսկ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներին հիշեցնելով նախագահի քննադատությունը, խոսեց գործող քայլերում առկա իրավիճակը փոխելու և «ատկատային պրակտիկան» վերացնելու հրամայականի մասին: Պետական գնումների աջակցության գործակալություն ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանին պաշտոնից ազատելը գործողությունների առաջին քայլն է միայն և, ամենայն հավանականությամբ, այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանզի նախագահական ընտրություններից առաջ նախագահ-վարչապետ զույգը չի կարող իրեն թույլ տալ միայն խոսել, պետք է նաև աշխատել: Նշենք, որ վարչապետի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունների վերջը դրվեց սեպտեմբերի 20-ին` նախագահի քննադատական խոսքից ընդամենը 5 օր անց, երբ կառավարության հերթական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ նախագահը ոչ թե վարչապետին է քննադատում, այլ գնումների ոլորտում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացները, իսկ վարչապետն էլ, հաշվի առնելով նախագահի հանձնարարականը և ունենալով նրա քաղաքական «քարտ բլանշը», վիրահատական մեթոդներով քայլեր է ձեռնարկում իրավիճակը փոխելու և պետական գնումների համակարգն առողջացնելու ուղղությամբ:
Այս «ատկատային պատմությունը» մի շատ հետաքրքիր նրբություն ունի, որին հայաստանյան վերլուծական հանրույթը շատ հպանցիկ անդրադարձավ: Սեպտեմբերի 20-ին վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց մի շարք ոլորտներում առկա խնդիրների վրա, և որոնք անցած 5 տարիներին ԲՀԿ նախարարներն են ղեկավարել: Այդ պահից սկսած ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իսկական ռմբակոծության ենթարկեցին վարչապետին, խորհուրդ տալով ուշադրություն դարձնել վարչապետի «բարեկամների ոլորտներին»: Հիշենք, որ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահը ևս խոսել էր առողջապահության, դեղամիջոցների ձեռքբերման և քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների մասին, իսկ այս ոլորտները 5 տարի վստահված են եղել ԲՀԿ-ին: Ի դեպ, ԱԱԾ-ին և դատախազությանը տրված հանձնարարականները բավականին լուրջ սպառնալիք են ԲՀԿ-ի համար: Հնարավոր ստուգումներն ու բացահայտումները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ կուսակցության քաղաքական ապագայի համար, քանզի այդ ոլորտների երբեմնի պատասխանատուները ներկայումս ԲՀԿ շարքերում ոչ վերջին տեղերն են զբաղեցնում:
Ինչևէ, մենք բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ երկրի զարգացման առաջնային խոչընդոտն օլիգարխիկ խավն է, որը կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել երկրի կապիտալը և փորձում է գրոհել նաև «քաղաքական օլիմպոսը»: Լինենք անկեղծ. պետական մրցույթները (տենդերները) մինչ այս պահը «կարողանում էին» շահել օլիգարխները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: Պետական միջոցների փոշիացումն ու յուրացումն ունեն շատ պարզ անատոմիա. պետությունից հարկեր թաքցրած ու հսկայական հարստություն կուտակած օլիգարխիան կարողանում է մասնակցել այդ «տենդերներին» և շահել դրանք, քանզի դրա համար ունի ազատ ֆինանսական միջոցներ և կապեր պետական ապարատում: Հենց պետական ապարատում կապեր, «սվոյ մարդիկ» և «սվոյ վարչապետ» ունենալու միտքը հանգիստ չի տալիս օլիգարխիային, որը հսկայական ներդրումներ է անում քաղաքական ոլորտում` ստեղծելով կուսակցություններ, ֆինանսավորելով առանձին լրատվամիջոցներ և վարձելով տարատեսակ հռետոր-գործիչների:
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի զգացում ունեցավ օլիգարխիան, երբ նախագահը, այնուհետև նաև վարչապետը հրապարակավ խոսեցին պետությունից փող գողանալու պրակտիկան վերացնելու մասին: Ստացվում է, որ պետական իշխանությունը, կարգավորելով պետական գնումների ոլորտը, արդար կանոններ է սահմանում պետություն-անհատ հարաբերություններում, և այստեղ շահելու է նա, ով ավելի արդար կվարվի պետության հետ: Իսկ սա արդեն հայկական օլիգարխիայի համար սկսված մղձավանջի սկիզբն է, Սարգսյան նախագահն ու Սարգսյան վարչապետը սկսել են պետության տնտեսական թիվ մեկ գործառույթի` ազգային նյութական արժեքների վերաբաշխման գործընթացը: Ասել կուզի` պետական իշխանությունն օլիգարխներին «ստիպելու է կիսվել հասարակության հետ»:
Ի դեպ, այս գործընթացը բոլոր երկրներում էլ ցավոտ է ընթացել, ուստի առաջիկայում ականատես ենք լինելու օլիգարխիայի շահերը սպասարկելու համար ստեղծված կուսակցությունների կենաց-մահու պայքարին, որի գաղափարախոսությունը սահմանափակված է լինելու ընդամենը «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» կամ «հորեղբոր բիզնես, մորաքրոջ որդու պաշտոն» թունավոր կարգախոսներով:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4603

Մեկնաբանություններ