38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ծառուկյան-Պալաչ» պատմության խմորը դեռ շատ է ջուր քաշելու

«Ծառուկյան-Պալաչ» պատմության խմորը դեռ շատ է ջուր քաշելու
31.07.2012 | 05:05

Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ, «Պալաչ» մականունը կրող Արթուր Հարությունյանի հրապարակային վեճը ամիսների տևողություն ունի: Հիշեցնենք, որ Պալաչին է պատկանում «Քինգ դե լյուքս» ուղևորափոխադրող ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան և Չարենցավան-Աբովյան երթուղիներում, իսկ Գագիկ Ծառուկյանը դեմպինգ է իրականացնում այս ընկերության հանդեպ` նույն երթուղիներում մտցնելով բարեգործական ավտոբուսներ: Կնքահայր Գագիկ Ծառուկյանի «ինադու» Պալաչն ընդգրկվել է ՀՀԿ շարքերում և փորձում է անձնական վեճին նաև քաղաքական երանգներ տալ, ինչը, կարծես, այդքան էլ դուր չի գալիս ՀՀԿ-ի ղեկավարությանը:
Պալաչի հրապարակային գործունեությունը, որի նպատակը Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելն ու Կոտայքի մարզում քաղաքական վարկանիշն իջեցնելն է, ՀՀԿ-ի ղեկավարությանն այդքան էլ դուրեկան չէ, քանզի նույն Արթուր Հարությունյանը կասկածելի համբավ ունի Աբովյանում, և հանրապետականները, ըստ էության, չեն ցանկանում խառնվել քավոր-սանիկ հարաբերություններին: Պետք է հասկանալ, որ Պալաչը չունի այն բարոյական և քաղաքական ռեսուրսը, որը ՀՀԿ-ն օգտագործեր Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններ պարզելու համար:
Ինչևէ, թողնենք մի կողմ Պալաչի անձը և փորձենք ուշադրությունը կենտրոնացնել այս պատմության բարոյախրատական կողմերի վրա: Գագիկ Ծառուկյանին անկախ Հայաստանը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, հնարավորություն է տվել հարստանալու և վերածվելու ամենահայտնի օլիգարխի: Ինչ-ինչ պատճառներից ելնելով` խնդիր է ծագել Ծառուկյանի և նրա սանիկ, նրա թիկնազորի երբեմնի հրամանատար Արթուր Հարությունյանի` Պալաչի միջև, որի պատճառով կաթվածահար է եղել տնտեսավարող սուբյեկտի` «Քինգ դե լյուքսի» աշխատանքը: ՈՒշագրավ է, որ Պալաչին պատկանող ընկերության վարորդները չեն կարողանում օրվա հաց վաստակել, քանզի ընկերության սեփականատերը խնդիրներ ունի թիվ մեկ օլիգարխի հետ, և վերջինս, տիրապետելով հսկայական կարողության, բարեգործության անվան տակ դեմպինգի է ենթարկում իր սանիկի բիզնեսը:
Թե ինչով կավարտվի այս պատմությունը, թերևս, այդքան էլ կարևոր չէ: Միայն թե վտանգը մեծ է, որ Հայաստանում կարող է ձևավորվել «բարեգործական դեմպինգի» ավանդույթը: Ի վերջո, մեզանում բացասական երևույթները շատ ավելի արագ են տարածվում, քան դրականը: Եվ զարմանալի չի լինի, որ մոտ ապագայում, Գագիկ Ծառուկյանի օրինակով, այլ օլիգարխներ ևս իրենց անձնական խնդիրները լուծեն դեմպինգի միջոցով: Վեր կանգնելով անձերից` նշենք, որ «Ծառուկյան & Պալաչ» պատմությունը կարող է վարակիչ ազդեցություն ունենալ, ինչն էլ ավելի կվատթարացնի սոցիալական լարվածությունն ու բևեռվածությունը:
Այս իրավիճակում կարևորագույն առաքելություն ունի պետությունը: Եթե կառավարությունը չկարողանա տնտեսական հարաբերությունները կարգավորող արդյունավետ ինստիտուտներ կայացնել, ապա հեռու չեն այն ժամանակները, երբ օլիգարխներն ամբողջովին կվերահսկեն տնտեսական և քաղաքական իրավիճակը` թելադրելով սեփական խաղի կանոնները: Մենք բազմիցս անդրադարձել ենք հայկական օլիգարխիայի ծագումնաբանության, կենցաղավարության խնդիրներին և հավակնություններին` հիմնականում շեշտը դնելով երևույթների, ոչ անձերի վրա: Եվ հենց այդ երևույթների ուսումնասիրությունն է հնարավորություն ընձեռում պնդելու, որ պետությունը պետք է խաղի կանոններ թելադրի տնտեսավարողներին` լինեն դրանք մանր ու միջին տրամաչափի, թե օլիգարխիկ սուբյեկտներ:
Եթե կառավարությունը մոտ ապագայում չկարողանա հստակություն մտցնել տնտեսական հարաբերություններում և սանձել օլիգարխներին, ապա մոտ ապագայում հսկայական ֆինանսական հնարավորություններ ունեցող օլիգարխիան սկսելու է «ոտք գցել» պետության հետ, փորձելու է ստիպել պետական ինստիտուտներին ընդունել իր խաղի կանոնները և չխառնվել օլիգարխների դեմպինգ-քմահաճույքների և դեմպինգ-վենդետաների պատմություններին: Ընդհանրապես, պետության սահմանումներից մեկն այն է, որ պետությունը միակ ինստիտուտն է, որն ուժ կիրառելու իրավունք ունի: Հայաստանի պարագայում այս բանաձևը պետք է կիրառվի նաև տնտեսական հարաբերություններում, և կառավարությունը պետք է հանդես գա գլխավոր հաշտարարի ու գլխավոր պատժիչ մեքենայի դերում:
ՈՒշագրավ է նաև այն փաստը, որ հայկական օլիգարխիան փորձում է կանխել պետության ուժեղացման «վտանգը» և քաղաքական պայքարի մասնիկ է դարձել: Հենց դա է պատճառը, որ օլիգարխները ձգտում են տեղավորվել խորհրդարան անցնելու հնարավորություններ ունեցող քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներում, իսկ որոշ դեպքերում նաև` սեփական խմբակցություն անցկացնել: Փորձագիտական շրջանակներին վայել չէ «ջայլամություն» անելը և իրերը իրենց անուններով չանվանելը: ՈՒստի և ներկա գումարման Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցություն ԲՀԿ-ն քաղաքական խմբակցություն անվանելն այդքան էլ հարիր չէ, քանզի, ի տարբերություն այլ կուսակցությունների, որոնց շարքերում ևս օլիգարխներ կան, ԲՀԿ-ն մեկ օլիգարխի կուսակցություն է, որը գերնպատակ ունի պաշտպանելու Գագիկ Ծառուկյանի շահերը:
Այս պայմաններում խոսել տնտեսության զարգացման և ազատ տնտեսական հարաբերությունների մասին մի փոքր բարդ է: Պետական ինստիտուտներ ներթափանցած օլիգարխիան այսօր ունի բոլոր հնարավորությունները քաղաքական իշխանությանը փաստերի առաջ կանգնեցնելու և բարեփոխումների գործընթացի խոչընդոտելու համար: Այս հարցում է, որ իշխանությունը պետք է բացարձակ անկեղծ երկխոսություն ծավալի հասարակության հետ: Իշխանությունը պետք է առանց վարանելու հրապարակային բանավեճ ծավալի հասարակության հետ, քանզի տնտեսությունն ու քաղաքականությունը օլիգարխներից ազատագրելու գործում Հայաստանի քաղաքական իշխանության միակ դաշնակիցը հասարակությունն է, որը վերջին շրջանում օլիգարխների նկատմամբ բավականին անհանդուրժող կեցվածքով է հանդես գալիս: Դրա վառ օրինակն են «Հարսնաքարի» դեպքն ու հասարակական արձագանքը:
Եվ եթե առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իշխանությունը համագործակցի օլիգարխիայի հետ այնպես, ինչպես եղել է նախորդ ընտրությունների շրջանում, ապա հեռու չէ այն օրը, երբ իշխանությունը կկանգնի հեղաշրջման վտանգի առջև, քանզի տարիների ընթացքում արտոնություններ վայելած օլիգարխիան կարողացել է այն չափի նյութական հնարավորություններ ստեղծել, որ կգնա իշխանության լիակատար յուրացման: ՈՒստի իշխանությունը հապաղելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ իրավունք: Հասարակության առաջ ունեցած պատասխանատվությունը պետք է ստիպի իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել օլիգարխներին սանձելու և նրանց հավակնությունները սահմանափակելու համար: Եթե իշխանությունը չի ուզում, որ «Ծառուկյան-Պալաչ» պատմության խմորը շատ ջուր քաշի և վարակիչ ազդեցություն ունենա նաև այլ օլիգարխների վրա, ապա սեղմ ժամկետներում պետք է ազատ տնտեսական հարաբերությունները կարգավորող գործող մեխանիզմներ ստեղծի: Այս հարցում, թերևս, Սերժ Սարգսյանն ունի քաղաքական կամք, իսկ Տիգրան Սարգսյանը` գիտելիք և փորձ, մնում է իրականացնել:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6111

Մեկնաբանություններ