Ես կսկիծով կըսեմ չկայ
Հայաստան, պարոնայք:
Կան միայն հայեր, որ
Ապրում են երկրի վրայ։
Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Տարբեր ժամանակներում տարբեր են եղել իշխանության հասնելու ճանապարհները: Բազմազան են եղել նաև իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունները: Մեկին իշխանությունը հասնում է ժառանգաբար, մյուսն այն զավթում է, մեկն արժանանում է դրան, մյուսին ոմանք են դնում որպես թիրախ, վահան, կամ «թզենու տերև»` ծածկելու համար իրենց ամոթալի, հանցավոր գործերը և այլն: Բոլոր դեպքերում, իշխանություն կոչվածը շատ թանկ է նստում թե՛ իշխողի, թե՛ ժողովրդի վրա: Հայտնի է, որ Հուլիոս Կեսարի առաջխաղացմանը մեծապես նպաստել է Նիկոմեդ թագավորը, որի հետ նա ինտիմ կապերի մեջ էր: Եվ ժամանակակիցները համարձակվում էին Կեսարին երեսով տալ. «Մենք լավ գիտենք, թե ինչ է քեզ տվել Նիկոմեդը, և ինչ ես տվել դու նրան»: Ռոտշիլդները մեծահարուստ բանկատերեր էին, և մարդիկ պարսավում էին նրանց, ասելով. «Հրեաների արքա (բանկատեր) և արքաների հրեա (բանկատեր)»: Սակայն ոչ բոլորն են պատրաստակամ իրենց պատվի, անկախության հաշվին իշխանություն ստանալու: Ոմանք էլ, գիտակցելով ողջ պատասխանատվությունը, խուսափում են ղեկավար պաշտոններից: Կարող է անհավատալի թվալ ազգագրագետ Ջ. Ֆրեզերի նկարագրած վայրի մի ցեղի ցեղապետ «ընտրելու» արարողությունը: Ահավասիկ, թեկնածուն հենց իմանում էր, որ իրեն են ընտրել, դիմում էր փախուստի: Հետապնդող ցեղակիցները վերադարձնում էին նրան` ծեծելով բերում գյուղամեջ: Հետո ծնկի էին գալիս ու երկրպագում նրան: Խոսքը Աֆրիկայի Սիեռա-Լեոնեի «տիմ» կոչված ցեղի մասին է (չշփոթել հայաստանյան ՏԻՄ` տեղական ինքնակառավարման մարմինների հետ): Մեր օրերում գյուղապետ կամ պատգամավոր ընտրվելու համար գլուխ են ջարդում (անշուշտ, ուրիշների գլուխները), ընտրակաշառք բաժանում, իսկ վայրի ցեղի միամիտ «վոժդերը» չէին ուզում առանց ծախսեր անելու ղեկավար դառնալ: Սակայն արտաքինը խաբուսիկ է: Պարզվում է, որ նախկինում ցեղապետ լինելը բավականին ծանր աշխատանք էր, ոչ թե որոշ պատգամավորների նման, որ գիշերը քնում են, իսկ ցերեկը հանգստանում (նախկինում այսպես էին բնորոշում գիշերապահներին): Մինչդեռ ցեղապետը պարտավոր էր կիզիչ արևի տակ ժամերով կախարդել, որ անձրև բերի, պիտի կարողանար հիվանդներին բուժել, վեճեր լուծել (առանց հանձնաժողովներ կազմելու) և այլն: Հնում կարծում էին, թե թագավորը կամ քուրմն օժտված են գերբնական ուժով: Ֆրեզերը գրում է. «Նա պատասխանատու է վատ եղանակի, վատ բերքի և այլ տարերային աղետների համար… ՈՒստի եթե տեղի են ունենում երաշտ, սով, համաճարակ, փոթորիկ, այդ արհավիրքները ժողովուրդը վերագրում է տիրակալի անփութությանը կամ հանցավոր վարքին: Սրա համար նրան շղթայում են: Իսկ եթե նա շարունակում է համառել, ապա կա՛մ գահընկեց են անում, կա՛մ սպանում» (Дж. Фрезер, Золотая ветвь, 1983, стр.165): Մեզանում հակառակն է` ամեն կարգի թերացումները վերագրում են ուրիշներին և արդարանում: Օրինակ, ասում են, եթե չլիներ չորս խոչընդոտ, Հայաստանի գյուղատնտեսությունը կբարգավաճեր, և այդ չորս «մեղավորներն» են գարունը, ամառը, աշունը և ձմեռը: Ի տարբերություն հիշյալ «վոժդերի», Հին Հռոմում կոնսուլի պաշտոնի համար առաջադրվածները հաճախ ընտրակաշառք էին բաժանում, հաճոյանում ժողովրդին` ամեն գնով ձգտելով իշխանության: Ըստ հույն փիլիսոփա Պլուտարքոսի` Հռոմում կաշառակերությունն սկսեց դեր խաղալ նախ Ազգային ժողովում, որից հետո «տեղափոխվեց դատարաններ և բանակ, պետությունը վերածվեց մենիշխանության` փողը ստրկացրեց զենքը: Ինչ-որ մեկը միանգամայն ճիշտ էր ասել, թե ժողովրդի ազատությունն առաջինը խլել էր նա, ով ժողովրդին հյուրասիրել էր և նվերներ բաժանել: Երևի այդ չարիքը Հռոմում տարածվում էր գաղտնաբար, աստիճանաբար, և միանգամից չի բացահայտվել: Թե ով է Հռոմում ժողովրդին և դատավորներին կաշառելու օրինակ տվել, ես չգիտեմ, բայց Աթենքում դատավորներին առաջին կաշառք տվողը, ասում են, Անթեմիոնի որդի Անիտոսն էր, որին դատեցին պետական դավաճանության համար» (Плутарх, Избранные жизнеописания, М.,1987 стр. 399):
Ինչպես տեսնում ենք, կոռուպցիան նախկինում համարվում էր պետական դավաճանություն: Հետաքրքիր է, մեր «պլուտարքոսները» կկարողանա՞ն նմանօրինակ բացահայտումներ կատարել, թե՞ այդ գիտությունն էլ է մեզանում «կաղում»:
Պլուտարքոսի ժամանակակից Յուվենալը վկայում է.
«Այն պահից, երբ մեր ձայները չենք վաճառում,
Այս ժողովուրդը վաղուց մոռացել է բոլոր հոգսերը:
Եվ Հռոմը, որ ժամանակին ամեն ինչ բաժանում էր`
Ե՛վ լեգեոններ, և՛ իշխանություն, և՛ թիկնապահների թևկապեր,
Այժմ զուսպ է, միայն երկու բանի մասին է անհանգիստ երազում`
Հաց և կրկես»
(Словарь латинских крылатых слов, М., стр. 569):
Ընդ որում, այդ ժամանակ, մոտ երկու հարյուր հազար քաղաքացու համար հացը, կրկեսը և այլ բաներ անվճար էին։
Կոմիտասին (հայ պանդուխտին) Չարենցը բնորոշել է որպես «անհայրենիք մուրացիկ, որ հացի տեղ ունի երգ»: Այսօր շատերը հացի տեղ ունեն ոչ թե կոմիտասյան երգ, այլ կրկես: Ի դեպ, մի առիթով «Ազատություն» ռադիոկայանով պետկրկեսի տնօրենը հպարտացել էր, թե «Հայաստանը կրկեսային երկիր է»: Նա անկեղծ էր, նկատի չուներ շոու-բիզնեսի, ռաբիսի աստղերին, հեռուստասերիալները, լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ և այլ ցուցքեր։
Պոպուլիզմի և կոռուպցիայի դեմ առաջին ընդվզողներից էր հռոմեացի զորավար Գայոս Մարցիոսը, որին Կորիոլներ քաղաքի մոտ հաղթանակի կապակցությամբ շնորհել էին Կորիոլան անունը: Նրան հարգում էին նաև ավարից և արտոնություններից հրաժարվելու համար: Վեհանձն Կորիոլանը խախտեց մի ավանդույթ ևս` ընտրությունների ժամանակ ամբոխին ցուցադրելը ռազմի դաշտում ստացած վերքերը: Կորիոլանը համոզված էր, որ ընտրակաշառքը ծուլացնում, թուլացնում և այլասերում է ժողովրդին: Ի վերջո, զորավարը հրաժարվեց կոնսուլ դառնալուց: Կորիոլանի ողբերգական կերպարը ոգեշնչել է Շեքսպիրին, Բեթհովենին, Կոլլինին կերտելու գլուխգործոցներ: Ո՞վ կսպասեր, որ Հռոմի պես հզոր կայսրության կործանումը կսկսվի կոռուպցիայից (որ նշանակում է նաև փչանալ): Ի դեպ, մեր օրերում ևս կան մականունավորներ, սակայն, ի տարբերություն Կորիոլանի, մեր պատգամավորների անունների ծագումն «այնքան» էլ հերոսական չէ, բացի դրանից, նրանք պարբերաբար պահանջում են իրենց աշխատավարձը բարձրացնել և օգտվում են բազմապիսի արտոնություններից ու մենաշնորհներից: Մի տարբերություն ևս. պատգամավորության թեկնածու Կորիոլանը չվախեցավ թշնամու ճամբարը` ուղիղ զորավարի որջը միայնակ մտնելուց: Այսօր Կորիոլանի «գործընկերներն» առանց թիկնապահների վախենում են իրենց ընտրողների հետ հանդիպելուց, ոմանք էլ նույնիսկ թիկնապահներով են քնում: Իբր այսքանը քիչ է, նրանք ունեն նաև անձեռնմխելիության կարգավիճակ, ինչը վերածվում է ամենաթողության, օրենքից վեր զգալու և գործելու: Մինչդեռ զարգացած երկրներում դա կարգավորվում է օրենքներով: Զարմանալի է, ումի՞ց են պաշտպանվում «այս աշխարհի ուժեղները»: Թերսնված երեխաների՞ց, հոգնած, ուժասպառ ժողովրդի՞ց, կեղեքված ծերունիների՞ց, թե՞ այլմոլորակայիններից։ Ո՞վ է տեսել, որ գայլը զինվի` գառից պաշտպանվելու համար: Հիշում եմ, տարիներ առաջ մի գյուղացի տեղափոխվել էր Երևան, տուն էր վարձել մի խուլ ու վտանգավոր թաղում. նա գիշերները դուռը չէր փակում և հարցնողներին ասում էր. «Ամոթ չի՞ տղամարդը դուռ փակի, ես ոչ մեկին վատություն չեմ արել, ումի՞ց պիտի վախենամ»։ Ահա նման տղամարդուն կարելի է վստահել, ձայն տալ առանց ընտրակաշառքի։ Հաճախ պատկերավոր ասում են, թե մենք մի նավով կամ ինքնաթիռով ենք ընթանում: Ինչպե՞ս կարելի է վստահել անձեռնմխելի «ընտրյալներին», եթե նրանք զինված են «փրկագոտիներով», «պարաշյուտներով», մինչդեռ ժողովուրդն անպաշտպան է: Ցանկացած աղետի դեպքում պարաշյուտավորները փափուկ վայրէջք կկատարեն իրենց արտասահմանյան ապաստարաններում: Անհնար է լինել հայրենասեր, բայց չսիրել, ճնշել ժողովրդին: Չէ՞ որ հայրենիքը, նրա բովանդակությունն ինքը` ժողովուրդն է` իր դարավոր մշակույթով, ավանդույթներով, իսկ տարածքը, Նժդեհի խոսքով ասած, նրա աշխարհագրական զրահն է: Այժմ մեր հայրենիքի և՛ զրահն է խոցված, և՛ սիրտը` ժողովուրդը: Չեմ կարող մոռանալ հետևյալ դեպքը: Միոտանի մի մարդ, մեծ դժվարությամբ մտնելով լեփ-լեցուն ավտոբուսը, բացականչեց. «Հայ ժողովուրդ, մի ոտի տեղ արեք, չե՞ք տեսնում, որ ես ավելի ինվալիդ եմ, քան դուք»: Ազատամարտիկ էր։ Այո, ժողովուրդը տնտեսապես, բարոյապես ծնկի է բերված, շատերն աշխատանք չունեն, ինչը ոչ միայն աղքատացնում է, այլև կարճացնում կյանքը: Ահա թե ինչ է գրում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մ. Բերնետը. «Աշխատանքից բավարարված լինելն ավելի է նպաստում երկարակեցությանը, քան ֆիզիկական կառուցվածքը, սննդակարգը, չծխելը և ծնողների երկարակեցությունը» (Т. А. Исмангулян, Краткий учебник гигиены и экологии человека, Е, 2000, стр. 275):
Ըստ փիլիսոփա Հելվեցիուսի, ժողովրդի դժբախտությունը «կախված է իր օրենքների անկատարությունից և հարստության չափազանց անհամաչափ բաշխումից… Շատ պետություններում գոյություն ունի քաղաքացիների միայն երկու դասակարգ. մեկը զրկված է անհրաժեշտից, մյուսը` հագեցած անչափավորությունից» (Гельвеций, Сочинения, М., 1974, стр. 382)։ Սա, կարծես, Հայաստանի մասին է ասված: Հիրավի, ժողովրդի մեծ մասը մի կերպ գոյատևում է, իսկ վերնախավը մեր «երկիր-դրախտավայրի» արգելված պտուղներից փարթամացած, արբած է «ճոխության հաշիշով» (Հելվեցիուս): Տեղին է Նժդեհի խոսքը. «Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը» (Գարեգին Նժդեհ, Ասույթներ, Ե., 2002, էջ 58): Եթե արդարության չափանիշով չափենք, այլ ոչ թե «համախառն ներքին արդյունքով», կարելի է պատկերացնել մեր հայրենիքի վիճակը: Զարմանում ես. ո՞ւմ է ձեռնտու ուժասպառ, արտագաղթից հյուծված Հայաստանը: Այս ամենից առավել տուժում է մատաղ սերունդը` մեր ապագան: Մենք աղաղակում ենք երիտասարդության ճաշակի, հայեցի դաստիարակության, կրթության թերացումների մասին, մեղադրում հեռուստատեսությանը և այլն: Եվ իրավամբ: Սակայն կա մի կարևոր գործոն ևս, որը նշել է դեռ Հելվեցիուսը. «Պատանեկության նոր և գլխավոր դաստիարակներն են պետության կառավարման ձևը և այն բարքերը, որոնք ժողովրդի մեջ գոյանում են կառավարման այդ ձևից» (նշված գործ, էջ 27):
Արդյոք հնարավո՞ր է չափել մեր կառավարման ձևի ազդեցությունն այսօրվա բարքերի, ժողովրդի տխուր վիճակի վրա: Արդյոք սրանից չի՞ բխել նոր արտագաղթի «իններորդ ալիքը»։
Ավելացնենք նաև, որ դաստիարակչական մեծ նշանակություն ունեն երկրի ենթակառույցները, ճարտարապետությունը, բնությունը, բնակավայրի մաքրությունը, բնապահպանությունը: Իմաստունն ասում էր` բնության հանդեպ լավագույն հաղթանակը նրան ենթարկվելն է, այսինքն` ներդաշնակվելը: Ցավոք, օտարների օգնությամբ մեր գործարարները հոշոտում-կողոպտում են ընդերքը, անտառները, լանդշաֆտը: Պատկերավոր ասենք` բնության հետ սիրով ամուսնանալու փոխարեն բռնաբարում են այն, խաթարում մեր հայրենիքի և՛ ձևը, և՛ բովանդակությունը, վշտացնում ժողովրդին: Ինչպե՞ս կարելի է արցախյան անկախության գործում հանդես գալ ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, ներկայացնել այդ ժողովրդին և միևնույն ժամանակ չհոգալ այդ ժողովրդի մասին: Եթե չենք հարգում մեր ժողովրդին, ինքներս մեզ, ինչպե՞ս ենք ակնկալում օտարների հարգանքը: Չէ՞ որ ժողովրդի, երկրի հզորությամբ են գնահատում իշխանության այս կամ այն ներկայացուցչին, կշռում նրա խոսքը: Դիպուկ է ասված. «Какова нация, такова интонаия», այսինքն, ինչպիսին ազգն է, այնպիսին էլ նրա խոսքի հնչողությունն է, հաստատակամությունը, կշիռը։ Մի հատկանշական դեպք ևս. ժամանակին Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերից հետո մի խումբ նվագողներ մնացել էին ԱՄՆ-ում, և կոմունիստական կուսակցության մարզկոմիտեի քարտուղարը զայրացած հարցրել էր դիրիժորին. «Այդ ի՞նչ եք անում, որ երաժիշտները փախչում են ձեզնից»: Դիրիժորը պատասխանել էր. «Ինձնից չեն փախչում, այլ ձեզնից»: Անշուշտ, նա ակնարկում էր իշխանություններին, ռեժիմը: Իսկ լենինգրադցիք տարակուսում էին. «Եթե լարայիններից այդքան նվագողներ պակասել են, էլ ի՞նչ մնաց նվագախմբից»: Անբարյացակամներն էլ հեգնում էին. «Սիմֆոնիկից մնաց մի կարգին փողային նվագախումբ»։
Եվ որպեսզի ապագայում մեր Հայաստանից «որևէ բան» մնա, մենք պիտի ազնիվ, նժդեհաբար աշխատենք, պայքարենք, վերացնենք մեր թերությունները, չմոռանալով մեծ հայրենասեր Մկրտիչ Փորթուգալյանի նախազգուշացումը, թե այն հայը, ով չի նպաստում հայ ժողովրդի ազատագրմանը, ոչ միայն հայ չէ, այլև պարզապես մարդ չէ...
Դանիել ԵՐԱԺԻՇՏ