Հաղորդակցվելով Ձեր` «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում» հոդվածին` տեսանք, որ Բաքվում դեռևս կան մտավորականներ, ովքեր օժտված են առողջ բանականությամբ և համամիտ չեն գարի խժռող արհեստակիցների զառանցանքներին: Մենք համոզված ենք նաև, որ Դուք, հարգարժան դոկտոր, և Ձեզ նմանները մեր վրդովմունքն ու զայրույթը այդ զառանցանքների դեմ ճիշտ կգնահատեք: Այն բովանդակավորվում է նաև Ձեր ժողովրդի նկատմամբ ունեցած մեր մտահոգությամբ: «Ժողովուրդ» ասելով նկատի ունենք աշխատավորական զանգվածը, ոչ թե նրան թալանող վերնախավը, որը, սեփական շահերի թելադրանքով, քարեքար է գցում ձեր ժողովրդին, չի թողնում, որ ժողովուրդն ինքն իրեն գտնի: Ձեր քաղաքական ղեկավարությունը, այսօր արդեն քուրդ ալևիների ձեռքով, ամեն ինչ անում է, որ ձեր ժողովուրդը մնա նախնադարյան խավարի ու վայրենության ճիրաններում, նույնիսկ ազգային հերոս է հռչակում քնած մարդուն սպանող զինվորականին, հանուն ինչի՞։
Չէ՞ որ ձեր ժողովուրդը պարտք ու պահանջ չունի Ղարաբաղի նկատմամբ: Քաղաքական հատուկ ծրագրով նրան մտցրել են այդ տարածքներ, և դեռևս սերունդ չի փոխվել, որ հիշողությունը տեղի տա: Պատահակա՞ն է, որ ցարի հիմնարկած Կարյագինոն կորցնելուց հետո ձեր ժողովուրդը, բուն ժողովուրդը, ինքնակամ լքեց այդ տարածքները, մինչև Ժդանովի շրջանը ներառյալ: Պատահակա՞ն է, որ Աղդամի 40-հազարանոց բնակչությունը, հեռվից մի քանի կրակոց լսելով, լքեց քաղաքը, նույնիսկ արդեն խաշած միսը չհասցրեց վերցնել, որ ճանապարհին ուտի: Մինչդեռ 13 տարեկան մեր պատանին, իր ծննդավայր փոքրիկ գյուղը պաշտպանելու համար, զենքը ձեռքին դուրս էր գալիս ձեր տանկերի դեմ: Ի՞նչն էր պատճառը, որտեղ էր թաղված «շան գլուխը»: Ներկայացնենք թվերի տրամաբանությամբ:
1912 թ. ցարական հարկացուցակում արձանագրված է, որ Աղդամն ունի 260 բնակիչ, իսկ հետագա Ադամի շրջանը, Աղդամով հանդերձ, 2094 բնակիչ, որի որոշ մասն էլ հայ էր: Իսկ 1990 թ. վիճակագրությամբ Աղդանի շրջանն ուներ 135900 բնակիչ, որից 40000-ը` Աղդամում: Լենկ Թեմուրի ձեռքով ավերակի վերածված Բայլականում 1928-1938 թթ. կառավարական պարտադրանքով ղարաբաղցին իր հողում ստեղծեց Ժդանովի անունը կրող շրջան, ուր մինչև 1948 թ. ապրում էին միայն հայեր: 1948-ից շրջան մտցրին նաև ձեր ժողովրդից: Բայց թվերի հարաբերակցության բուն թռիչքը տեղի ունեցավ 1954 թ., երբ Իրանի շահը տապալեց Մոսկվայի ու Բաքվի աջակցությամբ ստեղծված Ադրբեջանի դեմոկրատական կառավարությունը` Թավրիզ կենտրոնով, և բնակչության մի մեծ զանգված փախավ Արաքսի ձախ ափը: Այնպես որ, Ղարաբաղից փախած ձեր ազգակիցների հիմնական մասը Իրանի երեկվա քաղաքացի է եղել, որը Ղարաբաղի նկատմամբ տիրոջ զգացողություն չի ունեցել:
Միանգամայն տեղին ու անհետաձգելի է Ձեր հարցադրումը` «Ո՞Ւր ենք գնում»: Այդ համատեքստում պետք է չմոռանաք, որ արդեն 300 տարի է, ինչ աշխարհի հզոր տերությունները իրար գզում են մեր երկրատարածքին տեր դառնալու համար, և իրենց ծրագրերն իրականացնելու գործում գրոշի արժեք չունենք և՛ մենք, և՛ դուք: Պահի թելադրանքը կարող է որոշել, թե մեզնից որ մեկին բարձրացնեն զոհասեղան: Այդ սպառնալիքը կարելի է չեզոքացնել միայն համատեղ ուժերով: Նման մոտեցում մեր ժողովուրդները հանդես են բերել 100 տարի առաջ:
Երբ 1905-1906 թթ. ցարական կառավարությունը կազմակերպեց հայ-թաթարական ընդհարումները (այն ժամանակ ձեզ թաթար էին կոչում), ղարաբաղցիների ու հարևանների միջև կապը խզվեց, երկու կողմերում հատուկ դիրքապահներ էին ապահովում անվտանգությունը: Մեր հայրենի Գիշի գյուղի անասնագոմերը գյուղից չորս կմ ներքևի հարթությունում էին տեղադրված: Մայիսյան մի առավոտ, անասուններին արոտ տանելու ժամանակ, գոմերից ոչ հեռու զգացին ինչ-որ գարշահոտություն: Պարզվեց` ճանապարհի երկու կողմերի շամբերի մեջ թափված են պատկառելի քանակությամբ ձկներ: Հետագայում իմացանք, որ երկու ձիաբեռ է եղել: Ինքնին հասկանալի էր, թե ովքեր կարող էին Կուր կամ Արաքս գետերից ձուկը հասցնել այդտեղ: Գյուղացիներից մեկը` Բաղդասար Աթալյանը, առաջարկում է իրեն անվնաս բաց թողնել մեր դիրքապահների մոտից, որ գնա մյուս կողմից տեղեկություն բերի: Երբ հասնում է ձեր դիրքապահներին, ասում է, որ իրեն տանեն այսինչ բեկի մոտ: Ձեր դիրքապահները բարեխղճորեն նրան հասցնում են Աղջաբադի: Երբ բեկի կանայք և աղջիկները տեսնում են իրենց բարեկամին, արցունքախառն բացականչում են.
-Ո՞Ւր եք, անաստվածնե՛ր, սովից կոտորվեցինք,- ու համբուրում են նրա ձեռքերը:
Բաղդասարն էլ պատասխանում է.
-Մենք էլ ձեր վիճակում ենք աղի պատճառով:
Մի գիշեր հյուրընկալելուց հետո` Բաղդասարի ներքնաշորերը լցնում են աղով, բարձում էշին և նույն ճանապարհով անվնաս հասցնում սահմանի մյուս կողմ: Այդպիսով, վերականգնվում է հարևան ժողովուրդների հարաբերակցումը, որով գոնե այդ մի հատվածում ձախողվում է ցարի խարդախ քաղաքականությունը: Բաղդասար Աթալյանը մորս հորեղբայրն է եղել: Այնպես որ, տեղեկությունն առաջին ձեռքից է:
Մենք համոզված ենք, որ մեր երկու կողմերը կարող են համատեղ ուժերով կրկնել իրենց պապերի կատարածը, չեզոքացնել արտաքին սպառնալիքները, եթե դուք կարողանաք սանձահարել ալիևյան խունտային, թույլ չտաք, որ իրենց ռազմատենչ սանձարձակ զառանցանքներով արտաքին կործանարար միջամտության համար ճանապարհ բացեն: Եկեք երկուստեք վախենանք ու զգուշանանք արտաքին միջամտությանը նպաստելուց:
Հարգարժան դոկտոր Ալեքփերլի, ձեր ազգային արժանապատվությանը հասցված ամենամեծ անարգանքն իշխողների կողմից ձեզ նորանոր անուններ կպցնելն է եղել` առանց ձեր կամքը հարցնելու: Ռուսը լեզվական մերձավորության հանգամանքով ձեզ կոչեց թաթար, սուլթանական զորքերը հասան Գանձակ, ձեզ դարձրին թուրք, երեկ ձեզ մուղանցի էին կոչում, այսօր դարձել եք ադրբեջանցի: Չէ՞ որ երկուսն էլ աշխարհագրական տեղանուններ են և կապ չունեն ազգային պատկանելության հետ: Ահա թե ինչու խստագույնս կարևոր է նաև Ձեր մյուս հարցադրումը` «Ո՞վ ենք մենք»: Հարցի պատասխանը կգտնեք, եթե խորապես ուսումնասիրեք ձեր ժողովրդին, նրա անցած պատմաքաղաքական ճանապարհը, իշխողների կողմից դարեր շարունակ նրան սրսկված վայրենի բնազդների դեմ կանգնեցնեք նրա ձեռքբերումները որպես ժողովուրդ, նրա մարդկային լավագույն հատկանիշները, որ անթեղված են նրա էության խորքերում, ու այդ հատկանիշներով նպաստեք նրա ազգային նկարագրի ձևավորմանը: Ախր ձեր ժողովուրդը, ինչպես բոլոր ժողովուրդները, ունի նաև մարդկայնորեն օրինակելի լավագույն հատկանիշներ, որ անուշադրության եք մատնել: Այդ առիթով ներկայացնենք անձնական մի միջադեպ:
Անցած 60-ականներին մի օր Երևանից գնացքով վերադառնում էինք Ղարաբաղ, բայց Հորադիզում ռուս սահմանապահները մեզ, նաև երկու ուսանողի չթողեցին, որ իջնենք, ու հասցրին Ժդանով: Այդտեղ մեզ հասակակից մի երիտասարդ վարորդի խնդրեցինք, որ մեզ հասցնի Կայրագինո (դեռ չէինք ընտելացել բնակավայրի նորանշանակ Ֆիզուլի անվանը): Երբ վարորդը հարցրեց, թե` ի՞նչ կտաք դրա դիմաց, մենք հայտնեցինք, թե չգիտենք` ո՞ւր են հասցրել մեզ, քանի կմ է այստեղից մինչև Կարյագինո, կբավարարի՞, եթե հինգական ռուբլի տանք: Վարորդը համաձայնեց, մեզ հասցրեց համարյա Հորադիզի մերձակայքը, մեքենայի բենզինը սպառված լինելու պատճառաբանությամբ մեզ նստեցրեց Կարյագինո գնացող ավտոբուսը: Վարորդին վարձատրելու մեր ջանքերի դիմաց նրանից ստացանք ասպետական պատասխան. «Այդ էր պակաս, որ ճանապարհը կորցրած երևանցուց փող վերցնեմ ու տամ զավակներիս»: Անձնական շփումների բերումով նման բարձր նկարագրի շատ դեպքեր կարող ենք արձանագրել, չնայած մի չնչին պատճառով ձեր զավակները կարող են նաև արյունախում դառնալ` անկախ դիմացինի ազգային պատկանելությունից: Բոլոր ժողովուրդներին էլ ունեն վատ ու դատապարտելի, ինչպես նաև լավ ու խրախուսելի հատկանիշներ: Անհրաժեշտ է հասարակական կյանքում տիրապետող դարձնել լավն ու խրախուսելին:
Իսկ դրան հասնելու նախապայմաններից մեկն էլ ձեր ժողովրդի սեփական, անխարդախ պատմությունը ստեղծելը կարող է լինել: Ստալինի հանձնարարությամբ, Դյուկոնովի գլխավորած պատմաբանների հանձնաժողովի ջանքերով, ձեզ պարտադրել են մի պատմություն, որտեղ, եթե հանգիստ թողնենք Ֆանահ և Իբրահիմ խաներին, ամեն ինչ կգտնեք, բացի ձեր ժողովրդի պատմությունից: Ձեր ժողովուրդը ի՞նչ կապ ունի աղվանցիների հետ, քանի որ աղվանցին, աղվանից ժողովուրդը ճիշտ նույն իմաստն ունեն, ինչպես ձեր այսօրվա ադրբեջանցին ու ադրբեջանական ժողովուրդը, երեկվա ձեր մուղանցին: Աղվանքը աշխարհագրական հասկացություն է, որի բնիկ ժողովուրդը հայն է եղել այն հեռավոր ժամանակներից, երբ առանձնացել է հնդեվրոպական մայր հանրությունից որպես ինքնուրույն էթնիկական միավոր: Կամ` ի՞նչ կապ ունեք Ատրպատականի ու Մանայի հետ, որ նրանց պատմությունը դարձրել են ձերը: Հետո ի՞նչ, որ վերջին դարերում դուք էլ եք մտել այդ տարածքներ: Վաղն ավելի խայտառակ վիճակի առաջ կկանգնեք, եթե իրականություն դարձնեն Յաղուբ Մահմուդովի հայտարարություն-ծրագիրը` նախկինին ավելացնելով նաև սկյութ-շումերական զառանցանքները: Ձեր ժողովուրդը կարոտ է սեփական, անխարդախ պատմության, որով կարող է կողմնորոշվել այս խառնակ աշխարհում:
Հարգարժան պարոն Ալեքփերլի, մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է արմատական անաչառություն ու պատմական իրականությունն իր իրական բովանդակությամբ ներկայացնելու կամք ու վճռականություն: Այս հարցում ձեր ամենամեծ թշնամին ձեր այն մտավորական կոչվածներն են, ովքեր պատմաքաղաքական նենգափոխումները տիեզերական չափերի են հասցրել: Ի՞նչ է, նրանք քաղաքակիրթ մարդկությանն աշխարհից անտեղյակ սարի չոբանի տե՞ղ են դրել, որ ձեզ դարձնում են սկյութ ու թռցնում Շումեր, մեզ էլ դարձնում անհող ու անհայրենիք թափառական գնչուներ: Նման զառանցանքներով նրանք վարկաբեկում են ոչ թե մեր, այլ ձեր ժողովրդին, որը կարող է նման ցնդածներին կանգնեցնել իր գլխավերևը: Ինչպե՞ս եք շնչում այդ խեղդող մթնոլորտում:
Գալով վերջին երեքհարյուրամյակին` արձանագրենք, որ երկու անգամ` 1724 և 1918 թթ., սուլթանական զորքերը ռազմակալել են Անդրկովկասը, Կուրի մերձակա հարթավայրով մուտք գործել Ղարաբաղի Վարանդա գավառը և, արժանի հակահարված ստանալով, հեռացել: Երկու դեպքում էլ թուրք փաշաները հայացք չեն նետել դեպի Չարդախլու, Քարհատ-Դաշքեսան, Գետաշեն-Չայքենդ, Գյուլիստան լեռնային տարածքները: Երևի զգուշացել են այդ տարածքների լեռնային լինելուց: Այդ տեղերը ոտք չեն դրել նաև ձեր խաներն ու բեկերը:
Ըստ 1912 թ. ցարական հարկացուցակի` այդ տարածքներում ապրում էին 86-96 հազար հայեր և 7500 ռուսր ու գերմանացի: Երբ ստեղծվում էր ԼՂԻՄ-ը, Բաքվի իշխանավորները գաղութարարի սանձարձակությամբ այդ տարածքները դուրս թողեցին մարզի կազմից, 2094 բնակչով ձևավորեցին մարզի կազմից դուրս Աղդամի շրջան այն դեպքում, երբ նույն պահին միայն Գետաշեն գյուղն ուներ 5057 բնակիչ: Իսկ 1991 թ. արդեն գորբաչովյան տանկերի ու հրանոթների զորությամբ բռնազավթվեցին հայկական այդ շրջանները: Հարգարժա՛ն բարեկամ, խղճի ու բանականության թելադրմամբ հայտնեք` Դուք կարո՞ղ եք հայկական այդ շրջանները համարել ձեր ժողովրդին պատկանող սեփականություն:
Երկու ժողովուրդների բարեկամությունը վերականգնելու, ամուր հիմքերի վրա դնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է անաչառ ու սթափ մոտեցում պատմական անցուդարձին, որը հիմնականում գաղութարար կենտրոնի սադրանքների հետևանք է եղել` պայմանավորված ենթակա ժողովուրդներին իրար թշնամի դարձնելով երկուսին էլ հեշտ հնազանդեցնելու անհրաժեշտության թելադրանքով: Լենինը ևս դիմեց հազարամյակների քննություն բռնած այդ քաղաքականությանը` Լեռնային Ղարաբաղը ևս գաղութային կախման մեջ դնելով Բաքվից: Կենտրոնի հետևողական հովանավորությամբ գործող այդ իրավիճակն այնքան ոգևորեց Բաքվի դերակատարներին, որ դիմեցին գաղութատիրության վեցհարյուրամյա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ միջոցառումների: Նրանք չբավարարվեցին մարզի նորմալ տնտեսական զարգացումը խաթարելով, շատ թե քիչ աչքի ընկնող կադրերին ոչնչացնելով կամ Սիբիր քշելով: Նրանք ամեն ինչի դիմում էին, որ իրականացնեին Ասադ Կարաևի գաղտնի հանձնարարականը` հայերի ոտքը կտրել Ղարաբաղից: 1949 թ. մի հանձնարարությամբ Ղարաբաղի բնակչությանը զրկեցին չորքոտանի` կով ու ոչխար պահելու իրավունքից, եղածն էլ արոտավայրերից տարան պետականացրին: Մի տարի հետո պետական պլանը կատարելու պատրվակով ու միլիցիայի ուղեկցությամբ մտան տները, քանդեցին բնակչության անկողինը և բուրդը տարան: Ըստ որում, «բարեխղճորեն» սահմանել էին, թե ընտանիքի անդամները` առաջին դասարանի աշակերտից մինչև զառամյալները, ով ինչքան բուրդ պիտի տա: Այս ամենի հետ ադրբեջանցի շարքային քաղաքացին առնչություն չի ունեցել, այն պետական քաղաքականություն է եղել` խրախուսված կենտրոնի կողմից: Այլապես 70 տարի շարունակ Ղարաբաղում կատարվող բարբարոսությունների նկատմամբ Մոսկվան գոնե մեկ անգամ արդարացի դիրքորոշում կցուցաբերեր, գոնե մեկ անգամ:
Տեսնո՞ւմ եք, ղարաբաղցու ինքնուրույն, ազատ ու անկախ ապրելու իրավունքի մասին ոչինչ չենք ասում: Ղարաբաղցու այդ անկողոպտելի իրավունքը մի կորեկի, նույնիսկ կես կորեկի չափով կապ չունի ձեր ժողովրդի, իր մի կտոր հացը ճակատի քրտինքով վաստակող ժողովրդի, ազգային շահերի, ազգային արժանապատվության անտեսման հետ:
Վերջում պարտավորված ենք մեկ անգամ ևս ընդգծելու, որ մենք հարգանք ունենք ձեր բուն ժողովրդի նկատմամբ, տագնապ ունենք նաև նրա հետագա ճակատագրի վերաբերյալ: Թե ի՞նչ կբերեն հզոր պետությունների աշխարհավեր գզվռտոցները, ո՛չ Աստված գիտի, ո՛չ էլ Ալլահը: Մնում է դարեր շարունակ ոտնատակ ընկած մեր երկու ժողովուրդներն իմաստնությամբ ու սթափությամբ զինվեն և համատեղ ուժերով չեզոքացնեն արտաքին ավերիչ սպառնալիքները: Բարեմաղթում ենք ձեր ժողովրդին հաջողություններ, մարդկայնորեն արժանապատիվ կյանք:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ