2008-ի նախագահական ընտրություններից հետո շատերի մտքով անգամ չէր անցնի, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը չի գնալու այն ճանապարհով, որն ընտրել էր Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս իր կառավարման 10 տարիներիՆ բավականաչափ ուշադրություն չդարձրեց հեռանկարային տնտեսություն կառուցելու խնդրին` նախընտրելով տնտեսական զարգացման երկնիշ ցուցանիշներ ապահովել շինարարական «փուչիկի» միջոցով: Արդյունքը եղավ այն, որ 2009-ին վրա հասած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելիության և ուռճացվածության մակարդակը:
2008-ին վարչապետի պաշտոնում նշանակելով Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Տիգրան Սարգսյանին` նախագահը ցանկանում էր վերափոխել երկրի տնտեսությունը և փորձեց բարեփոխումների գործընթացը վստահել Տիգրան Սարգսյանի գլխավորած տնտեսագետների թիմին: Եթե ուշադրությամբ հետևենք վերջին տարիներին Տիգրան Սարգսյանի գործողությունների հաջորդականությանը, ապա պարզ կլինի, որ վարչապետը փորձել է տնտեսական դաշտում որոշակիորեն խաղի կանոններ սահմանել, սակայն այդ փորձերը դեռևս արդյունք չեն տալիս, քանզի հիմնական տնտեսավարող սուբյեկտենրն իրենց հերթին փորձում են պահպանել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հաստատված խաղի օլիգարխիկ կանոնները` յուրաքանչյուր նորամուծություն ու նորարարություն ընդունելով սվիններով:
Տիգրան Սարգսյանի ներդրած համակարգերը տեսանելի արդյունք չեն ապահովում, քանզի մեկ բան է համակարգ ներդնելը, մեկ այլ բան` այդ համակարգը գործարկելը: Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, որտեղ տնտեսության բնագավառում արդար խաղի կանոնների հաստատումը բավականին բարդ և ցավոտ գործընթաց է և պահանջում է հստակ քաղաքական որոշումների ու կամքի դրսևորում: Ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների զգալի մասը վերածվել է օլիգարխիկ համակարգերի` ներթափանցելով պետության օրենսդիր և գործադիր ինստիտուտներ, և ներկայումս փորձում են տնտեսական նորարարություններին ու ազատ մրցակցությանը վերաբերվող որոշումների դեմ պայքարել քաղաքական եղանակով:
Այսպես. թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ին վերջերս միացավ նաև ոչ պակաս օլիգարխի համբավ ունեցող Գուրգեն Արսենյանը: Վերջինս տևական ժամանակ ՄԱԿ անունով խմբակցություն ուներ Ազգային ժողովում և որոշակի քաղաքական ծառայություններ մատուցելու դիմաց Ռոբերտ Քոչարյանից կարողանում էր ստանալ հավելյալ գործարար հնարավորություններ, ըստ որոշ տեղեկությունների, նաև հարկային ու մաքսային որոշակի արտոնություններ: Ըստ էության, կարելի է նշել, որ Հայաստանում Գուրգեն Արսենյանը, թերևս, քաղաքականությունը գործարար նպատակներով օգտագործելու գլխավոր ռահվիրաներից է և ներկայումս ԲՀԿ կազմում կիսաընդդիմադիր գործունեություն է ծավալում գործարար արտոնությունները պահպանելու և ազատ տնտեսական մրցակցության կանոնների ներմուծմանը հնարավորինս խոչընդոտելու համար:
Պետք է ընկալել, որ հայաստանյան գործարարների զգալի մասն իրենց ունեցվածքը կուտակել է վայրի կապիտալիզմի պայմաններում և ոչ մի կերպ չի ցանկանում արտոնյալ բիզնես ունենալու իրավունքը կորցնել և գործունեություն ծավալել ազատ մրցակցության պայմաններում: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Հայաստանում գործարար աշխարհը բաց է, իսկ պետությունը, որպես հանրային հարաբերությունները կարգավորող գերագույն ինստիտուտ, երաշխավորում է խաղի արդար կանոններ և ապահովում է ազատ մրցակցությունը: Այս դեպքում մեր օլիգարխների զգալի մասը շատ կարճ ժամանակահատվածում կկորցնի եկամուտների զգալի մասը, քանզի ֆինանսատնտեական ոլորտը պահանջում է գիտելիքներ և մտքի թռիչք: Չցանկանալով անձնավորել և անուններ նշել, այնուամենայնիվ, առաջարկում ենք մտովի պատկերացնել մեր օլիգարխների մեծամասնության վիճակը: Ինտելեկտուալ կարողություններով աչքի չընկնող հայ օլիգարխները, ինչքան էլ «դոդիկական» արտաքինով խորհրդականներ վարձեն, միևնույն է, արտոնությունների բացակայության պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում իրենց դիրքերը կզիջեն ավելի պատրաստված և գործարար գիտելիքներ ունեցող մարդկանց: Սա բնության օրենքն է, եթե, իհարկե, արհեստական միջամտություններ չեն արվում:
Առաջին հայացքից այս ամենը երազանքների դաշտից է: Սակայն, եկեք ընդունենք, որ ամեն ինչ սկսվում է երազանքներից: Երբ Տիգրան Սարգսյանը նշանակվում էր վարչապետի պաշտոնում, հավանաբար, տնտեսական զարգացման երազանք ուներ, քանզի գիտությունների թեկնածու տնտեսագետ է, բարեկիրթ և ինտելեկտուալ անձնավորություն և, ինչպես ցանկացած այլ մասնագիտության տեր անհատ, նա ևս պետք է «մասնագիտական երազանքներ» ունենա: Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ հրապարակավ խոսել է օլիգոպոլիաների դեմ պայքարի և ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման մասին, որոշակիորեն ակտիվացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքները` փորձելով փոփոխություն մտցնել արտոնություններով և մենաշնորհներով խճճված տնտեսական դաշտում:
Նույնը կարելի է ասել նաև էթիկայի հանձնաժողովի մասին, որը նույնպես Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց և նպատակ ունի վերահսկողություն սահմանելու պետական պաշտոնյաների եկամուտների ձեռքբերման թափանցիկության գործընթացի վրա: Այս հանձնաժողովի կարևորությունն այն է, որ պետական համակարգում ընդգրկված մարդկանց մի հոծ խումբ համակարգ է ներթափանցել սեփական գործարար շահերն առաջ մղելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ որոշակի նյութական հնարավորություններ ձեռք բերելու կամ ավելացնելու համար: Եվ, եթե վարչապետը վճռական է տրամադրված,հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնի օրենքի տառին համապատասխան, ապա շատ հնարավոր է` մոտ ապագայում պետական համակարգը կսկսեն լքել քրեաօլիգարխիկ կոչված տարրերը, որոնց գործունեությունը պետության և հասարակության զարգացման առաջնային խոչընդոտներից է: Վերը նշված երկու հանձնաժողովների բնականոն աշխատանքը թույլ կտա վարչապետին իրականացնել ծրագրավորված տնտեսական բարեփոխումները և երկիրը դուրս հանել օլիգարխիկ տնտեսության ճիրաններից:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ օլիգարխների դասակարգն ունի ոչ միայն հսկայական ֆինանսատնտեսական, այլև քաղաքական հնարավորություններ: Հենց օլիգարխների քաղաքական մասնակցությունն է, որ թույլ չի տալիս նախագահին և վարչապետին ամբողջական սցենարով և կարճ ժամանակահատվածում իրականացնել տնտեսական բարեփոխումները: Հետևանքը կարող է լինել այն, որ ԲՀԿ-ի և այլ օլիգարխիկ քաղաքական ուժերի միասնական դաշինքը կսկսի ապակայունացնել իրավիճակն ու պետական հեղաշրջման փորձ կկատարի, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ օլիգարխները նախորդ տարիներին հասցրել են արմատներ ձգել պետական համակարգում և քաղաքական գործիչների հսկայական վարձու բանակ ունեն, որոնք տարբեր պատճառներով պատրաստ են օր առաջ պայքար սկսելու գործող իշխանության դեմ:
Ինչևէ, օլիգարխիկ տնտեսության բարեփոխումն անխուսափելի է, միայն թե ստեղծված իրավիճակում նախագահն ու վարչապետը պետք է գործեն ճկուն և վճռական եղանակով:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ