38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հյուսիսափայլ համերգ

Հյուսիսափայլ համերգ
20.04.2018 | 01:06

Ո՛վ Հայրենիք, քո զիլ ձայնը
Միշտ կհնչի մեր սրտում,
Դու հանց արև լույս սփռեցիր
Պոեզիայի մեր այգում։
Հ. ԻԲՍԵՆ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ համերգ` նվիրված Էդվարդ Գրիգի ծննդյան 175-ամյակին։ Հանդես եկան անվանի երաժիշտներ` թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգի ծրագիրն ամբողջությամբ փնջված էր Գրիգի ստեղծագործություններից։ Գրիգը նորվեգական դասական երաժշտության հիմնադիրն է։ Իր առաքելությունը նա բնորոշել է հետևյալ խոսքերով. «Բախի և Բեթհովենի պես արվեստագետները բարձր լեռների վրա կերտել են եկեղեցիներ և տաճարներ։ Իսկ ես կուզենայի, ինչպես Իբսենն է արտահայտվել իր դրամաներից մեկում, մարդկանց համար տաքուկ տներ կառուցել, որտեղ նրանք երջանիկ կզգային»։ Կոմպոզիտորը նկատի ուներ այն, որ իր արվեստը հիմնված պիտի լինի ժողովրդի հոգուց բխած երաժշտության վրա, որը նա գրի էր առնում ու զարգացնում իր արվեստում։ Գրիգն իրեն համարում էր Շումանի ռոմանտիկական դպրոցի հետևորդ, որը կոչված է ազգային երաժշտությունը, իր ժողովրդի ապրումները, հոգեկերտվածքի արտացոլումը դասական ձևերի միջոցով հասու դարձնելու աշխարհին։


Գրիգի երաժշտությունը հագեցած է ժողովրդական հերոսապատումներով, բանահյուսության, հեքիաթային, ֆանտաստիկ կերպարներով, համակված է հայրենի բնության հովերով։ Նրա երկերում, աստղերի պես, շողշողում են ժողովրդական երգերի և պարեղանակների հնչերանգները, ռիթմերը։ Օրինակ, «Սիմֆոնիկ պարերը», «Նորվեգական պարերը», դաշնամուրային Կոնցերտը, որում բաբախում է «հալլինգ» ոստյունով պարի զարկերակը, ջութակի և դաշնամուրի սոնատները, որտեղ համադրված են երկնասլաց մեղեդիների և «սպրինգար» պարեղանակի ռիթմերը, մինչդեռ խաղացկուն դրվագներում ջութակը նմանակում է ժողովրդական ջութակի («հարդինգֆելե») հնչերանգները և նվագելաոճը... Այս ամենով եվրոպական «քնարին» Գրիգը մի նոր, հյուսիսափայլ լար ավելացրեց` նորվեգականը։ Հայտնի է, որ հյուսիսային երկրներում լույսի և խավարի, արևի և սառույցի հավերժական պայքարը ազդում է մարդկային կյանքի վրա, արտացոլվում նաև արվեստում։ Եվ Ռիմսկի-Կորսակովի բնորոշումը, տրված Յան Սիբելիուսի երաժշտությանը, կարելի է վերագրել նաև Գրիգի արվեստին, ահավասիկ. «Սիբելիուսի երաժշտությունը մի տեսակ այլ կերպ է հնչում, մերին նման չէ, և դա լավ է»։

Ահա այսպես էլ չնաշխարհիկ հնչեցին Գրիգի երկերը հիշյալ համերգին։ Նման թեմատիկ համերգներն ունեն նաև ճանաչողական նշանակություն։ Հիրավի, համադրելով կոմպոզիտորի վաղ և հասուն շրջանի գործերը, Ա. Գրիգորյանը և Կ. Շահգալդյանը միևնույն ժամանակ ցույց տվեցին, թե ինչպիսի մեծ թռիչք է կատարել կոմպոզիտորի միտքը, ինչ կտրուկ վերելք է ապրել նրա արվեստը։ Իր կատարելագործման մասին խոստովանել է նաև Գրիգը։ Ըստ կոմպոզիտորի, «1-ին սոնատը «նաիվ» է, յուրօրինակ, ներմուծված գաղափարներով հագեցած, 2-րդը բնույթով խոր ազգային է, երրորդն ուղղված է դեպի անսահման հորիզոններ»։ Ասելով «նաիվ», կարելի է նկատի ունենալ հենց 1-ին սոնատը բացող դարձվածը` «մի» և «լա» մինոր եռահնչյուններից հետո «ֆա-մաժոր» դոմինանտսեպտակորդի ներխուժումը։ Բացի այդ, «նաիվ» բառը, տվյալ դեպքում, կարելի է դիտել նաև որպես «պարզամիտ», «անմեղ»։ Այդպիսին են և այս «գարնանաշունչ» սոնատի բյուրեղյա մեղեդիները, որոնք մեծ ներշնչանքով կատարեցին ջութակահարն ու դաշնակահարուհին։


Ի դեպ, Գրիգն իր սոնատներում կրել է նաև Շուբերտի, Ֆրանկի, Բրամսի բարերար ազդեցությունը։ Յուրօրինակ դիտարկում է արել երաժշտագետ Աննա Բուլըչովան։ Անդրադառնալով Բրամսի ջութակի և դաշնամուրի 2-րդ սոնատին` նա նշել է. «2-րդ մասը բացվում է հանգիստ և հայեցողական թեմայով, որին հաջորդում է նորվեգական «հալլինգի» ոգով գրված, արագ դրվագը։ Այս մասը կարող էր հորինած լինել Գրիգը»։ Այս դիտարկումը պատահական չէ, եթե նկատի ունենանք այն, որ Բրամսի մայրը նորվեգուհի էր։ Բացի այդ, կարելի է ասել, որ Յոհաննեսը և Էդվարդը նույն Հյուսիսային ծովի «ավազանում» են մկրտվել. չէ՞ որ Բրամսը ծնվել, մեծացել է Համբուրգում` Նորվեգիայի «հարևանությամբ»։ Անշուշտ, սա առանձին ուսումնասիրության առարկա է։
Եթե Գրիգի կամերային ժանրի զարգացման փուլերը համեմատենք բնության օրենքների հետ, ապա կարելի է ասել, որ 1-ին սոնատը բողբոջ է, 2-րդը` ծաղիկ, 3-րդը` պտուղ։ Սա պարզ երևաց նաև համերգին։


ՈՒնկնդրի «աչքերի առջև» 1-ին սոնատը, կարելի է ասել, «բողբոջեց», 2-րդը, ինչպես ծաղիկ` բացվեց, իսկ 3-րդը «պտղաբերեց»։ Եվ այն, հասած նռան պես, ճաքեց, ու հնչյունների հատիկները մի նոր «ծիր կաթին» սփռեցին։ Գրիգի կամերային ժանրի թագ ու պսակը` 3-րդ սոնատը, երաժշտագետները բնութագրում են որպես «ողբերգական», «ապասիոնատ», համեմատում են Բեթհովենի «Կրոյցերյան սոնատի» հետ։ Գրիգի 3-րդ սոնատի միջին մասի`«Ռոմանսի» ճախրող, անսահման մեղեդին համեմատում են «Սոլվեյգի օրորոցային երգի» հետ «Ռոմանսի» միջին մասը ներխուժող գեղջկական «հալլինգ» կայտառ պարեղանակը` որպես հիշեցում-կոչ «կենդանի կյանքի» (Կ. խպՉՈՔՏՉՈ)։ Այն նման է նաև Ֆրանկի ջութակի սոնատին, իր վերընձյուղվող մեղեդիներով, աղեղի ալեկոծող թրթիռներով (այսպես կոչված, «դուբլ շտրիխով»)։


3-րդ սոնատը Կ. Շահգալդյանի և Ա. Գրիգորյանի կատարմամբ, վեր հառնեց իր ամբողջ «վիկինգային» զորությամբ, իսկ «Ռոմանսում» դրսևորվեց նվագարանը երգեցնելու` երաժիշտների վարպետությունը։ Նրանց կատարումն աչքի էր ընկնում նաև անսամբլային բացառիկ զգացողությամբ, որը հղկվել է դեռ իրենց հիմնադրած` Արամ Խաչատրյանի անվան տրիոյում։ Նրանք իրար զգում և հասկանում են կես խոսքից, «կես հնչյունից»։ Սա, մասնավորապես, վառ կերպով զգացվում էր պոլիֆոնիկ դրվագներում, օրինակ, 1-ին սոնատի իմիտացիաներում, ֆինալի Ֆուգատոյում և այլուր։ Դաշնակահարուհու և ջութակահարի նվագում միահյուսվում էին արտիստականությունը, ակադեմիական ներդաշնակությունը, հավասարակշռվածությունը և ժողովրդական նվագածուներին բնորոշ իմպրովիզացիոն (հանկարծաբանական) ազատությունը, պոռթկումը։ Սա հատկապես զգացվեց 1-ին սոնատի 2-րդ մասում, որտեղ համադրվում են դասական մենուետը և «սպրինգարը», որտեղ ջութակը նմանակում է «հարդինգֆելեի» հնչողությունը։ Սոնատներից բացի, երաժիշտները նվագեցին հինգ փոխադրումներ ջութակի և դաշնամուրի համար` «Առ գարուն», «Ես քեզ սիրում եմ», «Պոետի սիրտը», «Սոլվեյգի երգը» և «Անիտրայի պարը»։ Իսկ ծրագրից դուրս հնչեց «Լեռնային արքայի քարայրում» դրվագը «Պեր Գյունտ» սյուիտից։


Այս գործերում ևս զգացվեց Ա. Գրիգորյանի և Կ. Շահգալդյանի արվեստի կերպարաստեղծության լայն շառավիղը, կերպարանափոխվելու ճկունությունը։
Եթե խոսելու լինենք համերգի ընդհանուր դինամիկայի, հնչուժի վիթխարի դիապազոնի մասին, ապա հարկ կլինի նշելու, որ այն ծավալվում էր «Սոլվեյգի երգի» մենանվագ ջութակի եթերային նվագից մինչև 3-րդ սոնատի պայթուցիկ, տիեզերահունչ «տուտտի»-ները։ Եվ այս ամենը` ընդամենը երկու նվագարանով։ Ակամա հիշում ենք Ավետիք Իսահակյանի հետևյալ քառատողը.
Տիեզերքն այս անսահման
Իր ծանրությամբ ահագին
Կախված է սոսկ մի մազից,-
Եվ այդ մազն է իմ հոգին։


Եվ այդ մազն էր «Սոլվեյգի երգի» մեղեդին, որը հնչեց այնքան նրբագեղ, որ թվաց, թե ջութակի լարերը «սարդոստայնից են»։ Ահա թե ինչ հորիզոններ կարող են բացել երկու բարձրարվեստ երաժիշտների դաշինքը, նրանց փոխզորացնող «սիներգիան», կոմպոզիտորի մտահղացման ճշգրիտ մեկնաբանությունը և անկորուստ փոխանցումը «սրտից սիրտ»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ