38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Դուսյան, Կուզյան ու Մատրոսկինը

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Դուսյան, Կուզյան ու Մատրոսկինը
15.10.2014 | 15:21

Հասկանալի է, կատուներ են: Կամ, եթե կուզեք՝ փիսիկներ:

Դիլիջանյան մեր բակից են՝ քույրեր և եղբայր: Գարնանը, երբ լույս աշխարհ եկան, միասին էին: Բայց նաև թույլ ու անօգնական: Մայրը լքել էր, հայրը տիրություն չէր անում:
Ծնողներս, առաջին շարքում, հայրս, որ կենդանական աշխարհի ու առանձնապես կատուների սիրահար է, ստանձնեց որբուկ փիսիկների «շեֆությունը»: Ճիշտ է, այս անգամ նրանց բնակարան չբերեց, այլ հենց բակում մի հարմար անկյուն, կարելի է ասել՝ առանձնացրեց ու իսկականից «շեֆություն» էր անում:
Փիսիկներին, որոնք անվանակոչվեցին Դուսյա, Կուզյա և Մատրոսկին, կերակրելը չէր միայն հարցը: Այդ գործում մյուս շենքավորներն էլ, ինչպես ասվում է, հավեսի ընկան ու ինքնաբուխ ներգրավվեցին: Իսկ հայրս նաև հետևում էր ու հետևում է, որ փիսոների խաթրին կպնող չլինի՝ որևէ թափառական շան կամ դպրոցից վերադարձող երեխաների տեսքով:
Մի տեղ լսել եմ, որ հասարակության քաղաքակրթվածության աստիճանը կարելի պարզել, տեսնելով, թե այդ հասարակությունն ընդհանուր առմամբ և անհատների մակարդակով, ինչպես է վերաբերվում անծանոթ մարդկանց, հաշմանդամներին, կանանց ու երեխաներին, տարեցներին, իր շրջակայքին, բնությանն ու նաև կենդանիներին:
Մնացած բոլոր առումներով օրինակներ չնշեմ, ամեն քայլափոխի են ու ակնհայտ, բայց կենդանիների հանդեպ մեր ընդհանրական վերաբերմունքի հարցում առնվազն հասարակության մի որոշակի մասը դեռ ահագին «հացուպանիր» ուտելու տեղ ունի: Հետաքրքիր է, բայց մեր հասարակության մեջ, հատկապես՝ քաղաքներում, երբ երեխաները մոտներով անցնող կատու կամ շուն են տեսնում, նրանցից շատերն այնպիսի վայրենի աղաղակներով են վրա պրծնում խեղճ կենդանիների վրա, որ գիշատիչը նախանձից բուսակեր կդառնար: Թե որտեղի՞ց է գալիս այդքան չարությունը, ագրեսիան, թող ընթերցող մեծահասակներից յուրաքանչյուրն ինքնուրույն պարզի: Չշեղվենք:
Դուսյան, Կուզյան և Մատրոսկինը համերաշխ շարունակում են ապրել դիլիջանյան մեր բակում: Արդեն անօգնական կատվի ձագեր չեն, այլ կարգին փիսիկներ: Ու, կատուների բնավորությունը նկատի ունենալով, զարմանալի է, որ միմյանցից չեն առանձնանում դեռ: Միասին հաղթահարում են կատվային կյանքի իրենց դժվարություններն ու մեկտեղում փիսիկային ուրախությունները:
Մատրոսկինն իր գրքամուլտիկային կերպարին շատ նման է՝ մոլորակն իրեն օգուտ տալու համար է պտտվում: Կուզյան՝ ֆոտոմոդել է, մի խոսքով, իր հարգը գիտե ու այնպես է շորորում, կասես ճեմում է ու իր կատվային գրացիայով ասում՝ տեսեք, թե որքան լավն եմ ես, որքան ճկուն ու գեղեցիկ: Մեջների խեղճը Կուզյան է, իսկական անօգնական փիսոյի կերպարի մեջ:
Կտեսնես՝ իրենց համար խաղում են կամ էլի մի ինչ-որ կարևոր զբաղմունքով են տարված, բայց բավական է հորս կամ մորս ձայնն ականջներին հասնի, անմիջապես կենտրոնանում են, թողնում իրենց փիսիկային գործերն ու վազում պատշգամբի տակ, սպասողական-հարցական, միայն կատուներին բնորոշ հայացքով, դնչները կամ մռութները վերև պարզած, դիրքավորվում: Այդպես է, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք:
Իսկ երբ կատուները կերակրվում են (կատուն երբեք չի կշտանում ու, Մատրոսկինի, Դուսյայի և Կուզյայի ներողամտությունը հայցելով ասեմ, որ դրանով նման են հարուստներին և անբարեխիղճ պաշտոնյաներին), ավելի են աշխուժանում, խաղում են ու գժություններ անում, և դա արդեն ուրախություն է ծնողներիս համար: Մարդկային փոքրիկ, բայց ջերմացնող ուրախություն...
Բարության էներգիան ոչ մի տեղ չի կորչում, այն վերադառնում է մեզ՝ ուրախության և աշխարհի ու ինքդ քեզ հետ հաշտ լինելու զգացողության տեսքով:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ