ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեպի տուն. Գուրգեն Մահարի (1903-1969)

Դեպի տուն. Գուրգեն Մահարի (1903-1969)
27.09.2022 | 07:21

…Գնում եմ «տուն»: Թողած մորս, եղբայրներիս, բարեկամներիս, Թիֆլիսը, փոքրիկ խանութը լեցուն մրգերով, մայրիկի և Երան քույրիկի համեղ ճաշերը, գնում եմ «տուն», Երևան, որբանոց, նետում եմ ինձ նորից ցրտի ու քաղցի ճանկը:
Բայց այնտեղ Հայաստանն է (Հայաստան Եղիազարյանը՝ Նաիրի Զարյանը-Կ. Յ.), Գառնիկը, Գևորգը, այնտեղ Սիրարփին է, այնտեղ Երևանն է, հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում Երևան…


Երկու օր անց ես հրաժեշտ տվի մերոնց ու մտա Թիֆլիս-Ջուլֆա գնացքի երրորդ կարգի վագոններից մեկը: Կայարանների բուֆետները դատարկ են:Սադախլուից այն կողմ դեռ կարելի է ճարել մի բաժակ գինի ու թթու վարունգ: Սադախլուից այս կողմը այդ էլ չկար:
Արդեն հայտնի էր, բայց Ղարաքիլիսե կայարանում մարդիկ սկսեցին բարձրաձայն խոսել ու դատել, որ Ալեքսանդրապոլը գտնվում է թուրքերի ձեռքին, և որ թուրք ասկյարները խուզարկում են մեկնող ու ժամանող գնացքներն ու տղամարդկանց գերի են տանում:
Կայարանի երկաթե ցանկապատին հենված՝ կանգնել էր մի մաքուր սափրված, կիսազինվորական տարազով երիտասարդ, ամենայն հավանականությամբ կայարանի պաշտոնյաներից: Ես մոտեցա նրան.
-Ասացեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Ալեքսանդրոպոլը…
Նա չթողեց, որ ես վերջացնեմ.
-Այո´, այո´, Ալեքսանդրապոլը թուրքերի ձեռքին է:
-Ճի՞շտ է, որ կայարանում թուրք ասկյարները…
-Այո´, այո´, թուրք ասկյարները խուզարկում են վագոններն ու տղամարդկանց վար են իջեցնում:
-Կարո՞ղ են նրանք ինձ…
-Կիջեցնեն, անպայման կիջեցնեն…դու փող ունե՞ս:
-Ունեմ,-ասացի ես ցույց տալով իմ որջ հարստությունը:
Նա վերցրեց թղթադրամներից մեկը և դրեց իր գրպանը:
-Հասկացա՞ր,-հարցրեց նա:
-Առայժմ ոչ,-պատասխանեցի ես:
-Երևա՞ն ես գնում:
-Այո:
-Ուզո՞ւմ ես, որ Ալեքսանդրապոլում թուրքերը քեզ չիջեցնեն…
-Այո´:
-Էլ ի՞նչ կա չհասկանալու…եկ ինձ հետ:
Նա առաջ անցավ, քայլեց վագոնների երկարությամբ: Ես հետևեցի նրան:
Շոգեքարշի մոտ նա կանգ առավ:
-Սանասա´ր…
Շոգեքարշի մեջ երևաց մրոտ ծնոտով գունատ մի երիտասարդ, ըստ երևույթին մեքենավարը:
-Վերցրո´ւ էս տղին, հագցրո´ւ ֆարթուկ ու անցկացրու:
-Մայա կա՞,-հարցրեց մեքենավարը:
-Կա´, կա´,-հանգստացրեց նրան իմ բարերարը և դարձավ ինձ:
-Բարձրացիր…հիմա հասկացա՞ր,-հարցրեց նա, երբ ես արդեն շոգեքարշի միջից նայում էի նրան:


Ես արդեն հասկացել էի:
Ալեքսանդրապոլի կայարանում երկու թուրք ասկյար բարձրացան շոգեքարշը, նայեցին աջ ու ձախ և առանց ձայն հանելու վար իջան ու գնացին:
-Գան էլ, գնան էլ,-ասաց մեքենավարն ու ժպտաց:


(«Երիտասարդության սեմին», 1952-1955)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 8838

Մեկնաբանություններ