«Նորարարությունը, որ կիրառվելու է, մեծ քայլ է արվեստի և տեխնոլոգիայի երկխոսության առումով»
26.05.2020 | 01:00
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ «2020 թվականին մրցույթը առանձնահատուկ դարձավ արվեստի համար ստեղծված անբարենպաստ միջավայրով, այսինքն, ակամա դրա առանցքում հայտնվելով՝ որոշեցինք այս տարի այն անցկացնել առցանց ձևաչափով, ինչն աննախադեպ է մեզ համար։ Ընդհանրապես, աշխարհում քիչ են առցանց եղանակով անցկացվող դասական երաժշտության միջազգային մրցույթները»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի քարտուղար ՍԱՐԳԻՍ ՆԱԼՂՐԱՆՅԱՆԸ։
Մշակութային շատ միջոցառումներ այս ընթացքում հետաձգվեցին կամ չեղարկվեցին։ Խաչատրյանական մրցույթը, Սարգիս Նալղրանյանի խոսքով, պահպանեց ավանդական ժամանակացույցը և տեղափոխվեց առցանց հարթակ երկու հիմնական պատճառով. նորարարությունը, որ կիրառվելու է, մեծ քայլ է արվեստի և տեխնոլոգիայի երկխոսության առումով, միաժամանակ կար միտում՝ չշրջանցել անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը։
Մրցույթի ամբողջ ընթացքը (բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը՝ կատարումներ, հանձնախմբի գնահատումներ) հեռարձակվելու է Խաչատրյանի անվան մրցույթի պաշտոնական կայքով, որը ևս վերագործարկվելու է։ «Մրցույթի երրորդ փուլը ենթադրում է մենակատարների և նվագախմբի համատեղ կատարում, որի ընթացքում դիրիժորը ապահովում է գեղարվեստական մասը՝ արագությունը, տեմպը, բայց քանի որ հիմա սոցիալական մեկուսացում է, ու բոլորս աշխարհի տարբեր անկյուններում ենք, փորձում ենք օգտագործել տեխնոլոգիական հնարավորությունները, և արհեստական բանականությունը ծառայելու է հենց դրան։ Տեխնիկական այլ դետալներ նույնպես կիրառվելու են»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Մրցույթի ժյուրիի անդամները, ինչպես ամեն տարի, ընտրվում են որոշակի չափանիշների համաձայն։ Սարգիս Նալղրանյանի խոսքով՝ որևէ նոր բաղադրիչ չի ավելացել ընտրության առումով, միայն աշխատանք է տարվել, որ բոլորը տեղեկացված լինեն ու հասկանան, թե ինչ ընթացակարգով պետք է իրականացվի մրցույթը։
Մեր զրուցակիցը վստահ է, որ մրցույթի անխափան ընթացքն ապահովված է, սակայն նախագիծը համարում է փորձարարական. փորձով ամրապնդելուց, սպասված հաջողությունները արձանագրելուց հետո, որպես զուգահեռ հարթակ, նախատեսում են կիրառել նաև հետագայում, երբ աշխարհը կվերադառնա իրական կյանքի ռեժիմին, և կանցկացվեն կենդանի համերգներ։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են արձագանքել մրցույթի նոր ձևաչափին երաժիշտները, հնարավոր կլինի՞ ակտիվ մասնակցություն ապահովել, ինչպես նախորդ տարիներին։
Սարգիս Նալղրանյանն ասաց, որ մրցույթի կայացման համար նախ պետք էր հաղթահարել մեկուսացման պայմաններով թելադրված տեղեկատվական պատնեշը, նաև շարժառիթ ապահովել՝ անծանոթ պայմաններում մասնակցության համար. «Երաժիշտներից շատերը նախատեսում էին ավանդաբար անցկացվող մրցույթ, մինչդեռ նոր ինֆորմացիան եկավ ավելի ուշ։ Գուցե հայտերի ներկայացման նույն ինտենսիվությունը չլինի ամեն տարվա պես, բայց խոչընդոտ չի առաջանա. առաջին փուլին մասնակցում է 24 մասնակից, երկրորդ փուլ անցնում է 12 մասնակից, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլ՝ 6։
Այս պահին ունենք հայտեր աշխարհի տարբեր երկրներից, բայց մասնակիցների կազմը դեռ վերջնական ճշգրտված չէ»։
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Մրցանակային ֆոնդը հետևյալն է. առաջին տեղի համար հատկացվում է 10 հազար եվրոյի չափով մրցանակ, երկրորդի համար՝ 5 հազար, 3-րդ տեղի համար՝ 3 հազար։
Առաջին երկու փուլերում դաշնակահարի նվագակցությամբ կհնչեն սոնատային և մենակատարային ստեղծագործություններ, երրորդում՝ ավանդույթի համաձայն, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտելու տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նաև էլ ավելի հանրայնացնելու Խաչատրյանի երաժշտությունն ամբողջ աշխարհում։ Մեր զրուցակիցը նկատում է, որ երիտասարդ երաժիշտները հետագայում հնարավոր է ներառեն խաչատրյանական երաժշտությունն իրենց կատարողական երկացանկերում։
Մրցույթի երրորդ փուլն անցկացվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ինչը ևս շեշտադրման կարիք ունի. «Աշխարհում քիչ մրցույթներ կան, որ ունեն իրենց մշտական նվագախումբը։ Խաչատրյանական մրցույթը առանձնահատուկ է նաև դրանով. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշակութային այս կարևոր իրադարձության մշտական գործընկերն է»։ Մրցույթը կանցկացվի հունիսի 6-15-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, միջոցառումները կմեկնարկեն Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորի հիշատակին։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ