ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԱՆՑ` 22, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ` 18 ՊԱՏՃԱՌՌ

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԱՆՑ` 22, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ` 18 ՊԱՏՃԱՌՌ
03.11.2009 | 00:00

Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունն ամուսնալուծության պատճառ է դառնում: Նախկինում սերունդ չունենալու համար հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող են մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:
Բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ զրույցը նվիրված է անպտղության և դրա դեմ պայքարի թեմաներին։

-Պարոն Համբարձումյան, անպտղության ցուցանիշները Հայաստանում ինչպիսի՞ք են։
-Վերջին տարիների թվերը կայուն են, սակայն ավելացել են անպտղության հայտնաբերման դեպքերը։ Բժիշկները սկսել են այս հարցին մոտենալ բավականին ագրեսիվ (բառի դրական իմաստով)։ Ցավոք, Հայաստանում շատ են բարձիթողի վիճակները, երբ զույգերը 15-20 տարի տառապում են անպտղությամբ, որոնք կա՛մ տարիներ շարունակ չեն բուժվել, կա՛մ էլ բուժվել են անհասկանալի մասնագետների մոտ ու անհասկանալի մեթոդներով։ Մինչդեռ ամլության բուժման հարցում էական դեր ունի ժամանակի գործոնը, հատկապես կանանց մոտ։ Երբ կանանց տարիքն անցնում է 40-ից, բժիշկներն ու գիտությունն ուղղակի անզոր են դառնում։ Նույնիսկ արտասահմանում կան կենտրոններ, որտեղ 41 տարեկանից հետո կանանց պարզապես չեն ընդունում, քանի որ հղիանալու հավանականությունը շատ քիչ է, և մասնագետները չեն ցանկանում ավելորդ ջանք ու միջոցներ ծախսել։ Իսկ 44 տարեկանից հետո սպասելիքներ գրեթե չկան։ Եթե կանայք ցանկանում են լրջորեն զբաղվել իրենց անպտղության հարցով, պետք է դիմեն ոչ թե ուրոլոգի, գինեկոլոգի, այլ վերարտադրողաբան մասնագետի։ Կա կանանց չբերության 22, տղամարդկանց՝ 18 պատճառ։ Եվ վերարտադրողաբան բժիշկն անելիքներ շատ ունի։ Հիվանդությունները շատ անհատական են, միմյանց չեն կրկնում։ Այնպես որ խորհուրդս է զույգերին` նման խնդիր ունենալու դեպքում ժամանակին դիմել համապատասխան մասնագետի։
-Դուք նշեցիք, որ կան կանանց և տղամարդկանց անպտղության բազմաթիվ պատճառներ, որո՞նք են դրանք։
-Զույգերի անպտղության մոտ 35-40 տոկոսի դեպքում պատճառը տղամարդիկ են, 50 տոկոսի դեպքում՝ կանայք, իսկ 10 տոկոսի դեպքերում պատճառը և՛ տղամարդիկ են, և՛ կանայք։ Այս զույգերի 20 տոկոսի անպտղության պատճառներն անհայտ են։ Կանանց շրջանում ամենատարածվածն արգանդի փողերի խնդիրն է, որոնք կա՛մ վնասված են լինում, կա՛մ փակված, ինչը, որպես կանոն, բորբոքումների հետևանք է։ Այնպես որ եթե երիտասարդ աղջիկը կամ կինը բորբոքային պրոցեսներ է նկատում, անմիջապես պետք է դիմի բժշկի, այլապես դրանք հանգեցնում են բարդացումների։ Նույն բորբոքումները կարող են լինել նաև տղամարդկանց անպտղության պատճառ։ Հաճախ տղամարդկանց ամլության պատճառը սեռավարակներն են, որոնք, առաջացնելով սերմնատար ուղիների բորբոքում, առաջացնում են կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, և սերմը դառնում է անկենսունակ: Հորմոնալ խախտումները նույնպես հանգեցնում են անպտղության։ Ի դեպ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ գրեթե նույն հորմոններն են՝ տարբեր հարաբերությամբ։ Եթե հորմոնների հարաբերությունը խախտվում է, ապա առաջանում են ամենատարբեր խնդիրներ։ Վիրուսային հիվանդությունները ևս տղամարդկանց մոտ կարող են հանգեցնել անպտղության։
-Հայաստանում հատկապես տարածված է երկրորդային անպտղությունը։ Ո՞րն է դրա պատճառը։
-Երկրորդային անպտղության պատճառը, նախ և առաջ, հղիության արհեստական ընդհատումն է։ Ըստ վիճակագրության՝ աբորտներից հետո երկրորդային չբերությունը Հայաստանում հասնում է 28 տոկոսի, ինչը բավականին մեծ թիվ է։ Մեզ մոտ, ցավոք, հակաբեղմնավորիչ ամենատարածված մեթոդը համարվում է հղիության արհեստական ընդհատումը։ Մեկ էլ մի քանի աֆրիկական երկրներում են այս մեթոդն օգտագործում որպես անցանկալի հղիությունից պաշտպանվելու հիմնական միջոց։ Մեր ժողովուրդը սարսափելի վախենում է հորմոններ կոչվածից, հորմոնալ հաբերից, այն դեպքում, երբ օրգանիզմն ամբողջությամբ հորմոններ է։ Պատճառը, հավանաբար, այն է, որ ժամանակին հորմոնալ հաբերը բավականին մեծ չափաբաժիններով էին՝ մոտ երեք անգամ ավելի, քան ժամանակակից հաբերը, ուստի և դրանց կիրառումից հետո անցանկալի հետևանքները երեք անգամ ավելի շատ էին։ Բացի այդ, բժիշկները, ինչ-ինչ շահերից ելնելով, չէին ցանկանում, որ արհեստական վիժումները դադարեին։ Բնական է, դեղագործական ընկերություններին շահավետ էր դեղերի վաճառքը, բժիշկներին՝ աբորտներ անելը։ Այսօր, սակայն, գիտությունը բավականին զարգացել է, կան ժամանակակից շատ դեղամիջոցներ, հակաբեղմնավորիչներ, և բնակչությանը, պետությանը, կանանց ավելի շահավետ է որպես ընտանիքի պլանավորման և անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոց օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր։ Այս մեթոդն արտասահմանում ամենատարածվածն է, միլիոնավոր կանայք են օգտագործում դրանք։ Դրսում սեռական կյանքը սկսում են 14-15 տարեկանից, և այդ հասակից օգտագործելով հակաբեղմնավորիչներ, ոչ մի բացասական հետևանք չի արձանագրվում։ Ընդհակառակը՝ բացասական հետևանքներ կարող են առաջանալ հղիության արհեստական ընդհատումներից, երբ արգանդը ծակում են, վարակներ են ներթափանցում, առաջանում է երկրորդային անպտղություն։ Սա, չգիտես ինչու, բացասական հետևանք չի համարվում։
-Անպտղության բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան, և կիրառվո՞ւմ են արդյոք դրանք Հայաստանում։
-Ամբողջ աշխարհում չբերությունների 95 տոկոսը բուժվում է արհեստական սերմնավորման միջոցով։ Արհեստական բեղմնավորումն ավելի բարդ տեխնոլոգիաներ պահանջող գործողություն է, երբ կնոջ ձվաբջիջը հանվում և լաբորատոր պայմաններում խառնվում է տղամարդու սերմի հետ։ Եվ երբ ստացվում է սաղմը, ինկուբատորում 2-5 օր աճեցվում է ու նորից տեղադրվում արգանդի մեջ։ Այս մեթոդը կիրառվում է այն ժամանակ, երբ կնոջ փողերը չեն գործում։ Արհեստական բեղմնավորումը բավականին թանկ արժե։ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում այն արժե 15-20 հազար դոլար, Մասաչուսեթս նահանգում՝ 10-12 հազար դոլար, Եվրոպայում այն արվում է 5-7 հազար եվրոյով։ Հայաստանում այն, բնականաբար, ավելի էժան է։ Արհեստական սերմնավորումն ավելի էժան գործողություն է՝ մինչև 500 դոլարի սահմաններում։ Այստեղ պարզապես կնոջը պատրաստում են, և երբ օվուլյացիայի ժամանակը գալիս է, սերմն արհեստականորեն տեղադրվում է արգանդի մեջ։ Բնականաբար, եթե փողերը բաց են, հղիության հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։ Հայաստանում շատ քիչ կենտրոններում են սերմնավորում կատարում, ընդ որում, շատերը չեն պահպանում պատշաճ պայմանները։ Հայաստանում այսօր բժիշկների երկու խումբ կա, որոնցից մեկը փորձում է իր աշխատանքները կատարել խորհրդային մեթոդներով, դեղամիջոցներով ու տեխնոլոգիաներով։ Մյուս մասն էլ փորձում է աշխատել ժամանակակից մեթոդների կիրառմամբ, սակայն վերջիններս էլ հաճախ տեղեկությունների պակաս ունեն, և գրեթե ոչ ոք Հայաստանում ճիշտ ստանդարտներով ինսեմինացիա (արհեստական սերմնավորում) չի կատարում։ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի խնդիրը նաև այս հարցերը շտկելն է։
-Արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման միջոցով ծնված երեխաները որքանո՞վ են առողջ։
-Այս հարցի շուրջ բավականին շատ ուսումնասիրություններ ու վիճակագրական տվյալներ կան։ Երբ այս մեթոդները 30 տարի առաջ սկսեցին կիրառել, բոլորը խոսում էին, թե այս ճանապարհով հրեշներ կծնվեն, գենետիկ հիվանդներ, և շատ խստորեն սկսեցին հետևել արհեստական ճանապարհով ծնված երեխաներին։ Արհեստական ճանապարհով ծնված երեխաների արդեն երկրորդ սերունդն է մեծանում, և կարող ենք ասել՝ միանգամայն առողջ են։
-Սուռոգատ մայրերի միջոցով երեխա ունենալը բավականին լայնորեն կիրառվում է աշխարհում։ Հայաստանում այն որքանո՞վ է օգտագործվում։
-Բարեբախտաբար, ընդունվել ու գործում է համապատասխան օրենքը, և այս մեթոդն ընդհատակից դուրս է եկել օրինական դաշտ։ Հայաստանում նույնիսկ մի քանի ֆիրմաներ են ստեղծվել, որոնք սուռոգատ մայրեր են գտնում, պատրաստում, և այն կենտրոնները, որոնք կարիք ունեն նման կանանց, կարող են դիմել։ Սա շատ կարևոր ու անհրաժեշտ բան է։ Պատկերացրեք, մի կին, որն արգանդ չունի, սակայն ունի ձվարաններ և ցանկանում է երեխա ունենալ։ Իսկ ինչո՞ւ չունենա։ Սա այնքան բնական բան է, որ աշխարհի ոչ մի ծայրում չի վիճարկվում։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 7574

Մեկնաբանություններ