Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ելք գիրքը (տասը պատվիրանները)

Ելք գիրքը (տասը պատվիրանները)
10.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Մեկ է բարին. եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները» (Մատթ. 19.17)։
Աստվածաշունչ Մատյանի երկրորդ գիրքը` Ելքը (եբրայական բնագրում ըստ առաջին բառերի կոչվում է` Վե Էլլէ շեմոթ` սրանք են անունները, իսկ քրիստոնեականում, ըստ բովանդակության, լատին.` Exodus), Ծննդոցի շարունակությունն է, որն ավարտվում է Եգիպտոսում իսրայելացիների հանգրվանելու պատմությամբ։
Սույն սրբազան գրվածքը, որի խորագիրը համահունչ է բովանդակությանը, առաջին իսկ էջից նկարագրում է, թե ինչպես փոքրիկ հրեական համայնքը ժամանակի ընթացքում բազմամարդ և հզոր ժողովուրդ դարձավ։ Եգիպտոսի նոր սերնդի փարավոնը, սակայն, մոռանում է Հովսեփի մեծ երախտիքները, ով փարավոնի երազը մեկնելու շնորհիվ դարձել էր Եգիպտոսի երկրորդ մարդը և ահռելի հարստություն ամբարել երկրի համար։ Ավելին, հրեաների աճի մեջ իրենց երկրի անվտանգությանն անուղղակի սպառնալիք տեսնելով` եգիպտացիները նրանց ստրկության մատնեցին` տաժանակիր աշխատանքների լծելով, չարչարելով ու մաշեցնելով։ Փարավոնի հրամանով բոլոր արու զավակները պետք է անգթորեն ոչնչացվեին. այսպիսով հրեաները կանգնած էին իսպառ ուծանալու և բնաջնջվելու վտանգի առաջ։ Սակայն Աստված, Ով այս մասին կանխասել էր Աբրահամին և խոստացել նրա սերունդներին հավիտենապես շնորհել Ավետյաց երկիրը, միջամտեց օրհասական պահին և փրկեց Իր ժողովրդին։ Աստծո հրամանին ընդդիմացող փարավոնի պատճառով Եգիպտոսը ենթարկվեց տասը հարվածների։ Նեղոս գետի ջրերն արյան վերածվեցին, գորտերը, մժեղները, շնաճանճերը, կարկուտը, անասունների կոտորածը մեծ վնաս հասցրին երկրին, մարդիկ պատուհասվեցին խոցերով և ուռուցքներով, երկրի վրա թանձրամած խավար իջավ, և վերջապես եգիպտացի անդրանիկների մահը մեղմեց փարավոնի կարծրասրտությունը, և նա թույլ տվեց հրեաներին հեռանալ իր երկրից։ Այսպիսով Աստված Մովսես մարգարեի ձեռամբ ազատության կոչեց Իր ժողովրդին 430 տարի տևած ստրկությունից և առաջնորդեց դեպի խոստացյալ, այսինքն` Ավետյաց երկիր։ Այս ազատությունը, որը Աստծո մեծագույն պարգևն է մարդկությանը և յուրաքանչյուր ադամորդու իրավունքը, խորին խորհուրդ ունի բոլոր ազգերի և սերունդների համար։ Ազատությունը, իբրև կամքի ինքնորոշում, հնարավորություն է` վարվելու ըստ մարդու հայեցողության, ինչը, բնականաբար, մարդկային պատասխանատվության և բարոյականության հիմքն է։ Ազատությունը չի կարող բովանդակություն չունենալ. այդպիսի ազատությունն ամենաթողություն է բառիս իսկական իմաստով։ Առանց Աստծո հետ հաղորդակցության, բարի գործելու և չարի ու մեղքի մերժման, առանց սիրո, իրար օգնելու և ծառայելու գիտակցության ազատությունը դատապարտված է։ Մենք արդեն խոսել ենք ազատության մեջ ապրող հեթանոսության դաժան և անմարդկային ու հոգեկործան բարքերի մասին։ Աստված անքնին նախախնամությամբ թույլ տվեց անկյալ մարդուն ապրել ազատ, ինչպես վկայում է Ս. Գիրքը. «Նա անցյալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ գնան իրենց ճանապարհներով» (Գործք ԺԴ 17)։ Մարդկությունն իր քիմքի վրա պիտի ճաշակեր նմանօրինակ ազատության կամ, ավելի ճիշտ, ամենաթողության դառնությունը` առլեցուն ծայրահեղ եսասիրությամբ, հպարտությամբ, մարդատյացությամբ, ամբարիշտությամբ և այլ հոգեկործան մեղքերով ու արատներով, որոնք թունավորում էին և ապականում հասարակական կյանքի ներդաշնակությունը։ ՈՒստի Աստված «ստրկության տնից» ելքի 50-րդ օրը 10 պատվիրաններ շնորհեց իսրայելացիներին։ Ս. Գրիգոր Տաթևացին գրում է. «Աստված օրենքներ տվեց և բարձրացրեց մարդկանց միտքն Իր իմանալի գիտությանը, որպեսզի օրենքի միջոցով թողնեն զգայական ախտավոր հեշտությունները... Երբ Ամենագութ Աստված ողորմեց և ազատեց ժողովրդին ստրկությունից, Եգիպտոսին 10 հարվածներ հասցրեց նրանց տանջանքների փոխարեն, պատռեց ծովը և փարավոնին խորտակեց ջրերում, ժողովրդին անապատ հանեց, այնժամ Մովսեսի ձեռքով գրեց օրենքներն ու շնորհեց նրանց։
Նախ` [որպես] ուղղության և փրկության ճանապարհ, երկրորդ` որ միայն մարմնով չապրեն, այլև հոգով` Աստծո օրենքների միջոցով և ապա մտնեն Ավետյաց երկիր»։
Այսպիսով, աշխարհում առաջին անգամ ձևավորվում էր հասարակություն, ուր հոգևոր սկզբունքները պետք է իշխեին մարմնականի վրա, ինչպես որ ընդունված էր հեթանոսության մեջ, մարդկային անսահման եսասիրությունը, նախանձը, դաժանությունը, ագահությունը, հպարտությունը, մարդատյացությունը սահմանափակվեին սիրով առ Աստված և առ մերձավոր։
Եվ հենց այս երկու տեսակի սերն էլ ընկած է տասը պատվիրանների և առհասարակ օրենքի հիմքում, քանզի սերը չի կարող գործերով չարտահայտվել. «Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները» (Հովհ. Ա 5.3) և «Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծո սերն ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ։ Որդյակներ, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ» (Հովհ. Ա 3.17,18)։
Իսկ երբ Փրկչին հարցրին, թե «որ պատվիրանն է մեծ (քանզի Հին ՈՒխտում 613 օրենք կա), Հիսուս նրանց ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը և երկրորդը սրա նման է. պիտի սիրես մերձավորիդ, ինչպես քո անձը» (Մատթ. 22.36-39)։
Այս առ Աստված և առ մարդ սիրո արտահայտությունն են տասը պատվիրանները։ Առ Աստված մարդու պարտականություններն առաջին չորս պատվիրաններն են, որ և կոչվում են աստվածային կամ կրոնական (քանզի կրոնը մարդ-Աստված փոխհարաբերության ոլորտն է), իսկ մյուս վեցը` բարոյական, քանզի վերաբերում են առ մերձավորը մարդու պարտականություններին։
Բացի այդ, հաղորդակցությունն Աստծո հետ մարդկանցից մաքրություն ու սրբություն է պահանջում թե՛ կրոնական ու հասարակական ոլորտներում, թե՛ անձնական հիգիենայում, կենցաղում մինչև տնտեսական, քաղաքական, քաղաքացիական և այլ անդաստաններ. «Սուրբ եղեք, քանզի ես` ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղև. 13.2)։
Յուրաքանչյուր մարդ, քննելով Աստծո պատվիրանները, հոգեհարազատության զգացում է ունենում, ասես դրանք իրեն վաղուց ծանոթ, ասես հոգու ամենանվիրական զգացմունքների արձագանքը լինեն։
Տասը պատվիրանները ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկային խղճմտանքի նորմերի շարադրանք, խիղճ, որ իր մեջ կրում է ամեն մարդ, որի գոյությունը հանելուկ է անհավատների համար, և որն անտեսանելի կերպով, ինչպես որ օրենքն է, զանազանում է բարին չարից։ ՈՒստի և պատահական չէ, որ աստվածաբանության մեջ աստվածային օրենքը նկատվում է երկու տեսակի` բնական կամ ներքին օրենք, որ մեր խղճի վկայությունն է, և արտաքին` գրավոր օրենք, որ Մովսեսի միջոցով շնորհվեց Իսրայելին և մարդկությանը։
Պողոս առաքյալը ներքին օրենքի մասին ասում է. «Նրանք (հեթանոսները) ցույց են տալիս, թե Աստծո օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում` իրենց խղճի վկայությամբ և իրենց խորհուրդների մեջ միմյանց մեղադրելով կամ արդարացնելով» (Հռոմ. 2.15)։ Սակայն այս ներքին օրենքը կարող է խլացվել, երբ մարդիկ ապրում են մեղսալից կյանքով, և առհասարակ չունի այն զորությունն ու հեղինակությունը, որով օժտված են Աստծո օրենքները և մանավանդ տասնաբանյան, որոնք մարդու սրբության և հասարակական կյանքի ներդաշնակության առհավատչյան են։
Սինա լեռան վրա տեղի ունեցածը` Աստծո ձեռամբ քարեղեն տախտակների վրա գրված տասը պատվիրանների կամ տասնաբանյայի շնորհումը Իսրայելին, ապա և բովանդակ մարդկությանը, պատմության տիեզերական մասշտաբի դարակազմիկ իրադարձությունն էր` նույնքան արդիական ու բախտորոշ այսօր, ինչպես շուրջ երեք ու կես հազարամյակ առաջ։ Արտաքուստ պարզ այս խոսքերում ամփոփված են խորունկ և անանց նշանակություն ունեցող ճշմարտություններ, որոնք մարդկության բարոյականության և օրենսդրության հիմքն են կազմում ու ակունքն այն կրոնի, որը պետք է նվաճեր ողջ աշխարհը։
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆ
Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի, այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։
Սույն առաջին պատվիրանով հանձնարարվում է ճանաչել և երկյուղածությամբ պաշտել միայն ճշմարիտ Աստծուն, ՈՒմ մեծազորությունն ու հրաշագործություններն արդեն տեսել էին իսրայելացիները Եգիպտոսից ելնելիս։
Այս պատվիրանի իմաստն ՈՒխտի հարաբերություններից է բխում, որ է հավատարմությունը։ Այս աղերսները մարդու կյանքում պետք է լինեն ամենակենսականն ու ամենակարևորը։
Հետևաբար, աստվածաճանաչողությունը, որն իրականանում է Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի գրվածքների ուսումնասիրմամբ, պետք է մարդու առաջին և կարևորագույն պարտականությունը դիտարկվի։
Հավատով է մարդը հարաբերվում անտեսանելի Աստծո հետ, Ով վեր է ամենայն ճանաչողությունից և անհասանելի է մտքին, ապա դավանելով, ինչը նշանակում է վկայել որպես ճշմարտություն, հավատարմություն խոստանալ։ Ս. Աթանասը գրում է. «Աստծուն ճանաչելու առաջին տեսակը ճշմարիտ հավատքի դավանությունն է»։ Հանդիսանալով հավատքի հիմնական սկզբունքների ամբողջությունը` դավանությունը ներառում է խոստովանություն և բերանով վկայություն։ Եվ այս պատճառով էլ եկեղեցում ամեն օր բարձրագոչ արտասանվում է Հավատո հանգանակը։
Սույն պատվիրանի բովանդակությունը կազմում են սերը, ապավինությունը, հնազանդությունն ու անմնացորդ պաշտամունքը` դույզն-ինչ տեղ չթողնելով այլ բաների` «աստվածների», անգամ մարդկանց և նույնիսկ իրերի։
Սույն պատվիրանին հակառակ` մեղք են նկատվում անհավատությունը, բազմաստվածությունը, հերետիկոսությունը և աղանդավորությունը, հուսահատությունը, հավատուրացությունը, մարդահաճությունը (երբ ավելի շատ հաճոյանալ են ուզում մարդկանց) և երբ հույսը դնում են իրենց կամ մարդկանց վրա։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես, չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև Ես եմ քո Տեր Աստվածը։
Սույն պատվիրանով արգելվում է կռապաշտությունը, որին սովոր էին հրեաները Եգիպտոսում, և որը առհասարակ հնադարի հեթանոսության էությունն էր։ Հին աշխարհում հեթանոս դիքերը` չաստվածները, ընդգծված զգայական բնույթ ունեին, այսինքն` առանց արտաքին ձևի չէին ընկալվում` քարից կերտված լինեին, փայտից, ոսկուց, թե այլ նյութերից, երկնային մարմնի ձև ունենային (Միջագետք), կենդանիների (Եգիպտոս), ձկների (Ասորեստան, Պաղեստին), ծառերի, բույսերի և այլնի, Հայաստանում պաշտվում էին արևը, կրակը, մինչև իսկ մոխիրը։ Կռապաշտություն է ճշմարիտ և անտեսանելի Աստծո փոխարեն մարմնավորների, անմարմինների, շնչավորների ու անշունչների պատկերները կերտելն ու Աստված կոչելը։
Հրեական հին ավանդության համաձայն` կռապաշտությունը մեղքի վախճանն է, որին մարդը գալու էր իր չարության ներքին մղումով, անկախ նրանից, որ Աստված Նոյին շնորհել էր 7 պատվիրաններ` կռապաշտության արգելմամբ։ Պողոս առաքյալը գրում է. «Մարմնի գործերը հայտնի են. այսինքն` շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ...» (Գաղ. 5.19,20)։
Այսօր հեթանոսությունն իր կոպիտ ու անմարդկային դրսևորումներով պատմության սեփականությունն է, սակայն երկրորդ պատվիրանն առաջվա պես արդիական է, քանզի կռապաշտությունն այլ` ավելի նուրբ դրսևորումներ էլ ունի։ Առհասարակ, շատ փիլիսոփաների կարծիքով, մարդկությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աստիճանաբար թևակոխում է նոր հեթանոսության փուլը, ուր կուռքերի դերում հանդես են գալիս` ա) ագահությունը, որը, ըստ Պողոս առաքյալի, նույն «կռապաշտությունն է» (Կողոս. 3.5)։
բ) Այդպես է նաև սեռական հեղափոխություն կոչվածը, որը, այսինքն` սեռական ազատությունը, կռապաշտության անքակտելի մասն էր իր ամենաայլանդակ դրսևորումներով հանդերձ։
գ) Որկրամոլությունը` ուտել-խմելը, զգայական կյանքին անձնատուր լինելն աստիճանաբար պարզ հակումից վերաճում է պաշտամունքի, իսկ «պաշտել» բայը նույնիսկ առօրյա իմաստով նշանակում է ծայրահեղորեն սիրել, պաշտամունքի առարկա դարձնել, երկրպագել։ Պողոս առաքյալը գրում է. «որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթը» (Փիլ. 3.18-19)։
Այսօր դերասաններին, մարզիկներին և ուրիշ հայտնի մարդկանց, սեփական անձի կուռք հորջորջելը սովորական երևույթ է մանավանդ երիտասարդների ու պատանիների աշխարհում։
Այսպես է նաև «երկրպագու» բառի պարագայում. իր բուն իմաստով այն նշանակում է երկիրը` հողը համբուրել ի նշան խոնարհության և հարգանքի, իսկ կրոնական առումով` Աստծուն ծնրադրությամբ և հողը համբուրելով մեծարել ու հարգանք մատուցել։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ